...

Սպասում են մեռնենք գնանք, մեր «պրոբլեմն» էլ մեզ հետ վերջանա. օդաչուներ

Սպասում են մեռնենք գնանք, մեր «պրոբլեմն» էլ մեզ հետ վերջանա. օդաչուներ

Մինչ Գործադիրն այսօրվա նիստում արդեն որերորդ անգամ հանրությանն էր ներկայացնում կենսաթոշակները 3000 դրամով ավելացնելու հարցը, հաշմանդամություն ունեցող թոշակառու օդաչուները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հաշմանդամ դարձած այս մարդիկ պետության կողմից որևէ փոխհատուցում չեն ստացել, բազմիցս բողոքել են, բայց ոչ մի պատասխան։ Նախկին 147 օդաչուներից ընդամենը 38-ն են այսօր ողջ: Իսկ Կառավարության շենքի մոտ գալ կարողացել էին ընդամենը 6-ը։ Օդաչուները ցավով են խոսում պետության՝ իրենց հանդեպ անտարբերության մասին, այն մասին, որ Կառավարության անդամների համար սովորական է դարձել անտարբերությամբ իրենց կողքով անցնելը։ Նրանցից որևէ մեկը չի նկատում իրենց հետզհետե նոսրացող շարքերը:

«Նիկոլ Փաշինյանն էլ իր հարկաբաժնից է նույն անտարբերությամբ նայում մեզ, երևի մտածում է՝ կամաց-կամաց կմեռնենք-կգնանք, ու մեր պրոբլեմն էլ մեզ հետ կվերանա»,- ասում են օդաչուները: 

ԻԼ-86 ինքնաթիռի նախկին հրամանատար Գագիկ Միրզոյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց. «Պատկերացրեք՝ մեր խմբից ամենաջահելը 74 տարեկան է, մնացածը 80-ից բարձր տարիք ունեն: Բոլորը վաստակած օդաչուներ կամ ավիատեխնիկներ են, ովքեր հաշմանդամ են դարձել պետական առաջադրանք կատարելու ժամանակ, և պետությունը պարտավոր է տեր կանգնել նրանց, փոխհատուցում տրամադրել։ Սակայն մենք արդեն 18 տարի է, ինչ զրկված ենք դրանից»։ 

Օդաչուների խոսքով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը իրենց հարցով դիմել է Սահմանադրական դատարան, որը, պահանջը օրինական համարելով, որոշել է, որ պետությունը պետք է փոխհատուցում տա, սակայն Կառավարությունն անտեսում է այդ փաստը: Դիմում-բողոքներ են ներկայացվել նաև Արդարադատության և Սոցապ նախարարներին: Տեսնելով, որ իրենց հարցը ոչ մի կերպ չի լուծվում, մի քանի օդաչուներ դիմել են նաև առաջին ատյանի դատարան, սակայն փետրվար ամսից ոչ մի դատավոր նրանց գործը չի քննում: «Իշխանություններն ամեն ինչ անում են, որ դատ չկայանա, փետրվարից դիմել ենք դատարան, բայց ոչ գործը քննող դատավոր են նշանակել, ոչ էլ դատի օր հստակեցրել: Արդեն 6 ամսից ավել ժամանակ է: Դատավորը փաստացի մեզանից հրաժարվել է: ԲԴԽ նախագահին դիմելուց հետո մեր հարցը մտցրեցին փակուղի: Նշենք, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Սոցապնախարարությունը տարբեր պրովոկացիոն նամակներ է ուղարկում տարբեր ատյաններ, ինչպես նաև մեզ՝ պնդելով, թե մեր պահանջն անհիմն է: Ի դեպ, պետք է ասենք, որ Արդարադատության նախարարությունը բավական դրական է վերաբերվում մեր հարցին, Սոցապ նախարարությանն է ներկայացրել մեր հարցի լուծման երեք տարբերակ, չնայած երեքն էլ մերժվել է: Հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով: Ո՞վ է սոցապ նախարարությանը իրավունք տվել առանց հիմնավորման մերժել աշխատանքային ծանր ճանապարհ անցած, բազմաթիվ պարգևներ ունեցող, հայրենիքի համար կյանքը վտանգած և այսօր այդ հայրենիքի օգնության կարիքն ունեցող մարդկանց».- տարակուսում են օդաչուները, որոնց կռացած ուսերին ու կնճռոտ դեմքերին ծանր է նայելը ոչ միայն այն պատճառով, որ իրենց հարցին լուծում տալու հուսահատ ճիգ էր լրագրող հետ խոսելը, այլև այն պատճառով, որ նրանք 100 տոկոսով ճիշտ էին իրենց հարցադրումների մեջ։

Իսկ Կառավարությունը  շարունակում է  առաջնորդվել ամեն ինչ անտարբերության մատնելու տրամաբանությամբ ու որդեգրած սկզբունքով՝ գլխից էլ կպրծնեն, գլխացավից էլ…

Մելանյա Ծառուկյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   16743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ