...

Վառոդի տակառի վրա

Վառոդի տակառի վրա

Մեր տարածաշրջանում Եվրամիության և ԱՄՆ-ի ակտիվացումը, Իրանի կոշտ հռետորաբանությունն ու Հնդկաստանի հետաքրքրվածությունը որոշակիորեն փոխել են ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված իրավիճակը, ընդ որում դեռ հայտնի չէ՝ դրակա՞ն, թե՞ բացասական իմաստով։ Համենայն դեպս՝ եթե մի քանի ամիս առաջ ակնհայտ էր, որ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, հիմա արդեն կարելի է արձանագրել, որ օղակը սեղմվում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի շուրջ։ Մեզ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, հետևաբար՝ փորձենք իրավիճակը գնահատել հենց այդ տեսանկյունից։

44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունը Երևանում բավականին հզոր բողոքի ալիք բարձրացրեց, նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիան ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանին անվանեց դավաճան, առաջ քաշեց «առանց թուրքի Հայաստան» կարգախոսը, բայց ընդդիմության լիդերներից որևէ մեկն այդպես էլ չհայտարարեց, որ իշխանության գալու դեպքում հրաժարվելու է այդ փաստաթղթից։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ամեն առիթով հայտարարում էր, թե ամեն ինչ անելու է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար։ Ու հանկարծ․․․ ընդամենը մեկ-երկու օր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե որոշ «երրորդ երկրներ» (Ռուսաստանի ականջը կանչի) Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող ճանապարհի հարցում առաջնորդվում են ադրբեջանական ընկալումներով, պարզ ասած՝ «միջանցքային տրամաբանությամբ», նույն օրն էլ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, թե «ճանապարհների հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին» (թեև նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում գրված է, որ ճանապարհի վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը)։ Փաստորեն ստացվում է, որ հիմնական գոռգոռացողն ընդդիմությունն էր, բայց Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվում այդ խայտառակ փաստաթղթի կետերից մեկից՝ ըստ երևույթին ոգևորված Արևմուտքի ակտիվացումից ու Իրանի կոշտ դիրքորոշումից։ 

Հարց է ծագում՝ ի՞նչ հաշվարկի վրա է հիմնված այս անսպասելի «դուխով» դիրքորոշումը։ Բանն այն է, որ խաղադրույքներն օրեցօր բարձրանում են, և եթե մի քանի ամիս առաջ մեծ հավանականություն կար, որ «ընդամենը» հայ-ադրբեջանական նոր պատերազմ կլինի, հիմա մեծ հավանականություն կա, որ այդ պատերազմը կկրի ավելի գլոբալ աշխարհաքաղաքական բնույթ, այսինքն՝ Հարավային Կովկասը կդառնա «բոլորը բոլորի դեմ» համաշխարհային պատերազմի ամենաակտիվ թատերաբեմերից մեկը։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ եթե ընդամենը մի քանի ամիս առաջ միայն Հայաստանն էր կանգնած գոյաբանական սպառնալիքի առաջ, հիմա ճիշտ նույնպիսի սպառնալիք է կախված նաև Ադրբեջանի ու անգամ Վրաստանի գլխին։ Որովհետև՝ այո, հայտնի չէ, թե ինչ կմնա Հայաստանից, եթե Թուրքիան ու Ադրբեջանը երկու կողմից հարձակվեն, բայց հայտնի չէ նաև, թե ինչ կմնա Ադրբեջանից, եթե, ասենք, Իրանը նույնպես մտնի պատերազմի մեջ, կամ բանը հասնի միջուկային պատերազմին, ու մի քանի մարտագլխիկներ, թեկուզ՝ «սխալմամբ», պայթեն Հարավային Կովկասի մայրաքաղաքներում։

Պրոբլեմն այն է, որ աշխարհի ուժային կենտրոնները կարծես թե առանձնապես դեմ չեն այս սցենարին։ Կամ էլ՝ առայժմ սա ընդամենը «նյարդերի պատերազմ» է, և ամեն մեկը հույս ունի, որ դիմացինն առաջինը ետքայլ կանի։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն արդեն «գրանատի կալցոն քաշել է»՝ առանց հաշվի առնելու, որ այն, ինչը մարտադաշտում համարվում է հերոսություն, միջազգային քաղաքականության մեջ կոչվում է արկածախնդրություն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ