...

Ճանաչենք մեր մեծերին

Ճանաչենք մեր մեծերին

Լրագրող Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր և իր լրատվամիջոցի՝ «168 ժամի» դեմ հայց է ներկայացրել՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ 

«Ավինյանի մասին իմ կարճ հեռուստաթողարկմանը ես ներկայացրել եմ բացառապես նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ ապացուցված մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք վերաբերում են իրեն և իր շրջապատին։ Ավինյանի իրական նպատակը, սակայն, ինձ զգալի նյութական վնաս պատճառելն է և այդպիսով՝ լռեցնելը։

Իրեն վերաբերող նյութի առնչությամբ Ավինյանը չի պահանջել հերքման կամ պատասխանի իրավունք, ինչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ողջամիտ ընթացակարգն է նյութի հետ անհամաձայնությունների դեպքում։ 

Իմ և լրատվամիջոցի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելով դատարան՝ Ավինյանը դիմել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու հարցով։ Հայցի ապահովման միջոցի՝ դատարանի բավարարած չափը 9 մլն դրամ է, այդքանի չափով արգելանք է դրվել իմ բնակարանի և աշխատավարձային հաշվեհամարիս վրա։

Այսօր ԴԱՀԿ-ից ծանուցում ստացավ նաև 168.am-ը: Պարզվեց՝ գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով բավարարել է ոչ միայն իմ դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունը, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամի կալանք դնելու միջնորդությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սարգսյանը:

«ՉԻ». Է՜, բալամ: Էդ նրանից է, որ լավ չեք ճանաչում Տիգրան Ավինյանին: Սովորեք: Ավինյանը վերջին 30 տարվա մեծագույն պետական-քաղաքական գործիչներից մեկն է: Նա Երևանի փոխքաղաքապետների պատմության մեջ Երևանի լավագույն փոխքաղաքապետն է:

Տիգրան Ավինյանը հայոց պատմության մեջ մեծագույն Տիգրանների մեջ առայժմ երրորդն է. Տիգրան Մեծից ու Տիգրան Ժամկոչյանից հետո: 

Ավինյանը Երևանի Մետրոպոլիտենին երկրորդ շունչ տվող միակ մարդն է, Ֆիրդուսի թաղամասի նահապետն ու նախապապը, իսկ տատիկը հայկական իրականության գլխավոր գրանդտատիկն է: 

Ավինյանի ընկերները 21-րդ դարում լավագույն տնտեսական ջիղ ունեցող, բնատուր տաղանդով ընկերներն են, նրա գործընկերներն ամենաշնորհքով գործընկերներն են: 

Ավինյանն այս իշխանությունների պայծառ կարդինալն է, խղճի պահեստը, բարոյականության ռեզերվուարը, ողջամտության կայարանը: Նա մեր պետականության ապագան է, հույսն ու Աջափնյակի թունելի վերջում պայքարող Դանկոն: Նա հայոց ազատամարտի կարկառուն ներկայացուցիչն է, 2016-ին էլ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է՝ «ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար», թուրք-ադրբեջանական տանդեմի ահ ու սարսափը: 

Հը, նորովի ճանաչեցի՞ք Ավինյանին: Մեր Ավինյանին, ձեր Ավինյանին, հասարակության Ավինյանին:

Հ.Գ. Սովետի վախտ մեկը արտասահմանում բնակվող ազգականին նամակ է գրում, որ մեր մոտ կոմունիզմ է, բոլորը հարուստ են, խանութները տրաքվում են որակյալ ապրանքների առատությունից, սնունդը բացառիկ համեղ է, աշխատավարձերը՝ բարձր, բոլորը մեքենա ու դաչա ունեն, խոսքի ազատություն է: Էս սաղ նամակի վերջում գրում է. ինչ գրել եմ, հակառակը հասկացեք:

Նամակն ընկնում է ԿԳԲ-ի ձեռքը, էս մարդուն կանչում են, ասում՝ էս վերջում ինչի՞ ես սա գրել: Մարդն էլ պատասխանում է. ամբողջ նամակը ձեր անունից եմ գրել, գոնե մի տող իրավունք չունեի՞ իմ անունից գրել:

Էս ուղղակի նենց, անեկդոտ ենք պատմում, ասում, խոսում, ուրախանում ենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ