...

«Շեֆի» օրինակին հետևելով՝ ով ինչ կարողանում, ավերում է

«Շեֆի» օրինակին հետևելով՝ ով ինչ կարողանում, ավերում է

Այնպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը մի նոր աղետ է բերում մեր պետության ու հասարակության գլխին։ Մասշտաբներն ու ոլորտներն, իհարկե, տարբեր են, բայց իշխանությունների հետևողականությունն ուղղակի ապշեցուցիչ է։ Մի օր հայտարարում են, թե պատրաստվում են առանց որևէ փոխադարձության տարածքներ վերադարձնել Ադրբեջանին, մի օր որոշում են բոլոր բուհերը դուրս բերել Երևանից ու դրանց շենքերը հանձնել «կենտրոնացված կառավարման», մի օր սկսում են փրթել Երևանի ծառերն ու դրանց տեղը ինչ-որ անհասկանալի «մոդայիկ բաներ» տնկել․․․ Շվարած ժողովուրդն էլ չի հասցնում կողմնորոշվել, թե ֆեյսբուք մտնելուն պես առաջին հերթին ո՞ր աղետի դեմ վճռական ստատուս գրի։

Կարելի է, իհարկե, ենթադրել, որ իշխանությունների այս քայլերը հստակ տրամաբանություն ունեն, այն է՝ սրանք պարզապես թշնամու գործակալներ են և ձգտում են բոլոր ոլորտներում առավելագույն վնաս հասցնել Հայաստանին։ Բայց համաձայնվեք՝ դժվար է հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի ողջ իշխանությունը՝ կառավարությունով, նախարարներով ու փոխնախարարներով, Երևանի քաղաքապետարանով, պատգամավորներով, մարզպետներով և այլն, այսինքն՝ առնվազն մի քանի հարյուր հոգով, հավաքագրված գործակալներ են։ Մինչդեռ չինովնիկական այս կոնգլոմերատը լավ էլ միասնաբար է քանդում հնարավոր ամեն ինչ, ու սա թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ՝ այստեղ այլ տրամաբանություն է գործում։

Ըստ երևույթին իրականում ի դեմս «կառավարման համակարգի վերնախավի» գործ ունենք մի քանի հարյուր կամ մի քանի հազար պատեհապաշտ չինովնիկների հետ, որոնք հանուն փողի և բարեկեցության պատրաստ են ավերել ու պղծել ամեն ինչ։ Բայց քանի որ կերակրատաշտի մոտ մնալու գինն ու գլխավոր պայմանը «շեֆին» դուր գալն է՝ նրանք կենդանական ինչ-որ բնազդով կամ «քաղաքական հոտառությամբ» զգում են, թե հատկապես ինչը դուր կգա Նիկոլ Փաշինյանին, ու հենց այդ տրամաբանությամբ էլ գործում են։ Պարզ ասած՝ ամեն մեկն իր ոլորտում վարվում է ճիշտ այն սկզբունքներով, որոնցով Նիկոլը վարվում է ողջ Հայաստանի հետ։

Իսկ այդ սկզբունքները կամ «չափորոշիչները» շատ հստակ են։ Նիկոլին դուր գալու համար որևէ պաշտոնյայի գործունեությունը պիտի բավարարի հետևյալ պահանջներին․

  1. Հիմնովին մերժի անցյալը,
  2. Ոչնչացնի այն ամենը, ինչը ստեղծվել է Նիկոլից առաջ,
  3. Գոնե թղթի վրա «ամեն ինչ սկսվի զրոյական կետից»,
  4. Ենթադրի չվերահսկվող ծախսեր, այսինքն՝ «մեջը փող լինի»։

Ընդ որում՝ պարտադիր չէ, որ նախաձեռնությունն անմիջապես Նիկոլից գա, տարբեր տրամաչափի չինովնիկներն իրե՛նք կարող են այդ «չափորոշիչներին» համապատասխանող ծրագրեր առաջարկել։ Օրինակ՝ «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը։ Երևանում գտնվող բուհերն այսպես թե այնպես անցյալ են, հետևաբար՝ մերժելի և ավերման ենթակա, մինչդեռ «Ակադեմիական քաղաքը» զրոյից է սկսվելու, մեջն էլ ահագին փող կա։

Կամ՝ Երևանի ծառերը։ Դրանք Նիկոլի օրոք չեն տնկվել, հետևաբար՝ հատման ենթակա են, կաղնիներն ու սոսիներն «ավանդական են», հետևաբար՝ մերժելի, ու դրանց փոխարեն պետք է սակուրաներ ու հուդայածառեր տնկել, մեջն էլ հաստատ ահագին «քյար» կա։ Բա իհարկե, եթե «շեֆը» Հայաստանի անվտանգային համակարգը հիմնովին քանդեց ու փոխարենը ոչինչ չստեղծեց, կործանեց Արցախը, ծվեն-ծվեն արեց սեփական երկրի սահմանները, ու այդ ամենը՝ «սեփական կետից Նոր Հայաստան կերտելու» ցնդաբանական ծրագրով, ինչո՞ւ որևէ նախարար կամ քաղաքապետ չի կարող նույնն անել իր պատասխանատվության գոտում։ «Շեֆին» հաստատ դուր կգա, համ էլ՝ եթե «շեֆի» բերած մեծ աղետը դիմադրության չի հանդիպել, ինչո՞ւ պիտի իրենց պուճուր ավերածությունները դիմադրության հանդիպեն։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Մարտի 27-ն Ավագ Չորեքշաբթի է, Հուդայի մատնության և դրա դիմաց 30 արծաթ ստանալու օրը, այնպես որ՝ սահմաններին ուշադիր եղեք։

 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ