...

«Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ադրբեջանցիները պոստն իրենց տարածքում են դրել»

«Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ադրբեջանցիները պոստն իրենց տարածքում են դրել»

Եվ այսպես, ապրիլի 23-ին (Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին ու երիտքայլական իշխանությունների հռչակած «քաղաքացու օրը») Արցախի շրջափակումը դարձավ լիակատար։ Իհարկե, Լաչինի միջանցք՝ որպես այդպիսին, վաղուց չկար, մնացել էր միայն ճանապարհը, որն էլ չորսուկես ամիս առաջ փակել էին ադրբեջանցի «էկոակտիվիստները», բայց ապրիլի 23-ին Ադրբեջանը ճանապարհը փակեց արդեն պաշտոնապես, ու հիմա Կոռնիձոր-Ստեփանակերտ ճանապարհը, մեծ հաշվով, առանձնապես չի տարբերվում, ասենք, Իջևան-Ղազախ ճանապարհից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ կարծես թե առանձնապես դեմ չէ։ Ճիշտ է, դատապարտող հայտարարություններ հնչեցին, բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանի իշխանությունները ոչ միայն սպասում էին դրան և «ըմբռնումով են մոտենում», այլև համարում են, որ դա իրենց պատկերացրած «խաղաղության դարաշրջանի» ճանապարհին արված հերթական տրամաբանական քայլն է, հետևաբար՝ համապատասխանում է իրենց ծրագրերին։

Ի՞նչ է տեղի ունենում։ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է, հետագա քայլերը՝ կանխատեսելի։ Նրանք համարում են, որ 44-օրյա պատերազմի արդյունքում իրենց «օկուպացված տարածքների» 75 տոկոսը հայերից վերցրել են, ու եկել է ժամանակը, որ մնացած 25 տոկոսն էլ ռուսների՛ց վերցնեն։ Ընդ որում՝ առայժմ չի երևում, թե ինչ հիմնավորմամբ պիտի ռուսները երկու տարի անց հրաժարվեն դուրս բերել խաղաղապահներին։ Որովհետև խաղաղապահ կոնտինգենտն իր սահմանափակ ռեսուրսներով հազիվ թե կարողանա կանխել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Արցախի դեմ, համալրումներ հնարավոր չեն՝ Ադրբեջանը լիովին վերահսկում է իր սահմանները, Ռուսաստանն էլ հազիվ թե ցանկանա իր կողմից «դե յուրե Ադրբեջան» հռչակված տարածքի համար փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Զուգահեռաբար Ադրբեջանը ձգտում է այնպիսի «խաղաղության համաձայնագիր» պարտադրել Հայաստանին, որը հնարավորություն կտա փաստացի օկուպացնել ՀՀ հարավային և արևելյան շրջանները։ Օրինակ՝ համաձայնագրի տեքստում «ադրբեջանցի փախստականների վերադարձի» կետ ներառելով, ռազմատուգանքի փոխարեն ՀՀ տարածքները ժամանակավորապես տնօրինելու իրավունք ստանալով, և այլն, իսկ եթե չհաջողվի՝ դա որպես «հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշման» ապացույց ներկայացնելով ու նոր պատերազմ սանձազերծելով։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ առայժմ անհանգստանալու կարիք չկա, որովհետև Ադրբեջանը, մեծ հաշվով, իր նշած «կարմիր գծերը» համարյա չի հատել։ Դե եթե ինքն ընդունում է, որ Արցախն Ադրբեջան է, նշանակում է՝ ընդունում է նաև, որ այնտեղ ապրողները պիտի Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կամ, եթե չեն ուզում, ռուսների օգնությամբ «էվակուացվեն» Հայաստան կամ որևէ այլ երկիր։ Չէ՞ որ այդ իրադարձություններն իր նշած 29,8 հազար քկմ տարածքից դուրս են տեղի ունենալու։ Նույն կերպ էլ մտածում է, որ կարող է հարաբերությունները կարգավորել նաև Թուրքիայի հետ՝ «ցեղասպանություն» բառի փոխարեն ասելով «Մեծ Եղեռն» (սովորաբար այդպես վարվում են այն երկրները, որոնք պաշտոնապես չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը)։ Բա իհարկե, չէ՞ որ այդ «ցավալի իրադարձությունները» նախ՝ անցյալում են եղել, իսկ իր համար հայոց պատմությունը սկսվում է 2018-ից, և երկրորդ՝ այդ իրադարձությունները հիմնականում տեղի են ունեցել «29,8 հազար քկմ»-ից դուրս, այսինքն՝ այս հարցում նույնպես ինքը կարող է ուրանալ առանց «կարմիր գծեր հատելու»։ 

Իսկ եթե «բարեկիրթ հարևանն» այնուամենայնիվ «կարմիր գծերը հատի»՝ իր համար էլի՛ պրոբլեմ չկա։ Կասի «անսխալական է միայն Տեր Աստված, իսկ մեղավորը ժողովուրդն է, որ ինձ Աստծո տեղ էր դրել, ես ի՞նչ անեմ, չդնեի՛ք»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ