...

«Տեր մի՛ կանգնիր պարտությանն ու նվաստացումներին»

«Տեր մի՛ կանգնիր պարտությանն ու նվաստացումներին»

Նիկոլ Փաշինյանը շատ սրամիտ նախընտրական կարգախոս է հորինել՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը»։ Բանն այն է, որ այդ թվացյալ խաղաղությունն ընդամենը հայկական կողմի ծանր պարտության, սեփական իրավունքների համար պայքարից հրաժարվելու և ամենօրյա նվաստացումների արդյունք է, հետևաբար՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսն իրականում նշանակում է «տեր կանգնիր քո պարտությանն ու նվաստացումներին»։ Այլ կերպ ասած՝ «ընտրիր մեզ, թե չէ ոչ մի խաղաղություն էլ չի լինի, և Ադրբեջանը սեպտեմբերին կհարձակվի»։

Ի դեպ, մի քանի օր առաջ ընդհանուր հաշվով 20 գլուխ «քաղհասարակություն» Հայաստանից գնացել էր Ադրբեջան, ու վերադառնալուն պես սրանցից մեկն արտասանեց այն առանցքային նախադասությունը, որի համար էլ երևի կազմակերպվել էր այդ այցը․ «ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց դրանից»։ Պարզ ասած, մարդը պարտաճանաչ տեղ է հասցնում Բաքվի ուղերձը․ «կընտրեք Նիկոլին՝ խաղաղության գործընթացն ապագա կունենա, չեք ընտրի՝ չի ունենա»։ Համաձայնվեք՝ այսպիսի նախընտրական աջակցության համար արժեր Բաքու ուղարկել թեկուզ 200 գլուխ «քաղհասարակություն»։

Բայց Բաքվից մեր «քաղհասարակության» միջոցով հայ ժողովրդին հղված «տե՛ր կանգնեք ձեր պարտությանն ու նվաստացումներին, ընտրե՛ք Նիկոլին» ուղերձը միայն կարճաժամկետ աջակցություն չէ։ Ի վերջո՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ նպատակ ունի 300 հազար ադրբեջանցիներ բնակեցնել ՀՀ տարածքում, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի է դիմելու ընտրություններից հետո (եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը վերընտրվի)։ Դրա համար էլ նույն մեր «քաղհասարակությունը» կամ առնվազն նույն շրջանակները զուգահեռաբար մասշտաբային քարոզչություն են իրականացնում այն թեմաներով, թե ժամանակին ինչ համերաշխ էին ապրում հայերն ու ադրբեջանցիները, ինչ հրաշալի էր ամեն ինչ, հետևաբար՝ ոչինչ չի խանգարում, որ խաղաղության հաստատումից հետո այդ ամենը վերականգնվի․․․ Մի խոսքով՝ կամաց-կամաց նախապատրաստում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան»։ Հետաքրքիր է՝ մեր 20 գլուխ «քաղհասարակները» Բաքվի փողոցներում քանի՞ հայի հանդիպեցին։ Այն նույն Բաքվի, որտեղ «ախպեր, սովետի վախտով լավ էլ իրար հետ ջան-ջիգյարով աբրըմ էինք» ժամանակներում 230 հազար հայ էր ապրում։ Կամ քանի՞ հայի կհանդիպեն Արցախում, եթե մի օր էլ որոշեն «հասարակությունների հաշտեցմանն ուղղված կլոր սեղանի» մասնակցել «Խանքենդիում»։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ այդ «ջանջիգյարային» ժամանակները հիշում են, բայց չեն հիշում, թե ինչով ավարտվեց այդ ամենը։ Թե՞ նրանց թվում է՝ Էրդողանը կատակով է Հայաստանն անվանում «անիծյալ սեպ», իսկ հայ ժողովրդին՝ «թուրքական սրի մնացորդներ», կամ Ալիևը հենց այնպես է հայտարարում, թե «Հայաստանի այսօրվա տարածքում երբեք հայեր չեն ապրել»։

Բայց դրանք, իհարկե, երկրորդական են, կարևորը «խաղաղությանը տեր կանգնելն» է, այսինքն՝ Նիկոլին ընտրելը։ Դե հետո էլ Սահմանադրությունը կփոխենք (խաղաղության համաձայնագրի ականջը կանչի, հետո՞ ինչ, որ դրա 4-րդ հոդվածում բառացիորեն գրված է՝ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց»), հետո որևէ անխոնջ հետազոտող արևմտյան գրանտներով մեզ կհամոզի, որ նույն խորհրդային տարիներին Կապանի ու Վարդենիսի շրջանների տարածքի մեծ մասն ադրբեջանաբնակ էր․․․ Սա է այն «խաղաղությունը», որին Նիկոլ Փաշինյանը կոչ է անում տեր կանգնել։

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   55 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ