...

Շանգրի´լաո, մեռնիմ քըզի

Շանգրի´լաո, մեռնիմ քըզի

Երկիր աղետյաց

Այս շաբաթն ամփոփելու էինք մի քանի հուշարձանոտ և տարածաշրջանոտ իրադարձությունների անդրադարձով, բայց ստացվեց այնպես, որ ավարտում ենք Վանո Սիրադեղյանի խոսքով. «Գլխակեր բարքերով ապրող այս երկիրը չի կարող աղետի չգալ»:

Երկու թեմա, որոնք իրար հետ փոխկապակցված են, լրացրեցին մեր աղետների շարքը: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում, իհարկե, վրդովմունքի փոթորիկ առաջացրեց: Հարցերը շատ են. ինչո՞ւ վիրավորական արտահայտությունների համար մեղադրվող մարդուն կալանավորեցին, ինչո՞վ էր նա վտանգավոր՝ ազատության մեջ գտնվելով, արդյոք գիտեի՞ն նրա առողջական խնդիրների մասին և այլն: 

Սրանք մասամբ իրավական, մասամբ քաղաքական բնույթի հարցադրումներ են, որոնց տակից իշխանությունները պետք է փորձեն դուրս գալ: Բայց ահա Արմեն Գրիգորյանի մահվանը հետևած արձագանքները... կեղտի մեջ ենք, մի խոսքով: Դե, եթե իշխանական հեռուստաալիքի հաղորդավարը գրում է. «վրեն», ու դա հարյուրավոր լայքեր է հավաքում, հետո դրանից հետո մի հատ էլ նախահարձակ է լինում, մուննաթ գալիս նման գրառման համար քննադատողների վրա... այստեղ ի՞նչ ասես: Անբարոյականության ու գարշահոտության այս կեղտի մեջ թավալ ենք տալիս: 

Ընդդիմությունն էլ, իհարկե, պակասը չի... Արթուրի, Վազգենի, Արծրունի, Դեմիրճյանի, Պողոսի, Գոռի, Սմբատի գլուխ կերածներն են նաև գլուխ ուտելուց խոսում, երբ այս կեղտի մեջ հենց իրենք են Հայաստանն ու Արցախը գցել: 

Կեղտից կեղտ Հայաստան

Երկրորդ աղետը, դա, իհարկե, Ծառուկյանի կայֆն էր: Արդեն Հատիս լեռան տարածքը սկսել են մխտռել: Ահագին խոտհարքներ ավիրել են, փորել, ճանապարհ են գցում, դեպի իրենց կայֆի գագաթ: Բայց աղետը սա չէ. սա աղետի մունետիկն է: Աղետն այն է, որ սա աղետ չի համարվում: Արցախում տարածքային կորուստները աղետ են համարվում, առաջիկայում հնարավոր նոր տարածքների հանձնումը աղետ են համարվում, կորուսյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ավիրումն ու պղծումը աղետ են համարվում, հայ-թուրքական հարաբերությունները աղետ են համարվում, իսկ ահա ՀՀ պետության տարածքները ոչ թե Ադրբեջանին, այլ մի հատ թերհաս օլիգարխի հանձնելը նորմալ է համարվում, նրան հանձնած տարածքներն ավիրելը, այնտեղ բնության հերն անիծելն ու ճարտարապետական հին շինությունները պղծելը նորմալ են համարվում: 

Բըլթը պրծավ

Հիշում եք, չէ՞, իրենց մտավորական համարող ինչ-որ դեմքեր էին հայտնվել, որոնք վերջին ամիսներին բաց նամակներ, հայտարարություններ էին տարածում՝ Արցախի և Հայաստանի մասին ճոռոմ մտքերով: Դրանցից քանի՞սն է մտահոգություն հայտնել թերհասի անընդունելի կայֆերի մասին: Քանի՞սն է ասել, որ Հատիսը հայ ժողովրդի եսիմքանիհազարամյա բնօրրանն է, հայ ազգի դարբնոցը, մեր պապերի երազած տարածքը, և այլն: Ինչի՞ ընդդիմությունն այսօր Հատիսի լանջերին վրաններ չի խփում և անժամկետ նստացույց չի անում՝ արգելափակելով էքսկավատորների աշխատանքը: Թե՞ դրսից ազդակներ չեն եկել: Թե՞ դրա մեջ հայրենասիրության ցուցադրությունը հազիվ 3-4 բալ է ձգում: 

Աղետը սա է: Երբ Ադրբեջանը մի հատ թունել դեպի Շուշի է կառուցում, մի հատ թունել էլ՝ դեպի Քելբաջար, որ այդ տարածքներն ավելի ամուր սոսնձի իրեն, իսկ այստեղ ճանապարհներ են կառուցում դեպի անբարոյականություն, որ դրան ավելի սոսնձվեն: Նայեք, քանի հոգի՝ ինժեներներ, ճարտարապետներ, ինչ-որ մասնագետներ, Ծառուկյանի «ծիծիկներին են կպել», մշմշալով փող են ուտում: Աղետը սա է, որ երկու կոպեկի համար նրանք պատրաստ են հայրենիքը ավիրել: Իշխանությունը պահելու խնդիր ունեցող իշխանությունն էլ ստիպված աչք է փակում դրա վրա: Ոչինչ, թող հայրենիքը ավիրեն, մենակ թե յան տան մեզանից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ