...

Սպասենք ընդդիմության «համերգին»

Սպասենք ընդդիմության «համերգին»

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սյունիքի միջանցքը հանձնած ու արձակուրդ ծլկած Նիկոլ Փաշինյանը ցորենի արտի խրտվիլակի կերպարանքով վերադարձավ արձակուրդից, ու նրա արտաբերած առաջին հրապարակային խոսքն այն մասին էր, որ ինչ միջանցք հանձնել, ինչ մտահոգություններ, ինչ բան, Հայաստանում, ահա, տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են համերգների, և դա «կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում»։

Իրականում սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատության կամ հոգեկան խնդիրների առկայության ապացույց էր, այլ լավ մտածված քարոզչական սադրանք, որի նպատակը հասարակության ներսում հերթական բաժանարար գծերի ստեղծումն ու չեղած տեղից իր համար համակիրների նոր խմբերի ձեռքբերումն էր։ Ու սա առաջին անգամը չէ։ Հիշո՞ւմ եք, «նախկիններ-ներկաներ» ու «սևեր-սպիտակներ» բաժանումներից հետո զարգացրեցին «հայաստանաբնակներ-խոպանչիներ» թեման (որ ահա հայաստանաբնակների հարկերով ճանապարհներ են սարքվում, իսկ խոպանչիների ընտանիքները դրսից ստացած փողերից հարկեր չեն տալիս, բայց մաշեցնում են ասֆալտը), հետո՝ «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումը (որ ահա հայաստանցիները ճկռալով հարկեր են վճարում, իսկ ղարաբաղցիները չեն աշխատում ու ամսեկան 40+10 հազար դրամ են ստանում), և այլն։ Այդ քարոզչության նպատակը հասկանալի էր՝ դրա արդյունքում ժողովուրդը պիտի համակրանքով լցվեր իր շահերը «թալանչի նախկիններից», «ձրիակեր ղարաբաղցիներից» ու «հարկեր չվճարող խոպանչիներից» պաշտպանող Նիկոլի նկատմամբ։ Հիմա էլ, նույն տրամաբանությամբ, Նիկոլն ուզում է թշնամացնել Արցախի կորուստն ու Հայաստանի շարունակական նվաստացումները սրտին մոտ ընդունողներին և տարբեր համերգներում իբր անհոգ «տժժացողներին»։

Ըստ այս բավականին պարզունակ քարոզչական հնարքի՝ ընդդիմությունը պիտի կուլ տա խայծը, տարբեր հարթակներում լուսանկարներ տարածի, ասենք, որևէ պայմանական Ջենիֆեր Դումիկյանի ահավոր մարդաշատ ու «ցնծագին» համերգներից ու կշտամբի՝ «էս չե՞ք, արա՛, Ղարաբաղը կորցրեցինք՝ 3 հազար մարդ դուրս չեկավ փողոց, Նիկոլը միջանցքը տվեց՝ ոչ մեկի վեջը չէր, բայց 30-40 հազար մարդ համերգներում «տժժում» է»։ Արդյունքում՝ այդ 30-40 հազարը պիտի հայհոյի ընդդիմությանը, որ իր՝ մի քանի ժամով ամենօրյա հոգսերից կտրվելու իրավունքի վրա «վայիս է լինում», ու հակվի Նիկոլի կողմը։

Մինչդեռ որևէ համերգի կամ Վարդավառի տոնախմբություններին մասնակցել-չմասնակցելու հարցն ընդհանրապես կապ չունի քաղաքական համակրանքների կամ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն» ընդունել-չընդունելու հետ։ Մասնակցել են՝ շատ էլ լավ են արել, ու հաստատ՝ այդ մասնակցողների մեջ Նիկոլից զզվողների տոկոսն ավելի քիչ չէ, քան չմասնակցածների մեջ։ Ավելին՝ եթե վաղը որևէ ընդդիմադիր ուժ հանրահավաք անի և այնպիսի ծրագիր ներկայացնի, որտեղ ապագայի հանդեպ իրական լավատեսությունն ավելի ուժեղ էմոցիաներ կառաջացնի, քան, ասենք, մի քանի ժամով դառը իրականությունից կտրվելը, այդ նույն 30-40 հազար մարդիկ, եռապատկված-քառապատկված, կմասնակցեն նաև այդ հանրահավաքին ու շարժմանը։ 1988-ին հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը 100-120 հազար մարդու առջև ելույթ էր ունենում, ու ճանճի տզզոց չէր լսվում, հիմա որպես ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ընդդիմության անբացատրելի պասիվությունից, ձևացնում, թե մի քանի տասնյակ հազար մարդիկ ոչ թե, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի բարեմասնություններով էին զմայլված, այլ իր «Իրական Հայաստանի կոնցեպտով» (դրանք, համաձայնվեք, ամեն դեպքում՝ տարբեր բաներ են)։   

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում է տեսնել, թե ժողովուրդն ինչպես է ցնծում՝ թող հայտարարի, որ «Հրազդան» մարզադաշտում կարդալու է իր հրաժարականի տեքստը։ Այ դա կլինի իսկապես ինքնաբուխ տոնախմբություն։

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   173 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ