...

25 տարի իրար խաբելով՝ հայտնվեցինք «յոնջայի արտում, անդունդի եզրին»

25 տարի իրար խաբելով՝ հայտնվեցինք «յոնջայի արտում, անդունդի եզրին»

Արդյո՞ք մեր հասարակությունը համակերպվել է այն իրավիճակի հետ, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը։ Եթե դատելու լինենք հասարակության հանրային վարքագծի արտաքին դրսևորումներով, իսկ ավելի կոնկրետ՝ բացարձակ իներտությամբ, ապա այո, կարծես թե համակերպվել է։ Այդ իներտությունը, սակայն, պայմանավորված է նրանով, որ քաղաքական ուժերը որևէ այլընտրանք չեն առաջարկում, հակաիշխանական քարոզչությունն էլ այնքան պրիմիտիվ է, որ իշխանություններին ավելի շատ օգնում է, քան վնասում։

Նիկոլ Փաշինյանը, օրինակ, երկու տասնյակ ջիպերով Գյումրիում ռեստորանից ռեստորան է սլանում ու կաթվածահար անում քաղաքը, տիտղոսակիր ընդդիմությունն էլ Հայաստանով մեկ աղմուկ է բարձրացնում, թե «հլը դրան նայեք, քանի կար՝ հեծանիվով էր գնում գործի», «Գյումրիից ճղած բոթասներով քայլեցին Երևան, հիմա 20 ջիպով են ֆռֆռում» և այլն։ Բայց այդ «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» քարոզչությունը չի աշխատում։ Նախ՝ որովհետև դրանում քաղաքական բովանդակություն չկա, դա ընդամենը ուղերձ է ժողովրդին՝ «տեսա՞ք, որ սրանք խաբել են ձեզ»։ Այսինքն՝ նպատակը ժողովրդին զայրացնելն է։ Ու ժողովուրդը, գավառական չտեսի այդ «դվիժենիները» տեսնելով, իսկապես էլ զայրանում է։ Բայց զայրացած ժողովուրդները, որպես կանոն, իշխանափոխություն չեն անում, «բունտ» են անում, և այդ «բունտի» արդյունքում, որպես կանոն, իշխանության են գալիս նույնքան պատահական մարդիկ, որքան իրենց զայրացրածները։ Իսկ եթե անգամ բանը հասնում է ընտրություններին, զայրացած ժողովուրդը գերադասում է իր ձայնը տալ ոչ թե որևէ լուրջ քաղաքական ուժի, այլ առաջին պատահած պայմանական «Դոգ»-ին։ Երկրորդ՝ կոնկրետ Հայաստանի տիտղոսակիր ընդդիմության դեպքում այդ քարոզչությունը բացարձակապես անիմաստ է, որովհետև «սրանք զբաղվում են թալանով ու երկիրը դարձրել են պադավատապետություն, մենք կգանք ու այդ ամենը կվերացնենք» թաքնված խոստումը նրանց շուրթերից ուղղակի ծիծաղելի է հնչում։

Ընդդիմության քարոզչական գործունեության նպատակը պիտի ոչ թե ժողովրդին զայրացնելը լինի, այլ կարևորագույն հարցերում այլընտրանք առաջարկելը։ Կարո՞ղ են արդյոք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ դաշնակները Արցախի հարցում այդպիսի այլընտրանք ներկայացնել։ Նիկոլը, օրինակ, համարյա բաց տեքստով ասում է՝ «Արցախ չկա, Արցախը մոռացեք, նախկիններն էին մեղավոր, ռուսներն էլ մեզ դավաճանեցին, հիմա տեսնենք ուրիշ է՞լ ինչ պիտի տանք, որ բալքիմ խաղաղություն հաստատվի»։ Տիտղոսակիր ընդդիմությունն էլ, բնականաբար, ասում է «ռուսները կապ չունեն, դո՛ւ ես մեղավոր»։ Բայց դա անցյալին է վերաբերում։ Կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը որպես ապագայի ծրագիր ներկայացնել, օրինակ, Արցախի վերադարձը նույն ռուսների աջակցությամբ՝ այն դեպքում, երբ ընդամենը երեք ամիս առաջ Արցախը հայաթափվեց այդ նույն ռուսների թողտվության ու նույնիսկ աջակցության պայմաններում։ Չի կարող, որովհետև որևէ մեկը դրան չի հավատա։ Կարո՞ղ է որպես մոտ ապագայի հստակ ծրագիր ներկայացնել սեփական ուժերով Արցախը ռազմական ճանապարհով ետ բերելը։ Չի կարող, որովհետև հասարակությունը դրան նույնպես չի հավատա ու կընկալի որպես նոր պատերազմի ծրագիր՝ անկանխատեսելի հետևանքներով։ Այստեղից էլ՝ հասարակությանը ոչ թե մտածված իշխանափոխության, այլ «բունտի» նախապատրաստելու «ռազմավարությունը»։

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Դեռևս նախանցյալ դարում մի խելացի մարդ նկատել է, որ ավելի հեշտ է խաբել մարդկանց, քան համոզել, որ նրանք խաբված են։ Այո, խաբելն ավելի հեշտ է։ Դրա համար էլ իրենք իրենց «քաղաքական ուժեր» համարողները որոշեցին գնալ հեշտ ճանապարհով՝ 1998-ին խաբեցին, 2008-ին խաբեցին, 2018-ին խաբեցին, 2021-ին խաբեցին․․․ Դե շարունակեք խաբել, տեսնենք ո՞ւր ենք հասնելու այդ «հեշտ ճանապարհով»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ