...

Վախի սինդրոմը

Վախի սինդրոմը

Դու մի ասա...

Այս շաբաթը չենք ավարտում Փաշինյան-Ալիև զրիցներով, Նիկոլ Փաշինյանի կադաստրային տրամադրություններով: Բոլորդ էլ տեսել, լսել եք, առանձնապես մեկնաբանելու բան չկա: Մանավանդ, որ մենք լրագրող ենք, ոչ թե հոգեբան:

Մի իրադարձություն եղավ, որի մասին հարկ կա խոսել: Դա Նարեկ Մալյանի դատավարությունն է: Չգիտենք, թե ինչպես ներկայացնել Մալյանին, համարենք հասարակական գործիչ: 

Մայիսի 25-ին կայացավ այդ դատավարության առաջին նիստը: Նրան մեղադրում են «Չաուշեսկուների մահապատիժը, կամ մահ դավաճաններին» ներկայացումը բեմադրելու համար: 

Թվում է, թե ինչ խնդիր պիտի ունենա նման վերնագրով բեմադրությունը Հայաստանի քրեական օրենսդրության հետ, բայց արի ու տես, որ Մալյանին մեղադրանք են ներկայացրել իշխանության նկատմամբ խմբակային ատելության քարոզի համար: Այսինքն՝ իշխանությունները համարել են, որ այս բեմադրությունը իրենց դեմ է ուղղված, իրենց է ակնարկում, մատնացույց անում:

Ու որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են իշխանություններն այսպես արձագանքել «Չաուշեսկուների մահապատիժը, կամ մահ դավաճաններին» ներկայացմանը, պետք է հետադարձ հայացք գցել պատմությանը:

Բռնապետերի վերջն արգելվում է

Ուրեմն, 2008-ի մարտի 1-ի սպանդից հետո Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն մտցրեց, ինչպես նաև խիստ սահմանափակումներ մտցրեց մամուլի հանդեպ: Քաղաքական ճգնաժամի, մարտի 1-ի ոճրագործության մասին իշխանության պաշտոնական դիրքորոշումներից տարբերվող նյութեր, հոդվածներ հրապարակելն արգելվում էր: Այսինքն, եթե մեր թերթում ինչ-որ բան գրվեր մարտի 1-ի իրականության մասին, թերթը չէր հրապարակվի:

Այդ ժամանակ, որպեսզի «Չորրորդ իշխանությունն» այնուամենայնիվ լույս տեսնի, վերցրեցինք, ամբողջ թերթում զետեղեցինք Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեցող հոդվածներ: Օրինակ, ինչ-որ կերակրատեսակների բաղադրատոմսեր, մարզական նյութեր, մոդայի վերջին ցուցադրությունների մասին, ինչպես նաև մի հոդված, որը կոչվում էր «Բռնապետերի վերջը»: Էս հոդվածում գրել էինք, թե ինչպես են իրենց կյանքն ավարտել մի շարք հայտնի բռնապետեր՝ Չաուշեսկուն, Միլոշևիչը, Սադդամ Հուսեյնը և էլի մի երկու հոգի: 

Թերթը տարանք տպարան, այնտեղ հերթապահում էին ԱԱԾ երկու աշխատակից, որոնք «գլավլիտի» դեր էին կատարում: Վերցրեցին ապագա թերթի էջերը, բոլորը կարդացին, զանգեցին ում որ պետք է, զեկուցեցին, որից հետո մոտեցան մեզ ու ասացին, որ թերթը չի տպագրվի, քանի որ արտակարգ դրությանը և մտցրած սահմանափակումներին չի համապատասխանում: 

Հարցրեցինք՝ բայց խնդիրը ո՞րն է, էս գրածներից ո՞րն է խախտում համարվում, Հայաստանի մասին մի բառ անգամ չենք գրել, ԱԱԾ-ականներն ասացին՝ մենք չենք կարող ասել, մեզ այդպես են ասել, որ արգելվում է թերթի տպագրությունը:

Իհարկե, մենք կասկած չունեինք, որ թերթի տպագրությունն արգելվում է «Բռնապետերի վերջը» հոդվածի համար: Թվում է, թե դա կապ չունի իշխանությունների հետ, բայց Ռոբերտ Քոչարյանը այդ հոդվածի մեջ իրեն սպառնալիք էր տեսել: Նա համարել էր, որ բռնապետերի մասին գրելով, մենք իրեն նկատի ունենք և ակնարկում ենք, որ իր կյանքն ավարտելու է այդ բռնապետերի պես: Ու վախի սինդրոմից արգելում է նույնիսկ այն հրապարակումները, որտեղ թեպետ իր անունը չկա, բայց ինքը այդ բռնապետերի մեջ նաև իրեն է տեսնում: 

Ասա, ո՜վ իմ հայելի
Ո՞վ կա ինձնից ատելի

15 տարի հետո պատմությունը կրկնվում է: Հիմա Նիկոլ Փաշինյանը, որի «Հայկական ժամանակ» թերթի տպագրությունը 2008-ի մարտի 1-ից հետո նույնպես արգելվել էր, նույն վախի սինդրոմն ունի, ինչ Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն, ինչ-որ մեկը ինչ-որ բռնապետի մասին ներկայացում է բեմադրում, Փաշինյանն այդ բռնապետի մեջ իրեն է տեսնում: Ու քանի որ այդ բռնապետին գնդակահարել են, համարել է, որ դա իրեն ուղղված սպառնալիք է: Թեպետ իր անունն այդ բեմադրության մեջ ընդհանրապես չի շոշափվում: 

Սա միստիկա չի, սա իրականություն է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են պետության երկու ղեկավարներ, մեկը՝ նախկին, մյուսը՝ ներկա, տառապում նույն սինդրոմով: Ընդ որում, մեկը մյուսի դեմ երկար տարիներ պայքարել է, կռիվ է տվել, բայց երբ իշխանության է եկել, էն մյուսի հոգեբանական վախերն է ժառանգել, կամ վարակվել նրանից: 

Ինչպես կավարտվի Նարեկ Մալյանի դատավարությունը, մենք չգիտենք: Բայց որպեսզի նրան դատեն, եսիմ, երևի սկզբից պետք է ապացուցեն, որ Չաուշեսկուն ինչ-որ տեղ նման է Փաշինյանին, կամ հենց ինքն է որ կա: Կաֆկայի դատավարություն է լինելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ