...

Թեթևսոլիկների իշխանության ամրության գաղտնիքը

Թեթևսոլիկների իշխանության ամրության գաղտնիքը

Լեմկինի ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ է հնչեցնում (սա ամենաբարձր վտանգի նախազգուշացումն է) և հայտարարում, որ Արցախի հայաթափումից հետո այժմ ցեղասպանության վտանգը տարածվել է բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Նույն օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ խոսում է այն մասին, թե ինչ լավ բան է գնաճը, որքան կարևոր է կյանքի որակի բարձրացման համար, խոսում է «խոզի ջանդաքի» ու բադրիջանի խավիարի մասին, երկրի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարն էլ (անվտանգության երկու առանցքային պատասխանատուները) տեսախցիկների առջև իրար ականջի ինչ-որ բաներ են ասում ու հռհռում։ Կարևորը՝ որ կոստյումով ու փողկապով են, թեև, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, կարող էին նաև «չստիկներով ու սպարտիվկով» լինել։

Մարդկության պատմության ընթացքում «լակոտակրատիաներ», իհարկե, էլի են եղել, բայց դրանք բոլորը, առանց բացառության, ավարտվել են ողբերգությամբ։ Կամ իշխանությունների համար, կամ պետությունների, կամ էլ՝ երկուսը միասին։ Տարբերակներն ընդամենը այս երեքն են, չորրորդ տարբերակ չկա։ Այսինքն՝ չի եղել գոնե մի դեպք, որ թեթևսոլիկության նման մակարդակով երկիր ղեկավարվի, ու դա անհետևանք մնա։

Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, և պարզվել է, որ քաղաքացիների ընդամենը 8 տոկոսն է լիովին դրական գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, իսկ ահա 47,1 տոկոսը գնահատում է լիովին բացասական, ևս 20 տոկոսը՝ ավելի շուտ բացասական։ Այսինքն՝ այնպես չէ, որ հասարակությունը չի տեսնում ու չի հասկանում սրանց աղետաբերությունը։ Լավ էլ տեսնում ու հասկանում է։ Հիմնական խնդիրն էլ պետք է, որ հասկանալի լինի․ հնարավորինս արագ վերացնել «լակոտակրատիան»՝ քանի դեռ «լակոտները» Արցախից հետո չեն վերացրել նաև Հայաստանը։ 

Բայց ինչպե՞ս։ Սա հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է ընդամենը 8 տոկոսանոց վարկանիշ ունեցող թեթևսոլիկների այդ կույտը կարողանում պահպանել իշխանությունը։ Առաջին հերթին հասարակությանը պառակտելով և միմյանց դեմ հանելով։ Սոցիալ-կենցաղային հարթության մեջ՝ ներկաներ-նախկիններ, հարուստներ-աղքատներ, տեղացիներ-արցախցիներ, հայաստանցիներ-սփյուռքահայեր, հարկատուներ-խոպանչիներ, և այլն, իսկ քաղաքական հարթությունում՝ ռուսամետներ-արևմտամետներ։ Այս վերջինը թերևս ամենակարևոր բաժանումն է, և ահա, թե ինչու։ Բանն այն է, որ «ռուսամետներ-արևմտամետներ» խոսույթը հասարակությանը բաժանել է երկու մոտավորապես հավասար մասերի՝ կեսը համոզված ռուսամետ է, մյուս կեսը՝ նույնքան համոզված հակառուս ու արևմտամետ։ Եվ ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։ Հենց որ ընդդիմությունը հանդես է գալիս համոզված ռուսամետության դիրքերից՝ արևմտամետներն ուզած-չուզած անցնում են ընդամենը 8 տոկոս իրական վարկանիշ ունեցող Նիկոլի կողմը, և նրա կարճաժամկետ վարկանիշը մեխանիկորեն բարձրանում է։ Այլ կերպ ասած՝ «ռուսամետներ-արևմտամետներ» խոսույթն այն քարոզչական խայծն է, որի շնորհիվ ուսապարկերի իշխանությունը հաջողությամբ մնում է ջրի երեսին։ Բավական է կուլ չտալ այդ խայծը, և վերջ․ Նիկոլ Փաշինյանը կմնա իր խղճուկ 8 տոկոսի հույսին։ 

Ի վերջո հասարակությունը հասկանում է, չէ՞, որ և՛ երկիրը դեպի Արևմուտք տանելու, և՛ «ռուսական ծիր վերադարձնելու» համար իշխանությունները պիտի որոշակի ինստիտուցիոնալ կարողություններ ու հմտություններ ունենան, իսկ այս թեթևսոլիկները ձախողելու են և՛ մեկը, և՛ մյուսը, հետևաբար՝ անկախ նրանից, թե ո՛ր ուղղությունը կընտրի երկիրը, բոլոր դեպքերում մեզ լուրջ իշխանություններ են պետք։ Իսկ սա նշանակում է, որ իշխանափոխության հիմքում պիտի ոչ թե «արտաքին-քաղաքական սխալ կողմնորոշումը» դրվի, այլ փնթի կառավարումը, որի հետևանքով պետական ինստիտուտները բոլորիս աչքի առաջ փլուզվում են։ 

Այո, այդ դեպքում ընդդիմությունը հազիվ թե արտաքին աջակցություն ունենա, բայց ճիշտ ճանապարհը դա է։ Որովհետև արտաքին աջակցությամբ իշխանափոխությունների հետևանքները մի քանի անգամ տեսել ենք ու մինչև հիմա չենք կարողանում տակից դուրս գալ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ