...

Խաղաղության կեղծ դեղահաբի վաճառականը

Խաղաղության կեղծ դեղահաբի վաճառականը

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա Ադրբեջանի պայմաններով», Նիկոլ Փաշինյանն անվանում է «էսկալացիա թույլ չտալու տրամաբանություն»։ Պարզ ասած՝ Հայաստանն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունում է, որպեսզի հանկարծ էսկալացիա չլինի, Ադրբեջանն էլ բառացիորեն ժամ առ ժամ պայմանները փոխում է, բնականաբար՝ իր օգտին։ Իսկ հասարակությունը հանդուրժում է սա։ Թե ինչու՝ փորձենք հասկանալ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ապրանք է վաճառում ժողովրդին, անունը՝ «խաղաղություն»։ Ապրանքը, հասկանալի է, կեղծ է, որովհետև մարդկանց բացարձակ մեծամասնությունը վաղուց է հասկացել, որ սուսուփուս ամեն ինչի հետ համակերպվելը խաղաղություն չի բերելու, որ Նիկոլն իրենց ուղղակի խաբում է և այլն, բայց հավատացեք՝ ճիշտ մարկետինգի դեպքում անգամ կեղծ ապրանքը կարելի է հաջողությամբ վաճառել։ Օրինակ՝ կեղծ դեղ վաճառելու համար պետք է ընդամենը երեք բան։ Առաջին՝ ժողովրդին համոզել, որ իսկական դեղ գոյություն չունի, իր առաջարկածը միակն է, երկրորդ՝ շուկայից դուրս մղել բոլոր նրանց, ովքեր կարող են իսկական դեղն առաջարկել, և երրորդ՝ մարդկանց համոզել, որ հիվանդությունն ահավոր վտանգավոր է, և առանց իր դեղի բոլորը կմեռնեն։ Նիկոլ Փաշինյանը հենց այս տրամաբանությամբ էլ արդեն երկուսուկես տարի է վաճառում է «խաղաղություն» անվանումով կեղծ դեղահաբերն ու ահռելի շահույթներ ստանում՝ բնականաբար, թքած ունենալով պետության ու ժողովրդի առողջության վրա։ Ու դա նրան հաջողվում է, որովհետև խստորեն պահպանում է այդ արատավոր «մարկետինգի» կանոնները։ Իսկ դրանցից թերևս ամենակարևորը մարդկանց վախեցնելն ու անընդհատ վախի մեջ պահելն է։

Տրամաբանական շղթան մոտավորապես հետևյալն է․ փչացնել հարաբերությունները բոլոր հնարավոր դաշնակիցների հետ և լայնորեն գովազդել դա, որպեսզի ժողովրդի համար ավելի ակնհայտ լինի, թե որքան խոցելի վիճակում ենք, անընդհատ առանց որևէ դիմադրության զիջել նորանոր տարածքներ ու ցույց տալ սեփական պաշտպանական պոտենցիալի խեղճությունը՝ զուգահեռաբար գովազդելով թշնամու գերազանցությունը, օրը մի քանի անգամ խոսել «նոր էսկալացիայի» դեպքում ցեղասպանության հեռանկարի մասին, այդպիսով մարդկանց ստիպել պարզապես սարսափել իր առաջարկած «խաղաղությունից» բացի ցանկացած այլ տարբերակից, ու դրանով իսկ հանրային գիտակցության մեջ արմատավորել այն համոզմունքը, որ եթե վարչապետի աթոռին իրենից բացի որևէ այլ օրգանիզմ տեղավորվի՝ դա անխուսափելիորեն հանգեցնելու է նոր էսկալացիայի և նոր ցեղասպանության։ Ի դեպ՝ ամենայն հավանականությամբ հենց սրանով է բացատրվում այն առաջին հայացքից անհեթեթ փաստը, որ սահմանամերձ և առավել խոցելի համայնքներում Նիկոլի կուսակցությունն ավելի շատ ձայներ է հավաքում։ Եթե նա իր իշխանության հիմքում դնում է վախը նոր պատերազմից, բնականաբար՝ որքան թշնամին մոտ է, այնքան այդ վախն ավելի ուժեղ կլինի, և մարդիկ ավելի կգնահատեն «խաղաղության դեղահաբը»։ Եթե անգամ հասկանան, որ կեղծ է (չէ՞ որ իրենց արդեն համոզել են, որ իսկականը չկա, դա միակն է)։

Ու քանի դեռ այլընտրանք առաջարկող չկա, հասարակությունը բաժանված է լինելու ընդամենը երկու խմբի՝ Նիկոլին հանդուրժողներ և Նիկոլին հայհոյողներ։ Ավելի ճիշտ՝ մտքում հայհոյողներ և բարձրաձայն հայհոյողներ։ Ու որքան էլ մտքում հայհոյողները թվով մի քանի անգամ գերազանցեն հանդուրժողներին, միևնույն է՝ դրա արդյունքում իշխանափոխություն չի լինելու։ Խաղաղության կեղծ դեղահաբն էլ շարունակելու է վաճառվել, քանի դեռ «շուկայում» իսկականը չկա։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   520 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ