...

«Թաթարստանի» և թուրքական «արտաբլոկային անկլավի» միջև

«Թաթարստանի» և թուրքական «արտաբլոկային անկլավի» միջև

Ինչո՞ւ է 26 տարի անց էլ շարունակում ակտուալ մնալ 1997-ի աշնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների և ամիսներ անց դրանց հաջորդած պետական հեղաշրջման խորքային վերլուծության անհրաժեշտությունը։ Պատճառը միայն այն չէ, որ Հայաստանի և Արցախի այսօրվա աղետալի վիճակի արմատները հենց այդ փուլում մեր կայացրած սխալ որոշման մեջ են։ Շատ ավելի կարևոր է այն, որ Հայաստանն ու Արցախն այսօր փաստացի նույնպիսի ճամփաբաժանի առջև են կանգնած ու պիտի որոշում կայացնեն, ընդ որում՝ եթե 1997-ի աշնանը կայացված սխալ որոշման աղետալի հետևանքների հետ առերեսվեցինք 23 տարի անց, հիմա մենք, ամենայն հավանականությամբ, անգամ 23 ամիս ու նույնիսկ 23 շաբաթ չունենք։ 

1997-ի աշնանը Հայաստանն ու Արցախն իսկապես ճակատագրական ընտրություն պիտի կատարեին, բայց հասարակությունը, մեծ հաշվով, բացարձակապես անտարբեր էր։ Ինչո՞ւ։ Որովհետև հասարակությանը պարզապես մոլորության մեջ էին գցել։ Իրական ընտրությունը երկու տարբերակների միջև էր՝ կամ վերադարձնում ենք տարածքները և փոխարենը ստանում փաստացի անկախ Արցախ՝ Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապով, անվտանգության միջազգային երաշխիքներով և զարգացման մեծ հեռանկարներով, կամ ոչինչ չենք զիջում, առճակատման մեջ ենք մտնում փաստացի ամբողջ աշխարհի հետ ու «ևս 100 տարի զարգանում ենք շրջափակման պայմաններում»՝ այն հույսով, որ հակամարտությունն ինքն իրեն կկարգավորվի։ Եթե հասարակությանը հենց այս իրական տարբերակներն էլ ներկայացվեին՝ հասարակությունը, վստահաբար, կընտրեր առաջին տարբերակը։ Բայց հարցը ներկայացվում էր այնպես, թե իբր ընտրությունն ինչ-որ բան զիջելու և ոչինչ չզիջելու միջև է, այսինքն՝ ինչ-որ բան անելու և ոչինչ չանելու միջև, ընդ որում՝ ոչինչ չանելն ավելի անվտանգ է, քան ինչ-որ բան անելը։ Հասարակությունն էլ, բնականաբար, գերադասեց ոչինչ չանելու տարբերակը կամ առնվազն չպնդեց, որ ճիշտն ինչ-որ բան անելն է։

Հիմա ճիշտ նույն վիճակն է։ Հայաստանն ու Արցախը դարձյալ ճակատագրական ընտրության շեմին են, հասարակությունն էլ, ինչպես 26 տարի առաջ, մոլորության մեջ է և չգիտի, թե ինչ իրական տարբերակների միջև է ընտրությունը։ Այստեղից էլ, ի դեպ, համարյա նույն անտարբերությունը, որը տիրում էր 1997-ին։ 

Իսկ որո՞նք են այն տարբերակները, որոնց միջև իբր պիտի կողմնորոշվի հասարակությունը։ Եթե իշխանությունների ու ընդդիմության դիրքորոշումները մաքրենք քարոզչական ավելորդ լոլոներից, տարբերակները երկուսն են։ 1․ Հայաստանը դառնում է պայմանական «Թաթարստան»՝ 33 հազար քկմ տարածքով, որը երկու տարի անց կամ կմնա 33 հազար, կամ կդառնա 29,8 հազար (դա կախված է Մոսկվայի ցանկությունից կամ հնարավորություններից, բայց ամեն դեպքում՝ երկու տարին երաշխավորված է)։ 2․ Հայաստանը մեկառմիշտ հրաժարվում է Արցախից ու փորձում դառնալ հարևանների հետ հաշտ ապրող 29,8 հազար քկմ տարածքով փոքրիկ արտաբլոկային երկիր։ 

Թվում է՝ ամեն ինչ պարզ է, բայց պրոբլեմն այն է, որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, ամեն մեկն իր տարբերակը «գովազդելով», մոլորության մեջ է գցում հասարակությանը։ Որովհետև երկու տարբերակներն էլ ստորջրյա խութեր ունեն և իրականում մեզ բոլորովին այլ տեղ են տանելու։ 1․ Մեր «Թաթարստանը» 33 հազար քկմ տարածք չի ունենալու, փաստացի՝ նույնիսկ 29,8 հազար չի ունենալու։ Ռուսաստանն ամենաշատը երկու տարվա ընթացքում իր ուզածը ստանալու է Բաքվից և Արցախը սկուտեղի վրա հանձնելու է Ադրբեջանին (ինչպես միշտ է արել), հետո ապահովելու է մի քանի հարյուր հազար «ադրբեջանցի փախստականների» անվտանգությունը ՀՀ տարածքում, և արդյունքում ունենալու ենք թղթի վրա 29,8 հազար քկմ տարածքով, բայց փաստացի՝ առավելագույնը մի 20 հազար քկմ-անոց «Թաթարստան»։ 2․ Հայաստանը միայն Արցախից հրաժարվելով չի կարողանալու դառնալ հարևանների հետ հաշտ ապրող փոքրիկ արտաբլոկային երկիր։ Փոխարենը՝ մեծ հավանականությամբ, ստանալու ենք նոր պատերազմ, տարածքային կորուստներ և արդյունքում, եթե բախտներս բերի, ունենալու ենք մի 15-20 հազար քկմ տարածքով, ավերված արտաբլոկային երկիր՝ «փաստաթղթերով անկախ», իսկ գործնականում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական կցորդ։ 

Թե որ տարբերակը կընտրի հասարակությունը՝ այլ հարց է, բայց որպեսզի այդ ընտրությունը գիտակցված լինի՝ առաջին հերթին պետք է հստակ ներկայացնել, թե ինչի և ինչի՛ միջև է ընտրությունը։ Առանց ավելորդ լոլոների։ Որովհետև «փրկության» ցանկացած ծրագիր այսպես թե այնպես այս երկու տարբերակներից մեկի ընդհանուր տրամաբանության մեջ է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ