...

Ճշտով անպատասխանատուները

Ճշտով անպատասխանատուները

Քարի դարն ու քարը

Ավարտվող շաբաթը նշանավորվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսով: Չգիտենք, թե ինչքան է տևել, երևի ժամից ավելի, բայց եթե համառոտ ներկայացնենք նրա ասելիքը, ընդամենը մի նախադասության մեջ կտեղավորվենք. աշխարհը վատն է, բոլորը մեղավոր են: 

Դեռ քարեդարյան ժամանակներից, երբ մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչու է կայծակը խփում կամ երկրաշարժ լինում, դրանք վերագրում էին ինչ-որ չար, գերբնական ուժերի: 

Մեր վարչապետը, որքան հասկանում ենք, երկիրը առաջ տանելու փոխարեն այն դեպի քարե դար է տանում: Մենք ինչո՞ւ էինք պարտվել պատերազմում. դե, նորմալ, ժամանակակից մարդը կասեր, որովհետև պատրաստ չէինք նման ինտենսիվ պատերազմի, 20 տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական բալանսը շեշտակի փոխվել էր՝ հօգուտ Ադրբեջանի, որ մեր ռեսուրսները երկարատև պատերազմի համար սուղ էին, որ մեր սպառազինությունները արդիականության տեսանկյունից զիջում էին, որ Ադրբեջանը պատրաստվել էր պատերազմի, մենք՝ ոչ:

Իսկ քարեդարյան մարդը կասեր, որ մեղավորը ինչ-որ գերբնական դաշնակիցներն էին, որ չնայած ահագին աղոթեցինք, այդպես էլ մի օգուտ չտվեցին: Ռուսաստանն էր մեղավորը, Արևմուտքը, գեներալիտետը... 

Շատերը կասեն. բայց չէ՞ որ այդ ընդդիմությունը 20 տարի Հայաստանում իշխել է, բա նրանք ինչ է, Հայաստանը առա՞ջ էին տանում: Չէ, մի քանի տարի էր պետք, որ Հայաստանի առաջխաղացումը կանգնեցնեն, մի քանի տարի էլ, որ սկսեն ետընթացը: Պարզապես Փաշինյանն արագացրեց այդ պրոցեսը: 

Հաջորդ անգամ, երբ Փաշինյանը ասուլիս տա, նրան արդեն Պուտինի շոֆերն է արձագանքելու, մեկ էլ Fox News-ի Թաքեր Քարսոնը: Ավելի բարձր մակարդակով անդրադառնալու զահլա այլևս ոչ ոք չունի: Ի՞նչ ասեն, երբ լուրջ չեն վերաբերվում:

Օրվա հետ են փոխվում

Ընդհանրապես, պետությունն առաջին հերթին ենթադրում է պատասխանատվություն: Մեր քաղաքական դաշտում ճիշտ հակառակն է. համատարած անպատասխանատվություն է: Իսկ անպատասխանատվությունը պետության փլուզման, կործանման, աղետների հիմքն է: 

Եթե մեր քաղաքական դաշտի հիմնական դերակատարները պատասխանատվության զգացում ունենային, հիմա քաղաքական դաշտում չպիտի լինեին: Եթե սրանց կենսագրությունը քրքրեք, կտեսնեք, որ պետության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերների, խնդիրների, հարցերի վերաբերյալ մի 10 տեսակի դիրքորոշում են ունեցել: Նայած, թե այդ պահին որ դիրքորոշումն է ավելի ամբոխահաճո եղել: Կարևորը, որ իշխանություն ունենան: Ընդամենը իշխանության խնդիր են լուծել: 

Իբր էս ի՞նչ դասախոսական բան ենք գրում, և ո՞ւմ համար: Ասած, չասած, մեկ է: Կոտոշները տնկած, ամեն մեկը նույնն է ասում. ես ճիշտ էի: Բա որ ճիշտ էիր, ինչի՞ էս օրն ընկանք: Դե, որովհետև, ու ինչ-որ մեղավորի անուն են տալիս: 

Հայկական պրիմիտիվիզացիա

Իրենց զառանցանքներով, ամենօրյա «կռուտիտներով», էժանագին բամբասանքներով, հեռուստատեսային անասուն սերիալներով այնքան են հանրությանը պրիմիտիվացրել, որ լուրջ բան ես գրում, մտածում են, թե հումոր ես անում, հումոր ես գրում, մտածում են լուրջ ես գրել: Էն Գագիկ Սուրենյանի մասին թեթև հումոր էինք արել, դրել, էդ հումորը լուրջ-լուրջ քննարկում են, մեկն ասում է՝ ճիշտ բան եք գրել, մյուսը մեզ ամոթանք է տալիս: Բա պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ քարոզչական ուղղորդված ինչ-որ ապատեղեկատվություն է տարածվում: Ռումբի պես է ազդում: Ու կարծես այս պրիմիտիվացումը հատուկ տարվող քաղաքականություն է, որպեսզի հանրությունը լիակատար թմբիրի մեջ լինի, մինչև հաջորդ աղետը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ