...

Սահմանադրական կոստյումի պատմությունը

Սահմանադրական կոստյումի պատմությունը

Այսօր Սահմանադրության օրն է: Տոն է: Ով պատահի, շնորհավորում է: Բոլոր նրանք, ովքեր 25 տարի զբաղվել են այս նույն Սահմանադրության բռնաբարությամբ: Մարդիկ, որոնց համար այս Սահմանադրությունը միայն նրա համար է եղել, որ այն շրջանցեն: Իսկ որտեղ չեն կարողացել շրջանցել, այն կարուձևի են ենթարկել: Ամեն մեկն իր խելքի գյորա:

Սկզբից Քոչարյանն եկավ ու ասաց՝ ծը, Սահմանադրությունը լավ չի, պիտի փոխվի: Իսկապես, անհամ Սահմանադրություն էր, չէր թողնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մարդկանց երկրի ղեկավար լինել, պլյուս, ինչ-որ անհասկանալի լեզվով էր գրված, բան չէր ջոկվում: Հայրիկյանին էլ բերեց, ինչ-որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ դարձրեց, յանի, տեսեք, լուրջ ենք կպել գործին: Վերջը՝ փոփոխեցին Սահմանադրությունը:

Հետո Սերժ Սարգսյանն եկավ ու ասաց՝ ծը, Սահմանադրությունը լավ չի, չի թողնում, որ Ղարաբաղի հարցը լուծեմ: Պետք է փոխել, էն չաթոյին էլ ասենք, թող մի հատ տեքստ գրի. երկար ու անորոշ: Միակ հստակ կետը այն լինի, որ ես մնամ, ինչքան ուզենք, այնքան ժամկետ խփենք: Չաթոն էլ տեքստը գրեց, որից մինչև հիմա ամենաբարձրակարգ հնագետները գլուխ չեն հանում. այնպիսի հիերոգլիֆներով է գրված, որ ավելի հեշտ է վերծանել ացտեկների տեքստերը, քան սա: Վերջը վերացրին նախագահական համակարգը, տեղը բերեցին խորհրդարանական ինչ-որ մուտանտ բան: Համակարգ էլ չէր դա: 

Հետո եկավ Նիկոլ Փաշինյանը: Չէ, սկզբից դա չէր: Սկզբից, մինչև չաթոյի սահմանադրության հաստատումը, հայտարարեց, որ սա գրվել է զուտ Սերժ Սարգսյանի համար: Ասաց, որ այս սահմանադրությունը կարծես Սերժի կոստյումը լինի, չաթոն գալիս է, Սերժի չափսերը վերցնում է, գնում կարուձև է անում, հետո բերում՝ հագցնում Սերժին, Սերժը ստուգում է ու ասում. ստեղ ոնց որ մի քիչ սեղմում է, էս ծերը պետք է մի քիչ փոխել, չաթոն վերցնում, տանում է, նորից դզում, կարում է: Ու այդպես Սերժի համար կոստյում են կարում:

Այ հիմա կարող ենք ասել. հետո եկավ Նիկոլ Փաշինյանը: Եկավ, հագավ Սերժի կոստյումը, հայելու առաջ կանգնեց, նայեց, ու ասաց՝ բայց վատ կոստյում չի, լավ էլ սազում է ինձ: Իսկը իմ համար է, նույնիսկ ծոցագրպան ունի, կարելի է մեջը մուրճ ու իկոնաներ պահել: 

Սա է մեր Սահմանադրության կարճ ու համառոտ պատմությունը: Սահմանադրություն, որին որպես կոստյում են վերաբերվել. կարել են, կտրտել են, ավելացրել են, կարկատել են: Ու քանի որ հիմա աննախադեպ շոգ է, մարդ ես, մեկ էլ տեսար, կտրին, ժիլետ սարքեցին: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ