Վերջապես ինքը նորից Գյումրիի քաղաքապետ է։ Նույնիսկ աշխատասենյակն է հասցրել կահավորել։ Գրասեղանի վերևում Պուտինի լուսանկարն է, սեղանին՝ Աստվածաշունչը, որի համար որպես էջանշան օգտագործվում է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» բրոշյուրը, դիմացի պատի մեխից կախված են իր պատմական կեպին ու «Առա՛ջ, Հայաստան» գրությամբ սպիտակ շարֆը՝ ՀՀԿ զինանշանով, իսկ ահա «Կարմիր անկյունը» մի քիչ նեղվածք է․ վերևում սրբապատկեր է, կողքին՝ Լենինի նկարը, ներքևում՝ փոքրիկ սեղանին, Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը, վրան՝ «Слава КПСС» գրությամբ կարմիր եռանկյունի դրոշակը և երեք հատ թզբեհ․․․ Մի խոսքով՝ ամեն ինչ լավ է, միայն քաղաքացիների ընդունելության օրն է մի քիչ պրոբլեմատիկ։ Որովհետև բանտապանը նախ պիտի բացի բանտախցի դռան վրայի փոքրիկ պատուհանը՝ «վալչոկը», որից հետո քաղաքացին պիտի այդ պատուհանից ներս հրի «տուլիկը», և միայն դրանից հետո ինքը կարող է որոշել՝ ներս թողնե՞լ հերթական քաղաքացուն, թե ոչ։ Եթե, իհարկե, բանտապանը թույլ տա։
․․․ Ու հանկարծ, մինչ ինքը հերթական նամակն է գրում Պուտինին, առանց բանտախցի դուռը ծեծելու ներս է մտնում տեսուչն ու տեղեկացնում, որ իրեն երկու ժամով ազատ են արձակելու։ Պարզվում է՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Գյումրի է ժամանելու Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ ուղեկցությամբ, և ինքը, որպես քաղաքապետ, պարտավոր է աղ ու հացով դիմավորել նրանց։ «Հարց չկա, ընճի Գյումրին ըդպեսներին է՞ աղ ու հացով դիմավորե»,- ներքուստ ցնծալով՝ ասում է ինքը, կեպին քաշում գլխին, շարֆը գցում վզին ու դուրս վազում․․․
Արարողությունը սկսվում է։ Ճիշտ է, այնքան էլ հեշտ չէ առանց ձեռնաշղթաները հանելու պահել աղ ու հացով սկուտեղը, բայց ինքը հանուն Գյումրիի պայծառ ապագայի մի կերպ դիմանում է։ Բայց Նիկոլը հացին ձեռք չի տալիս։ Փոխարենը՝ պիջակի ծոցագրպանից հանում է պեռաշկին, մտցնում աղամանի մեջ, հավեսով կծում, ապա ձեթոտ մատները մաքրում իր վզի սպիտակ շարֆի վրա։ Դիմավորողների շքախմբում կանգնած Մարտուն Գրիգորյանը քթի տակ ծիծաղում է, ու ինքը չի դիմանում․ «ծո Մարտունի՛կ, քո էրած ֆոկուսը քո դուրն էկա՞վ, իմ համար խելոք կապրեի, ի՞նճըխ ընձի քաղաքապետ դարձրիր»։ «Բա դու չէի՞ր 2018-ին գոռում «քայլ արա, մերժիր Սերժին», էս անգամ է՛լ մերժեիր՝ էդ օրը չէիր ընկնի», ծիծաղում է Սարիկը․․․
Իսկ այդ ընթացքում Աննան պայուսակից հանում է անձեռոցիկը, ներողամտորեն ժպտալով՝ Նիկոլի ականջին շշնջում «կրթվելը նորաձև է» ու սրբում նրա ձեթոտ շուրթերը, ապա նույնքան կամացուկ շարունակում․ «էս «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը էս ի՞նչ սիրուն ա, արի հատիկ-հատիկ հետ բերենք»։ Ինքը ուզում է գոռալ, բայց կոկորդից ոչ մի ձայն դուրս չի գալիս․․․ «Արի գնանք «Գյումրեցու թասիբ» ռեստորանում մի կտոր հաց ուտենք, համ էլ՝ կքննարկենք»,- պատասխանում է Նիկոլը։ «Արդեն մի շաբաթից ավել ա՝ էդ ռեստորանը փակվել ա»,- խոնարհաբար տեղեկացնում է Սարիկը․․․
Արթնանում է ԴԱՀԿ աշխատակցի դռան թակոցից։