...

ԱԱԾ-ն և մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմը

ԱԱԾ-ն և մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմը

Արդեն երրորդ օրն է՝ հանրությունն ուշքի չի գալիս Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի բացահայտման լուրից։ Ամեն ինչ կարծես թե պարզ է․ մի շարք զինվորականներ գումարի դիմաց գաղտնի տեղեկություններ են հայտնել թշնամուն, ԱԱԾ-ն էլ բացահայտել ու 19 հոգու ձերբակալել է։ Անհասկանալի է մնում ընդամենը մի հարց՝ իսկ ի՞նչ կարիք կար այդ ամենը հանրայնացնել ու մանրամասն ներկայացնել բոլոր լրատվամիջոցներով։

Հայաստանում թշնամական լրտեսներ միշտ էլ եղել են, ԱԱԾ-ն էլ պարտավոր է բացահայտել նրանց ու ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Սա հասկանալի է։ Բայց ի՞նչն է պատճառը, որ մի երկրում, որտեղ, օրինակ, ԱԺ նախագահի կառավարական առանձնատան սանհանգույցի վերանորոգման ծախսերը պետական գաղտնիք են համարվում, ԱԱԾ-ն որոշում է նման «թափանցիկությամբ» աշխատել։ Սեփական հաջողությունները գովազդելու գայթակղություն, իհարկե, միշտ էլ կա, բայց հարց է ծագում՝ դրա արդյունքում պետությունն ավելի շատ շահո՞ւմ է, թե՞ կորցնում։ Որևէ մեկի մտքով չի՞ անցել, օրինակ, որ ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայություններին ոչ այնքան այդ 19 ենթադրյալ գործակալների հաղորդած տեղեկություններն էին պետք, որքան զանգվածային դավաճանության բուն փաստը և դրա բացահայտումը՝ որպես մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։ Դրա համար պետք է ընդամենը հետևել այդ բացահայտման հանրային արձագանքներին։ «Լավ, որտեղի՞ց մեր մեջ այսքան դավաճաններ», «հո զոռով չի, դավաճանությունը մեր գեների մեջ ա», «այ սրանց պատճառով պատերազմում պարտվեցինք», «էս հալով էլ ուզում ենք ինչ-որ բանե՞ր փրկենք» և այլն։ Այսինքն՝ քայլ առ քայլ մեզանում արմատավորում են անլիարժեքության բարդույթը, որն առանց այն էլ խորացել էր 44-օրյա պատերազմից հետո։ Եվ ԱԱԾ-ն իր «թափանցիկությամբ» նպաստում է դրան։

Ուրիշ խնդիր էլ կա։ Պետք է պարտության համար կոնկրետ մեղավորներ գտնել։ Պատահակա՞ն է արդյոք, որ գործակալական ցանցի բացահայտումը ճշգրտորեն համընկավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ձևավորման հետ։ Հասկանալի է, չէ՞, որ այդ հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը նույնպես լինելու է դավաճանների հայտնաբերումը, բայց այս դեպքում՝ ոչ թե 400 կամ 600 դոլարի դիմաց, այլ քաղաքական դրդապատճառներով։ Իշխանություններն ամեն գնով պիտի ցույց տան, որ պարտության պատճառը ոչ թե «գերագույն-գլխավոր մոդերատորի» անպատասխանատու քաղաքականությունն ու կառավարման անկարողությունն էր, այլ գրոշների դիմաց հայրենիքին դավաճանած տականքները, «նախկինների հրամանները կատարող» գեներալները, դիրքերը լքած 18-ամյա զինվորները, «զանգվածաբար փախչող» արցախցիները, ովքեր «դավաճանաբար» կանանց ու երեխաներին դուրս էին բերում հրետակոծվող բնակավայրերից, ժամկետանց զենք-զինամթերքը և այլն, մի խոսքով՝ ով ասես, բացի իրենցից։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ սա նաև կբացատրի, թե ինչու 2020-ի հոկտեմբերի կեսերին ինքը մերժեց պատերազմը դադարեցնելու հնարավորությունը։ Ինքը, հասկանում եք, «պատերազմում բեկում մտցնելու» հնարավորություն էր տեսնում, ի՞նչ իմանար, որ շուրջբոլորը համատարած «դավաճաններ» են։

Սա շատ կեղտոտ քարոզչություն է՝ ուղղված սեփական երկրի դեմ, ու սրան անուղղակիորեն նաև մեր ԱԱԾ-ն է մասնակցում։ Այն ԱԱԾ-ն, որի ղեկավարին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երեքուկես տարիների ընթացքում հինգ անգամ փոխել է։ 

Հ․ Գ․ Բացահայտված գործակալական ցանցում ներգրավվածները պիտի պատժվեն ամենայն խստությամբ՝ որպես հայրենիքի դավաճաններ, և այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց չի կարելի ինքնանվաստացման այն աստիճանի հասնել, որ պետականորեն քարոզվի, թե փաստորեն կարելի էր Հայաստանը պարտության մատնել ընդամենը մի քանի ստահակների մի քանի հարյուր դոլար վճարելով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4636 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ