ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը դիմորդների մեծամասնությանն արդեն լսել է, ծանոթացել նրանց գործերին։
«1721 տարի ինչ-որ մարդկանց մտքով անցել է, բայց այս ծանրության տակ չեն մտել, ու այսօր, Աստծո կամոք, պետք է վերականգնենք հույսը, հավատը, վստահությունը, միասնությունը։ Հավատքն ամենամեծ զենքն է աշխարհում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
«ՉԻ». Այո, այո: 1721 տարի շարունակ հայ ժողովրդի արգանդը չէր ծնել խելոք մեկին, ում մտքով կանցներ Քրիստոսի արձան տեղադրել: Վախենում էին ծանրության տակ մտնել: Գուցե այն պատճառով, որ այն ժամանակ ծանրամարտը, բազկամարտը և ուժային այլ մարզաձևեր դեռ այդքան մասսայականություն չէին վայելում, մարդիկ խուսափում էին ծանրության տակ մտնելուց:
Իմիջիայլոց, 301 թվականին քրիստոնեություն ընդունելուց հետո մենք պարբերաբար պարտվում էինք հակառակորդներին: Պարսիկներն էին մեզ հաղթում, արաբները, մոնղոլ-թաթարները, թուրքերը ու այդպես մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը: Իսկ ինչո՞ւ. բա որովհետև թշնամին մեզ վրա հարձակվում էր, իսկ մենք մի հատ խելքը գլխին արձան չունեինք, որ դիմադրենք:
Դե, իսկ եթե արձան չունեինք, ուրեմն՝ հավատք էլ չունեինք: Իսկ եթե հավատք չունեինք, ուրեմն՝ ամենահզոր զենքից զրկված էինք: Էլ ո՞նց հաղթեինք: Թշնամին նետ ու նիզակ էր մեզ վրա տեղում, իսկ մեր ունեցածը շատ-շատ 2-րդ կամ 3-րդ սերնդի հավատք էր:
Ոչինչ, բան չմնաց. հեսա արձանը դնենք ու տեսեք՝ ինչ ենք անելու: