...

Ըստ Նիկոլի՝ էս ժողովուրդը էս պետականության ձեռը կրակն ա ընկել

Ըստ Նիկոլի՝ էս ժողովուրդը էս պետականության ձեռը կրակն ա ընկել

Հանրային ռադիոյին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը երևի շատերն են լսել։ Կարմիր շորի ու ճանապարհի երկու կողմերում շարված ցուլերի թեման դեռ մի կողմ թողնենք ու առայժմ ընդամենը մի քանի հարց տանք։ Նախ՝ այդ «ցուլերը» միշտ էլ եղել են Հայաստանի երկու կողմերում, բա այդ ինչպե՞ս է պատահել, որ երբ նորմալ իշխանություններ ենք ունեցել ու խելամիտ արտաքին քաղաքականություն վարել՝ հաջողացրել ենք զերծ մնալ հարձակումներից անգամ առանց «կարմիր զգեստը փոխելու», իսկ երբ նորմալ իշխանության փոխարեն ունեցել ենք Նիկոլ Փաշինյան՝ անգամ «զգեստը փոխելու» պատրաստակամությունը չի օգնել, և, ըստ նույն Նիկոլ Փաշինյանի, որևէ երաշխիք էլ չկա, որ երբևէ կօգնի։ Երկրորդ հարցը։ Մեկ-մեկ էլ Ադրբեջանի աշխարհագրական դիրքին նայեք՝ արևմուտքում թշնամի Հայաստանն է, հյուսիսում ու հարավում՝ պոտենցիալ լրջագույն թշնամիներ Ռուսաստանն ու Իրանը, բա այդ երկիրն ինչպե՞ս հաջողացրեց այդ «ցուլերի» միջավայրում հաջողությունների հասնել։ Շատ պարզ․ ի տարբերություն Նիկոլի՝ կարողացավ ձևակերպել իր պետական շահերն ու դրանց իրականացման ճանապարհին դաշնակիցներ գտնել, այդ թվում՝ ի դեմս նույն այդ «ցուլերի»։

Ի դեպ՝ հենց պետական շահերի և անվտանգության նոր համակարգի թեման էր հարցազրույցի կարևորագույն ասելիքը։ Բանն այն է, որ ցանկացած պետության հիմնական գործառույթը հենց դա է՝ ձևակերպել պետական շահերը և դաշնակիցներ գտնել՝ դրանք իրականացնելու համար։ Այդպես են վարվում անգամ աշխարհի ամենահզոր պետությունները։ Չկա այդ գործառույթը՝ չկա պետություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ահա, հայտարարում է, թե մենք պիտի անվտանգության այնպիսի համակարգ ստեղծենք, որտեղ որևէ դաշնակցի կարիք չունենանք։ Մարդը, հասկանում եք, փչացրել է հարաբերությունները բոլոր պոտենցիալ դաշնակիցների հետ ու հանգել «տրամաբանական եզրակացության»՝ ինքը մեղավոր չէ, պարզապես դաշնակիցը փիս բան է, դրանցից պետք է հեռու մնալ։ Եթե փոքր-ինչ սխեմատիկ ներկայացնենք՝ Նիկոլ Փաշինյանի ասածը սա է․ «սիրելի ժողովուրդ, ձեր վարչապետը ես եմ, արտաքին քաղաքականություն իրականացնողը ես եմ, դուք եք ինձ ընտրել, ես էլ՝ թարսի պես, առանձնապես խելք չունեմ, հետևաբար՝ ստիպված պիտի այնպիսի արտաքին քաղաքականություն վարեմ, որի համար խելքի կարիք չկա»։ 

Փաստացի ճիշտ է ասում․ եթե խելք չունի՝ ուրեմն այլընտրանք է՛լ չունի ու ստիպված է այդպիսի քաղաքականություն վարել։ Բայց դա ճիշտ է միայն իր տեսանկյունից, մինչդեռ պետության տեսանկյունից սխալ է՝ պետությունը լավ էլ այլընտրանք ունի։ Ընդամենը պետք է ունենալ այնպիսի իշխանություններ, որոնք բավականաչափ խելք կունենան պետական շահերը ձևակերպելու և դրանց իրականացման հարցում դաշնակիցներ գտնելու համար։ Թե ինչպես՝ այլ հարց է, ընդ որում՝ կարևորագույն հարցը, բայց սա արդեն շատ ավելի լայն քննարկման թեմա է։

Ամեն դեպքում՝ եթե սարից իջած փափախավոր մեկը մկրատը մտցնում է էլեկտրական վարդակի մեջ, մի քանի մետր հետ շպրտվում ու գետնին նստած՝ «այսահարված վիճակում» փնթփնթում, թե էլեկտրականության հայտնագործումը մարդկության դեմ իրականացված մեծագույն չարիք է, ներկաները, բնականաբար, նրա վրա ծիծաղում են։ Ցավոք՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն այդ վիճակի մեջ է գցել, բայց աշխարհը ծիծաղում է ոչ թե նրա, այլ մեր երկրի ու բոլորիս վրա։ Որովհետև շարունակում ենք հանդուրժել այս խեղկատակությունը։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ