...

Թեժ պայքար «ճիշտ պապա» ընտրողների լիգայի ներսում

Թեժ պայքար «ճիշտ պապա» ընտրողների լիգայի ներսում

Զավեշտ է, իհարկե, որ ԱՄՆ Կոնգրեսի ազդեցիկ պատվիրակության հետ խոսում է Էդուարդ Աղաջանյանը, նույն ինքը՝ «դի-ջեյ Էդոն»։ Նույնքան զավեշտալի է, երբ վերջինս հայտարարում է, թե «մեր ինքնիշխան տարածքի որևէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես» (երևի խոսքն այն ժողովրդավարության մասին է, որտեղ ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների թիմակիցներին տեղում ձերբակալում են, վարչապետի նախկին ենթական ու կուսակցական ընկերը դառնում է ԿԸՀ նախագահ, և այլն)։ Բայց պակաս զավեշտալի չէ, երբ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ նույն հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության պատգամավորը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման հարց է բարձրացնում, այսինքն՝ ակնկալում է, որ ԱՄՆ-ը կաշխատի այդ ուղղությամբ։ Հարց է ծագում՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների և «տիտղոսակիր ընդդիմության» այս սինխրոն անմեղսունակությունը։

Սա հասկանալու համար նախ պետք է արձանագրել, որ Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունները, որքան էլ դրանց թիվը մեծ լինի, իրականում բաժանվում են ընդամենը 3 խմբի։ 

Առաջին խմբում բազմաթիվ մանր-մունր կուսակցություններն են, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալական ցանցեր են հիշեցնում։ Դրանք, որպես կանոն, առանձնապես կապ չունեն Հայաստանի շահերի հետ, տարբեր մեխանիզմներով ֆինանսավորվում են տարբեր գերտերություններից և իրականացնում են առավելապես քարոզչական ակցիաներ։ Ասենք՝ բողոքի ցույցեր կամ շնորհակալական ակցիաներ են կազմակերպում այս կամ այն երկրի դեսպանատան առջև, տարբեր կամուրջներից տարբեր պլակատներ են կախում, և այլն։ 

Երկրորդ խմբում այն կուսակցություններն են, որոնք գուցե իսկապես էլ առաջնորդվում են Հայաստանի կամ հայության շահերով, բայց համարում են, որ նպատակին հասնել հնարավոր է միայն այս կամ այն ուժային բևեռի օգնությամբ։ Որոշ ուժեր համարում են, որ ճիշտը Ռուսաստանին ապավինելն է, ուրիշները գտնում են, որ մեր ազգային իղձերը հնարավոր է իրականացնել միայն Արևմուտքի օգնությամբ, երրորդները գերադասում են Չինաստանը կամ Իրանը, բայց սկզբունքային տարբերություն չկա, բանավեճն ընդամենը «ճիշտ պապայի» ընտրության շուրջ է։ 

Երրորդ խմբում այն ուժերն են, որոնք համարում են, որ պետք է ապագան կառուցել բացառապես սեփական հնարավորությունների և ռեսուրսների հաշվարկի հիման վրա (իհարկե՝ կարևորելով նաև տարբեր հարցերում ուժային տարբեր բևեռների հետ շահերի համադրման ընձեռած լրացուցիչ հնարավորությունները)։ 

Ուշադրություն դարձրեք՝ առաջին խմբի կուսակցություններն էական դերակատարում չունեն և ընդամենը կարող են օգտագործվել երկրորդ խմբում ընդգրկված կուսակցությունների կողմից, իսկ երրորդ խմբի ուժերն ի սկզբանե ոչ շահեկան վիճակում են, որովհետև սեփական հնարավորությունները միշտ ավելի սահմանափակ են ու պակաս գայթակղիչ, քան կարող էին լինել «ճիշտ պապայի» ընտրության դեպքում։

Մեծ հաշվով՝ մեր պրոբլեմն այն է, որ վերջին 24 տարիներին Հայաստանում իշխանության են եղել բացառապես երկրորդ խմբի քաղաքական ուժերը։ Ավելին՝ անգամ մինչև 1998-ը իշխանական համակարգի ներսում այդ նույն երկրորդ խմբի «գաղափարակիրները» շատ լուրջ ներկայություն են ունեցել և ի վերջո հաղթել են։ Իսկ թե երկրորդ խմբում ընդգրկված կուսակցություններից հատկապես որը կլինի իշխանության՝ մեծ հաշվով էական չէ։ Ի՞նչ տարբերություն, թե որ «պապային» ես բերում, եթե բոլորն էլ առաջնորդվելու են սեփական շահերով՝ քո շահերի հաշվին։ 

Այստեղից էլ՝ Նիկոլի իշխանության և «տիտղոսակիր ընդդիմության» թվացյալ անհաշտ պայքարն ու իրական սինխրոն գործողությունները։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ