...

Սա բռնապետության հաստատման արարողության «գեղարվեստական մասն» էր

Սա բռնապետության հաստատման արարողության «գեղարվեստական մասն» էր

Այն, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագիրն Ազգային ժողովում որևէ մեկին չէր հետաքրքրում՝ հասկանալի է։ Միևնույն է՝ նրա հայտարարություններն ու իրականացրած քայլերը երբևէ իրար հետ կապ չեն ունեցել։ Եվ ընդհանրապես, եթե, օրինակ, մի քանի ընկերներ գնում են ձկնորսության ու իրենց հետ վերցնում են միայն մի արկղ օղի ու մի քանի թթու վարունգ, բացարձակապես նշանակություն չունի, թե ձուկ բռնելու ինչ ռազմավարություն են մշակել, ինչ ձկնատեսակներ են որոշել որսալ և այլն։ Դրա համար էլ լրատվամիջոցներն ու հասարակական-քաղաքական շրջանակները կենտրոնացել էին այն հարցի վրա, թե ով ում հայհոյեց, ում վերնաշապիկը քանի տեղից պատռվեց, ով ում վրա քանի շիշ ու աթոռ շպրտեց, ում կապտուկի տրամագիծը քանի սանտիմետր էր, և այսպես շարունակ։ Մի խոսքով՝ կրկեսի վերածելու հայրենիք, պարզվեց, լավ էլ ունեինք, իսկ կրկեսում բանականությունն ավելորդ է, կարևորն էմոցիաներն են (կարելի է հռհռալ ծաղրածուների վրա, ցավակցել, եթե ակրոբատներից մեկը թրմփա գետնին, խղճալ մի կտոր շաքարի համար ծամածռվող կենդանիներին, և այլն)։

Մինչդեռ ռինգի վերածված խորհրդարանում իրական բանավեճը շատ կարևոր հարցի շուրջ էր։ Ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ ժողովրդի տված քվեն իշխանությունների համար ցանկացած հանցագործության ինդուլգենցիա չէ, և անկախ ընտրությունների արդյունքներից՝ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, իսկ Նիկոլ Փաշինյանը, հակառակը, բաց տեքստով հայտարարում էր, որ ժողովուրդը (այսինքն՝ ինքը) ցանկացած դատավճիռ կայացնելու իրավունք ունի։

Ուշադրություն դարձրեք՝ իրավական պետությունները ավտորիտար ռեժիմներով պետություններից ու բռնապետություններից տարբերվում են հենց նրանով, որ մի դեպքում օրենքը պարտադիր է բոլորի համար, մյուս դեպքում պետության ղեկավարն ինքն է որոշում, թե որ դեպքերում կիրառել օրենքները, իսկ որ դեպքերում՝ չկիրառել, այսինքն՝ ինքն իրեն ու իր մերձավորներին համարում է օրենքից վեր։ Երկու օր շարունակ խորհրդարանում անուղղակիորեն հենց այս հարցն էր քննարկվում, և Նիկոլ Փաշինյանը, արդեն կարելի է ասել՝ պաշտոնապես, հայտարարեց, որ հիմք ընդունելով հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները՝ Հայաստանում հաստատում է դիկտատուրա, շատ էլ լավ է անում, չուզողների աչքն էլ հանում է, իսկ ով դեմ է՝ ինչքան ուզում է գլուխը պատով տա, միևնույն է՝ ստիպված պիտի լինի համակերպվել։

Հասկանո՞ւմ եք՝ խնդիրն այն չէ, որ մեկն ասում է «բանակից թռած լածիրակների ոհմակը հարձակվում է պատերազմի բովով անցած գեներալ-գնդապետի վրա», մյուսն էլ հակադարձում է, թե «բանակից թալանած փողերով Ազգային ժողով մտածները հարձակվում են լեգիտիմ իշխանությունների վրա»։ Խնդիրն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ պետության ղեկավարը հայտարարում է, թե Հայաստանում դատավճիռներ պիտի կայացնեն ոչ թե դատարանները, այլ «ժողովուրդը»։ Ու քանի որ դա արվում է գեղեցիկ փաթեթավորմամբ՝ երկարաժամկետ վտանգները ոչ բոլորն են տեսնում։ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, չի ասում, չէ՞, որ եթե դատարանը որոշի՝ ինքը պատրաստ է կրել ցանկացած պատիժ։ Ասում է «եթե ժողովուրդը որոշի՝ պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ»։ Իսկ դա նշանակում է, որ հենց ինքն էլ պիտի միանձնյա որոշի՝ իրեն գնդակահարելու «հանրային պահանջ» կա՞, թե՞ ոչ։

Իսկ մենք դեռ քննարկում ենք՝ շիշը լա՞վ կպավ «շիշ բռնողին», թե ոչ, կամ արժե՞ արդյոք հանգանակություն կազմակերպել Արծվիկ Մինասյանի նոր վերնաշապիկի համար։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ