...

Զզվանքի և ատելության հեղափոխությունը

Զզվանքի և ատելության հեղափոխությունը

Չորս տարի առաջ մոտավորապես այս օրերին Երևանում «սիրո և համերաշխության» հեղափոխություն էր․ իշխանությունների ներկայացուցիչների դռների առաջ դագաղներ ու ծաղկեպսակներ էին դնում, հայհոյում էին ամենավերջին խոսքերով, և այլն։ Հիմա Երևանում մոտավորապես նույն վիճակն է, բայց դերերը փոխվել են։ Ու դարձյալ՝ բովանդակություն չկա, հին ու նոր թալանչիների պայքար է՝ փոքրաթիվ վճարովի ակտիվիստների ու մեծաթիվ ազնիվ մոլորյալների միջոցով։ Մի կողմում Քոչարյանի, Սաշիկի ու մյուս «նվիրյալների» որդիներն են, մյուս կողմում՝ չորս տարի առաջ «նիսյայով կոֆե խմող» ու չորս տարվա ընթացքում մուլտիմիլիոնատերեր դարձած, «նոր սերնդի, ծյունինգ արած» ալենչոներն ու շիշ բռնողները։

Քարոզչական ժխորն էլ է նույնը՝ «ոչ թուրքացմանը» (չորս տարի առաջ ասում էին «ոչ ադրբեջանականացմանը»), «թալանը հետ ենք բերելու», «փրկենք հայրենիքը», «թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները», «ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ․․․», «արա՛, դուք հո թո՞ւրք չեք, ձե՛ռըս թող, արա՛», «արա ա՛յ համբալ, գնացեք սահմանը պաշտպանեք», «մարդ ա վատացել», և այդպես շարունակ։ 

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ծայրահեղ աղքատ երկրում կերած-խմած, հաստավիզ ոստիկանները քաշքշում են նույնքան կերած-խմած ու նույնքան հաստավիզ «փրկիչներին»՝ վշտից ու անելանելիությունից մի բուռ դարձած մարդկանց աչքի առաջ պատռելով նրանց թանկարժեք կոստյումներն ու «խազելով» նրանց հարյուր հազարանոց ավտոները։ Պարզապես հետաքրքիր է՝ աշխարհում եղե՞լ է այսպիսի բան, որ ծայրահեղ ծանր վիճակում հայտնված երկրում ներքաղաքական պայքար ծավալվի ոչ թե երկիրն այդ վիճակից դուրս բերելու օրակարգով, այլ բացառապես միմյանց նկատմամբ զզվանքի ու ատելության պատճառով։ Մեծ հաշվով, ներհայաստանյան քաղաքական դիսկուրսը հենց դա է․ ովքե՞ր են ավելի զզվելի՝ գործող իշխանություննե՞րը, թե՞ նրանց ռադ անել փորձողների լիդերները, և ո՞ւմ նկատմամբ ատելությունն է ավելի գերիշխող։ 

Իսկ երկու կողմերի առաջնորդներն, ի դեպ, ոչ իրար ատում են, ոչ էլ իրարից զզվում։ Նրանք ընդհանրապես էմոցիաներով չեն առաջնորդվում, պարզապես իրենց գործն են անում։ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած ոստիկանին ազատ արձակեց հստակ հաշվարկով, որովհետև այս պահին նրա հիմնական հենարանն ուժայիններն են, ու ցանկացած ոստիկան պիտի վստահ լիներ, որ շեֆի ցանկացած հրաման կատարելով՝ անգամ մահվան ելքով, ինքն անպատիժ է մնալու։ Եվ Նիկոլը ցույց տվեց դա։ Նույն կերպ էլ՝ ընդդիմության լիդերները։ Իրականում նրանք հավասարապես զզվում են և՛ շարքային ցուցարարներից (հակառակ դեպքում անգամ Ազատության հրապարակում տասնյակ թիկնապահներով չէին շրջի), և՛ ոստիկաններից։ Բայց նրանց բախումներ են պետք, ցանկալի է՝ տեսախցիկների առջև և կանացի ճիչերի ուղեկցությամբ, ու նրանք սառնասրտորեն ապահովում են դա։ Աշխատանքի բնույթն է այդպիսին, ու նպատակը դա է պահանջում։

Իսկ թե ինչով կավարտվի այս ամենը՝ մեծ հաշվով, էական չէ։ Ի՞նչ տարբերություն, եթե պայքարն ընթանում է ընդամենը հայրենիքի «մյուս կեսն էլ կործանելու» իրավունքի համար։ Առավել ևս, որ «առաջին կեսը» միասին են կործանել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ