...

Ընդդիմությունը՝ սեփական քարոզչության ծուղակում

Ընդդիմությունը՝ սեփական քարոզչության ծուղակում

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը պետության ու ժողովրդի գլխին այսքան աղետներ բերելուց հետո դեռ հոխորտում բոլորի վրա՝ հասկանալի է։ Այդպիսի ժողովրդական խոսք կա, չէ՞․ «անշուն գյուղ է մտել՝ առանց մահակ է քայլում»։ Խորհրդարանական ընդդիմությունը ծպտուն է հանում՝ ասում է «տեղներդ վեր ընկեք, բոլորդ թալանչի հանցագործներ եք», զինվորականները փորձում են դժգոհել՝ ասում է «բոլորդ հիգերորդ շարասյուն եք, հատ-հատ բոլորիդ դավաճանությունները կբացահայտեմ», Եկեղեցին փորձում է ձայն հանել՝ ասում է «ձեններդ կտրեք, մոմը ծախում եք՝ պետությանը հարկ չեք տալիս», և այլն։ Հոխորտում է, որովհետև փողոցում ընդվզող ժողովուրդ չկա։ Հատուկենտ տեղային ակցիաները չհաշված՝ մարդիկ հուսահատված են կամ լավագույն դեպքում պայքարելու իրենց պատրաստակամությունն արտահայտում են նախկին «բեսեդկաներին» փոխարինած սոցկայքերում։

Իսկ ինչո՞ւ են հուսահատված։ Նախ՝ որովհետև իրենց ուղեղներում կառուցված «անվտանգության համակարգը» (որ «ռուսները մեզ կպաշտպանեն ու նոր պատերազմ թույլ չեն տա») միանգամից փլուզվեց ու շոկի ենթարկեց բոլորին, և երկրորդ՝ որովհետև չեն հավատում արժանապատիվ խաղաղությանը կամ ընդհանրապես խաղաղության օրակարգին։ Ուշադրություն դարձրեք՝ երկու դեպքում էլ Հայաստանի «քաղաքական էլիտաներն» են տասնամյակներ շարունակ այդ անհեթեթությունները ներարկել մարդկանց ուղեղները, և երկու դեպքում էլ դա արել են հստակ հաշվարկված նպատակներով։

«Ռուսները մեզ կպաշտպանեն ու նոր պատերազմ թույլ չեն տա» թեզն իշխանություններին հնարավորություն էր տալիս ոչ միայն թքած ունենալ միջազգային նորմերի վրա՝ առանց հետևանքները հաշվի առնելու, այլև մատների արանքով նայել բանակի կատարելագործմանը և ուժային բալանսի պահպանմանը՝ «հանգիստ խղճով» զինված ուժերը վերածելով սովորական բիզնես-կառույցի։ Եվ ողջամտության ձայները՝ որ խնդիրը պետք է կարգավորել սեփական հնարավորությունների սահմաններում, որ չի կարելի անտեսել միջազգային հանրության կարծիքը, որ ռուսների առաջնահերթությունները կարող են փոխվել, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում և այլն, խեղդվում էին այն ինքնահավան պաթոսով փաթեթավորված բիզնես-ծրագրի գովազդային արշավի մեջ, որ «վախենալու բան չկա, միևնույն է՝ ռուսները մեզ կպաշտպանեն և նոր պատերազմ թույլ չեն տա»։ Բնականաբար՝ եթե տասնամյակներ շարունակ մարդկանց մեջ նույն կեղծ ապահովության զգացողությունն ես ներարկում, ու միանգամից փուչիկը պայթում է, հետևանքը լինում է շոկն ու հուսալքությունը։

Թե ինչու մարդիկ արժանապատիվ խաղաղությանը չեն հավատում՝ նույնպես հասկանալի է։ Նույն այդ «քաղաքական էլիտաները» նույն տասնամյակների ընթացքում մարդկանց գլուխները լցնում էին այն անհեթեթությամբ, թե իբր ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ առաջին պատերազմից հետո ներկայացված առաջարկները ոչ թե արժանապատիվ խաղաղություն էին բերելու, այլ համարյա դավաճանություն ու կապիտուլյացիա էին։ Հիմա ինչո՞ւ են զարմանում, որ 25 տարի շարունակ խաբված ժողովուրդը մտածում է՝ «դե եթե հաղթած վիճակում էր արժանապատիվ խաղաղությունն անհնար, ուրեմն պարտված վիճակում ընդհանրապես բացառված է, պատերազմի ռեսուրս էլ՝ չունենք, ուրեմն դուրս գանք փողոց, որ ի՞նչ անենք, հենա Նիկոլը ճիշտ ա անում, որ ամեն ինչ տալիս ա»։ Այնպես որ՝ ով-ով, բայց «տիտղոսակիր ընդդիմությունը» ժողովրդի հուսալքվածությունից դժգոհելու իրավունք հաստատ չունի։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է այն տարակուսանքին, որ մարդիկ Երևանի սրճարաններում նստած՝ չեն հասկանում, որ Տեղ գյուղում կամ Վերին Շորժայում տեղի ունեցողը նաև իրենց է վերաբերում, ապա ընդամենը հիշեցնենք, որ արցախյան առաջին պատերազմին հաջորդած տարիներին «Հայաստան» հիմնադրամի միջոցներն ուղղվում էին բացառապես Հայաստանն Արցախին կապող ճանապարհին ու սահմանամերձ բնակավայրերին, և միայն Ռոբերտ Քոչարյանի մտքով անցավ այդ հիմնադրամի միջոցներով Երևանի կենտրոնում «սիրահարների այգի» հիմնանորոգել։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ