...

Տարածաշրջանի ամենասպանված աղավնին

Տարածաշրջանի ամենասպանված աղավնին

Նիկոլ Փաշինյանը վերջապես «ձեռի հետ, ոտի վրա» անդրադարձավ վերջին օրերին Արցախում ընթացող ռազմական գործողություններին։ Ընդ որում, անդրադարձն ավելի շատ խաբված ու պատվազրկված օրիորդի նվնվոց ու մուննաթ էր հիշեցնում՝ «բայց չէ՞ որ դուք ասում էիք, որ սիրում եք ինձ և կամուսնանաք ինձ հետ», «ախ, ես՝ հիմարըս, հավատացի ձեր բարեկրթությանը», «ես ամիսներ շարունակ կատարում էի ձեր բոլոր քմահաճույքները ու հիմա էլ եմ պատրաստ շարունակել՝ թեկուզ ամեն օր, բայց ձեր պահանջներն օրեցօր լկտիանում են», «եթե չամուսնանաք՝ կդիմեմ դատարան», և այլն։

Ի վերջո ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ասելիքը։ Առաջին՝ մուննաթ Ադրբեջանի վրա, որ չի հարգում իր իսկ ստորագրած թուղթը, և երկրորդ՝ մուննաթ Ռուսաստանի վրա, որ լավ չի կատարում արցախահայության անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները։ Եվ իհարկե՝ սպառնալիքներ, որ կդիմի միջազգային ատյաններին, նրանք էլ Ադրբեջանին կստիպեն հարգել իր իսկ ստորագրած թուղթը։ Իսկ Ռուսաստանի դեպքում սպառնալիքն ավելի քողարկված է՝ «եթե չեք կարողանում կարգին խաղաղություն ապահովել, մենք այդ հարցը կբարձրացնենք ու այլ լուծումներ կգտնենք»։ Ու բնականաբար՝ մինչև վերջ տրվելու խոստումներ․ «հենց այսօր էլ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և կապվել Նախիջևանի հետ», «Ղարաբաղում ՀՀ ոչ մի զինվորական չկա», և այդպես շարունակ (Լաչինի միջանցքի մասին ավելի վաղ էր պաշտոնապես հայտարարել, որ նոր ճանապարհը գործարկելուն պես այդ միջանցքի բոլոր բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին)։ 

Փաստորեն այս օրերին տեղի ունեցողը Արցախի «ընդունման-հանձնման» ակտ է, պարզապես Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքն Արցախը ոչ թե Ադրբեջանին է հանձնում, այլ Ռուսաստանին, ու հետագայում էլ շարունակելու է հետևել իրադարձություններին, և եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չեղավ (ասենք՝ ադրբեջանցիներն «անսպասելիորեն» որոշեցին բնաջնջել արցախահայությանը), ինքը միջազգային ատյաններում աղմուկ է բարձրացնելու։ Ադրբեջանն էլ պնդում է, որ Արցախը ոչ թե Ռուսաստանին է հանձնվել, այլ իրեն, իսկ ռուսների դերն ընդամենը այն է, որ «ընդունման-հանձնման ակտը» շատ ցավոտ չլինի։ Պարզ ասած՝ եթե ծնողը հրաժարվում է երեխայից ու նրան հանձնում մանկատուն, ու եթե ինչ-որ մեկը որդեգրում է այդ երեխային, դրանից հետո արդեն մանկատան տնօրինության ու որդեգրողի իրավասության տիրույթում է՝ երեխան նորմալ կմեծանա՞, թե՞, ասենք, օրգանները կվաճառեն, իսկ երեխայի «կենսաբանական ծնողին» ցանկացած մեկը կարող է ասել «դու ձենըդ կտրի տեղդ վեր ընկի, քո ի՞նչ գործն է, դու նրանից արդեն հրաժարվել ես»։ Դրա համար էլ, ի դեպ, վերջին օրերի այս ծայրաստիճան լարվածությունը թուլացնելու հարցով բանակցում են ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները, իսկ Հայաստանի մասին խոսք չկա, ԼՂՀ իշխանությունների մասին՝ առավել ևս։

Իսկ այս ամենի նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին լավագույնս պատկերացում է տալիս հետևյալ դրվագը․ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմի պահանջները հնարավորինս արագ կատարելու նպատակով Արցախում ծառայող հայաստանցի ժամկետայիններին հաշված ժամերի ընթացքում «ափալ-թափալ» իջեցրել են դիրքերից, ուղարկել Երևան և ժամկետից շուտ զորացրել, նրանց ծնողների հիմնական մտահոգությունն էլ այն է եղել, որ ախր իրենք ռեստորաններում ավելի ուշ էին դահլիճ «բրոնյա արել» ու «բեհ» (կանխավճար) տվել, բա հիմա ո՞նց պիտի լինի․․․ 

Հեչ, ո՞նց պիտի լինի, ժողովրդի սրտի վարչապետը «բեհի» մի մասը կփոխհատուցի։ Փոխհատուցման չափն էլ Արսեն Թորոսյանը կասի, չէ՞ որ ամենալավը նա գիտի խաղաղության գինը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ