...

Տակտիկան պետք է փոխենք

Տակտիկան պետք է փոխենք

Ճիշտ է, մենք մի թեթև անդրադարձել էինք այն թեմային, թե ինչպես են ընդդիմադիրները հարձակվել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի վրա՝ վերջինիս գրառման համար, բայց բուն գրառման մասին չէինք խոսել: Իզուր: Հետաքրքիր բան էր գրել:

Գրել էր, մի քիչ երկար է, բայց արժե. «Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը:

Մեկ էլ հանկարծ մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և «փորձագիտական» շրջանակներ սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտ օրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն, անգամ մարդ կար պնդում էր, որ վարչապետի ծննդյան օրը Աղավնոյում կծածանվի Ադրբեջանի դրոշը։ 

Ադրբեջանը, բնականաբար լավագույնս օգտագործելով այս մարդկանց ներուժն ու հմտությունները, իր նարատիվները ներարկեց հայաստանյան մեդիատիրույթ, լսեց հայկական կողմի բոլոր փաստարկները և անցավ գործի` սկզբից նոր ագրեսիա իրականացնելով Լեռնային Ղարաբաղում, հետո իբր վրեժ լուծելով իր ագրեսոր զոհված զինվորի համար, այնուհետև արդեն եկավ հասավ իր հավատարիմ «հայ» գործընկերների թեզերը իրականացնելուն, այն է` Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարության ժամկետի կոպտագույն խախտմամբ փակելուն և սկսեց եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, ինչպես մայիս ամսին պնդում էին հայաստանյան «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։ Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում»:

Կարող է: Կարող է իսկապես Ադրբեջանը՝ տեսնելով, թե ինչ են գրում ու անում ընդդիմադիր գործիչներն ու մեդիատիրույթը, նրանց ասածները կյանքի է կոչում:

Դե, ո՞նց է լինում: Առավոտը Ալիևին ներկայացնում են հայկական մամուլի ու սոցցանցի տեսությունը, ինչ են ասում, ինչից են խոսում: Մի առավոտ էլ ասել են. պրն Ալիև, նայեք, էս ընդդիմադիրներն ասել են՝ Բերձորը օրերս հանձնելու են: Իլհամն էլ ասել է. դե, որ ասել են, գնացեք, վերցրեք: 

Ուրեմն, պետք է տակտիկան փոխել: Պետք է գրել, որ մոտ օրերս կամ մինչև սեպտեմբերին ընդդիմության ազգափրկիչ նոր սեզոնի բացումը, Ալիևը վերադարձնելու է Հադրութը: Էդ թեմայով պետք է շուխուր գցել, մի քանի լուրջ, հարյուր տոկոսանոց ինֆո սլիվ անել, թույն վերնագրեր դնել, օրինակ՝ «Ալիևի վերջը կգա, Իրանը վերջին անգամ է զգուշացնում», կամ՝ «Ադրբեջանը վերանալու եզրին է, եթե Հադրութը չտա», էս նարրատիվները զեկուցեն Ալիևին, նա էլ խառնված, աչքի տակ ունենալով Ադրբեջանի շախմատի հավաքականի պարտությունը մեր տղերքից՝ Հադրութը ժամկետից շուտ մեզ վերադարձնի: 

Թող Էդմոն Մարուքյանը մեզ ասի՝ ինչ գրենք, երբ, ոնց, մեռնենք, թե չգրենք, կարևորը, որ դա հակառակորդի ճամբարում խուճապ տարածի ու մեր գրածները հասնեն նպատակին: Թե չէ, էս Ալիևը շատ միամիտ է, ընդդիմությունն ինչ ասում է, տենց էլ անում է: Ավելի լավ չի՞՝ մեր ասածներն անի: Ուրեմն, ի զեն... այսինքն՝ ի գրիչ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ