...

Ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և բանակցություններից հետո

Ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և բանակցություններից հետո

Սոչիի բանակցությունների վերաբերյալ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեկնաբանությունները հերթական անգամ հիշեցրեցին հայտնի անեկդոտը․ ընկերն ընկերոջը հարցնում է՝ «երեկ որ շատ ուշ տուն գնացիր, կինդ ո՞նց դիմավորեց, հո սկանդալ-բան չեղա՞վ», սա էլ պատասխանում է՝ «չէ, ամեն ինչ նորմալ անցավ, ես էդ մի քանի ատամներս սենց թե նենց պիտի քաշել տայի»։ Նիկոլ Փաշինյանը, ահա, ճիշտ նույն ոգով թիմակիցներին ու ՀՀ քաղաքացիներին «բացատրեց», որ Սոչիում տեղի ունեցածը կարելի է համարյա որպես դիվանագիտական փայլուն հաղթանակ համարել։ Ընդ որում՝ խոսքը հատկապես այն կետերի մասին էր, որոնցում փաստացի «անցել էր» Ադրբեջանի դիրքորոշումը։

Հիմա՝ ավելի մանրամասն։ Նախ՝ այն, որ համատեղ հայտարարության տեքստում Ղարաբաղն ընդհանրապես հիշատակված չէր, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես «100 տոկոսով» մեր շահերից բխող, որովետև դա, իբր, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Իսկ ինչու «իբր»՝ որովհետև Ալիևը ոչ թե համաձայնվեց հետաձգմանը, այլ հրապարակավ հայտարարեց, որ այդպիսի հարց ընդհանրապես չկա, հետևաբար՝ քննարկում էլ չի լինելու, Պուտինն էլ չառարկեց։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում համարեց այն, որ թեև ռուս խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու իր առաջարկն Ադրբեջանը մերժեց, բայց այդ հարցը դարձավ օրակարգային։ Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող էր, օրինակ, դիմել Էրդողանին և առաջարկել վերադարձնել Արևմտյան Հայաստանը, կտրուկ մերժում ստանալ ու հայտարարել, թե այնուամենայնիվ իրեն հաջողվեց Արևմտյան Հայաստանի վերադարձը դարձնել հայ-թուրքական բանակցությունների օրակարգի հարց։ 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի «աննախադեպության» և սնապարծության հաջորդ առարկան հենց հարևան երկրների լիդերների հետ անձնական հանդիպումների թիվն էր։ Նա չկարողացավ մտաբերել՝ երբևէ եղե՞լ է, որ Հայաստանի ղեկավարը կարճ ժամանակահատվածում հանդիպումներ ունենա հարևան բոլոր 4 պետությունների ղեկավարների հետ։ Գուցեև չի եղել, բայց համաձայնվեք՝ լավ կլիներ հպարտանար ոչ թե հանդիպումների թվով, այլ բանակցությունների բովանդակությամբ։ Հակառակ դեպքում դա նույնն է, թե մեկը ունեցվածքը տանուլ տա, տունը գրավի տակ դնի ու կորցնի, ստիպված լինի եղած-չեղածն աճուրդով վաճառել հարևաններին ու հետն էլ պարծենա, թե երբևէ չէր եղել, որ որևէ տանտեր կարճ ժամանակահատվածում հարևանների հետ այսքան ինտենսիվ շփումներ ունենար։ Հարևանների հետ պետք էր շփվել այն ժամանակ, երբ դեռ տունդ չէիր կորցրել, ու այդ դեպքում դա իսկապես կլիներ հարևանություն՝ հավասարը հավասարի պես, իսկ երբ բոլոր կողմերից շտապում են ունեցվածքիդ տեր կանգնելու՝ դա արդեն այլ բան է։ 

Հա, քիչ էր մնում մոռանայինք։ Նիկոլ Փաշինյանը վիթխարի, համարյա տիեզերական նշանակության նվաճում համարեց նաև այն, որ իրեն հաջողվել է արձանագրել հայ-ադրբեջանական պետական սահմանի գոյությունը։ Դե հիմա ի՞նչ տարբերություն՝ սահմանը Իշխանասարո՞վ կանցնի, թե՞ Ներքին Չարբախով, կարևորը՝ արձանագրվել է, որ սահման այնուամենայնիվ գոյություն ունի։ Եթե այսպես շարունակվի՝ Նիկոլ Փաշինյանը հաջորդ անգամ կհայտարարի, որ անձամբ իր դիվանագիտական հմտությունների շնորհիվ արձանագրվել է, որ աշխարհում Հայաստան անունով պետություն կա։ 

Եվ դա իսկապես կլինի աննախադեպ, որովհետև մինչև հիմա ՀՀ որևէ իշխանության մտքով չէր անցել պարծենալ նման բաներով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ