...

Խաղաղության դարաշրջանի «հոկտեմբերի 19»-ը

Խաղաղության դարաշրջանի «հոկտեմբերի 19»-ը

Երևի շատերն են հիշում 2020 թ. հոկտեմբերի 19-ը։ Դա 44-օրյա պատերազմի թերևս ամենակարևոր օրն էր, որովհետև, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ օրը իրական հնարավորություն կար Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը մերժեց, քանի որ ստորագրվելիք փաստաթուղթը ենթադրում էր նաև ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի, իսկ ինքը համարում էր, որ դա կնշանակի Շուշիի կորուստ։ Ավելի ուշ նա, իհարկե, խոստովանեց, որ դա կոպիտ սխալ էր, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը սեփական սխալներն ընդունելու սովորություն չունի, դեռ այն ժամանակ շատերը ենթադրեցին, որ նա այդ սխալն ընդունում է՝ իր գործած ավելի մեծ սխալը կամ հանցանքը կոծկելու նպատակով։ Իսկ այդ ավելի մեծ սխալը կամ հանցանքը կարող էր լինել միայն մի բան․ արդեն հոկտեմբերի 19-ին համոզված լինելով, որ պատերազմը տանուլ է տրված՝ նա որոշել էր գնալ մինչև վերջ և մեկառմիշտ «գլխից էլ պրծնել, գլխացավից էլ», այսինքն՝ գիտակցաբար հանձնել ամբողջ Արցախը, և, ինչպես այսօրվա իր մանկահասակ ուսապարկերն են ասում, «հակամարտությունը չթողնել հաջորդ սերունդներին»։ Պարզապես Ռուսաստանը թույլ չտվեց, հասկանալի է՝ ոչ թե հանուն Արցախի, այլ հանուն սեփական տարածաշրջանային շահերի։

Ինչո՞ւ հանկարծ հիշեցինք 2020-ի հոկտեմբերի 19-ը։ Որովհետև այսօր էլ բանակցային գործընթացի՛ «հոկտեմբերի 19»-ն է։ Ադրբեջանն անընդհատ մեծացնում է ճնշումները և ցանկանում է մեկառմիշտ լուծել առնվազն Արցախի հարցը, Հայաստանն էլ համարում է, որ եթե Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում՝ այն այսպես թե այնպես այլևս հայկական չի լինելու, հետևաբար՝ իմաստ էլ չունի ժամանակ ձգել, ավելի լավ է միանգամից հրաժարվել ու «հակամարտությունը չթողնել հաջորդ սերունդներին», իսկ ահա Ռուսաստանին դա հեչ ձեռնտու չէ։ Այսինքն՝ խնդիրը մեկառմիշտ լուծելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Ճիշտ է, կողմերն այդ «լուծումը» տարբեր կերպ են պատկերացնում, բայց բանակցությունները շարունակում են արդեն օնլայն ռեժիմով՝ փաստացի առանց միջնորդների։ Մեկ-մեկ էլ «հետաքրքիր գաղափարներ» են հնչեցվում։ Սամվել Բաբայանը, օրինակ, ասում է՝ ի՞նչ պրոբլեմ կա, թող ադրբեջանցիները գան Կաշենը շահագործեն, հարկերն էլ վճարեն Ղարաբաղին, կամ՝ դե Ղարաբաղն Ադրբեջանին ջուր կտա, իրենք էլ դրա փոխարեն հոսանք կմատակարարեն․․․ «Փաթեթավորման» տեսանկյունից՝ վատ միտք չէ։ Ադրբեջանն էլ առանձնապես դեմ չի լինի շահագործել «իր հանքերը» և որոշ հարկեր վճարել «տեղական համայնքային բյուջեին» կամ էլեկտրաէներգիա մատակարարել «Ղարաբաղի տնտեսական շրջանին»։ Բայց բոլորն էլ հասկանում են, չէ՞, թե գործնականում ինչով է ավարտվելու սա։ Ճիշտ այնպես, ինչպես 2020-ի հոկտեմբերի 19-ին էին հասկանում, թե ինչով է ավարտվելու «գործընթացը կեսից կանգնեցնելու» հնարավորության մերժումը, և որն է դրա նպատակը։ Պարզապես Ռուսաստանն այն ժամանակ այնուամենայնիվ կարողացավ կասեցնել «հարցը մեկառմիշտ լուծելու»՝ Փաշինյան-Ալիևյան համարյա համատեղ ծրագիրը, իսկ հիմա առայժմ չի ստացվում։ Այն ժամանակ էլ, ի դեպ, Ռուսաստանին դա հաջողվեց միայն հոկտեմբերի 19-ից քսան օր անց․ Նիկոլ Փաշինյանը «քարը փեշից թափեց» միայն Շուշին կորցնելուց հետո։ Հարց է ծագում՝ ո՞րն է լինելու հաջորդ «դժբախտ-դժգույն տարածքը», որը կորցնելուց հետո միայն Նիկոլ Փաշինյանը կհասկանա, որ մեր թշնամիների պատկերացմամբ՝ «հակամարտությունը հաջորդ սերունդներին չթողնելու» միայն մի տարբերակ կա․ եթե մեր «հաջորդ սերունդներն» ապրեն այն սահմաններում, որը կորոշեն իրենք։ 

Ընդ որում՝ «մեր թշնամիներ» ասելով միայն ադրբեջանցիներին ու թուրքերին նկատի չունենք։ Ի վերջո 44-օրյա պատերազմը, եթե չեք մոռացել, «համատեղ բարդ օպերացիա» էր։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ