...

Տեսնես ինչի՞ց է, որ ոնց շրջվում է՝ գլխին խփում են

Տեսնես ինչի՞ց է, որ ոնց շրջվում է՝ գլխին խփում են

Եվ այսպես, Ռուսաստանն ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի միջոցով հայտարարում է, թե «մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման, մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ առարկայական աշխատանքը վերսկսելու հարցում»։ Պարզ ասած՝ «մենք սպասում ենք, որ Հայաստանը մեզ օգնության կանչի»։ Խոսք չկա, շատ հուսալի դաշնակից է։ Ու այդ հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ տարածքը Սոթքի ուղղությամբ, ինչը, տրամաբանորեն, պիտի որ ավելի ծանրակշիռ դարձնի Ռուսաստանի ակնկալիքն «օգնության կանչելու» մասով։ Վաշինգտոնում ձեռք բերված «զգալի առաջընթացից» հետո իրադարձությունների զարգացման այլ սցենար ակնկալել, իհարկե, չարժեր էլ, որովհետև Ադրբեջանը ճիշտ է որսացել պահը՝ լարվածության հերթական ալիքը Ռուսաստանին ձեռնտու է, իսկ Արևմուտքի արձագանքից զգուշանալու կարիք չկա․ Ալիևը գտել է «կախարդական բառը»՝ «հայկական կողմն օգտագործել է իրանական անօդաչուներ», և վերջ։ Ի՞նչ բացասական արձագանք կամ առավել ևս՝ պատժամիջոցներ, եթե հարցը ներկայացվում է այնպես, որ ՀԱՊԿ անդամ երկիրն իրանական անօդաչուներ է կիրառում «Արևմուտքի հուսալի գործընկեր» Ադրբեջանի դեմ։

Հիմա՝ Նիկոլ Փաշինյանի արձագանքների մասին։ Նախ նա հայտարարում է, թե Ադրբեջանի նպատակը բանակցություններում արձանագրված առաջընթացը զրոյացնելն է։ Հետո հայտարարում է, թե Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է նոր ագրեսիան արդարացնելու համար։ Այսինքն, բացարձակապես որևէ նշանակություն չունի՝ բանակցություններում առաջընթաց արձանագրվո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև եթե արձանագրվում է՝ Ադրբեջանը կրակում է, որպեսզի այդ առաջընթացը զրոյացնի, եթե չի արձանագրվում՝ Ադրբեջանը դա օգտագործում է որպես պատրվակ և դարձյալ կրակում։ Ու դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, թե երեք օր անց այնուամենայնիվ մեկնելու է Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու, որովհետև «խնդիր կա հնարավորինս արագ հասունացնել փաստաթուղթն ու այն պատրաստել ստորագրման»։ Հասկացա՞ք։ Մարդն ասում է՝ ես Ղարաբաղից հրաժարվել եմ, պատրաստ եմ անկլավները հանձնել (որովհետև հենց ինքն է ասում, որ պատրաստ է սահմանազատում իրականացնել 1975 թ․ քարտեզով, իսկ այդ քարտեզում անկլավներն արդեն գոյություն ունեն), բայց Ադրբեջանը չի համաձայնվում ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է առաջ քաշում, ու ես, միևնույն է, գնալու եմ «հասունացնեմ» այդ փաստաթուղթը, թեև գիտեմ, որ Ադրբեջանն այդ բանակցություններն օգտագործելու է որպես նոր ագրեսիայի լեգիտիմացման հիմք։

Այս մոտեցումը գուցե տրամաբանական լիներ, եթե ադրբեջանական ստորաբաժանումների (ի դեպ՝ վաղուց ՀՀ տարածք ներխուժած ու «տնավորված») հրետակոծություններից հետո «բրյուսելյան հարթակը» գոնե կեսբերան դատապարտեր Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ հիմնվելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցների վրա։ Բայց առայժմ ձայն-ծպտուն չկա։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանին դա երևի առանձնապես չի էլ հետաքրքրում։ Նա համարյա բաց տեքստով ասում է, որ գնալու է Բրյուսել ոչ թե որովհետև դա է պահանջում ՀՀ պետական շահը, այլ այն որոշ ուժերի «ինադու», որոնք «առաջիկայում կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով»։ Այլ կերպ ասած՝ որոշ ուժերի թիկունքին կանգնած Ռուսաստանի «ինադու», առանց վախենալու, որ քաղաքական դաշտը կփոթորկվի։

Մինչդեռ քաղաքական դաշտի փոթորկվել-չփոթորկվելը երևի միայն իրեն է հետաքրքրում, մեկ էլ՝ «որոշ ուժերի» լիդերներին, իսկ պետության և հասարակության համար կարևորն այն է, որ Հայաստա՛նը հերթական անգամ չհայտնվի փոթորկված ծովում ու հերթական անգամ ժայռից ժայռ չբախվի՝ անփորձ ու ինքնահավան «նավապետի» պատճառով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ