...

Ահաբեկչության լավն ու վատն էլ կա

Ահաբեկչության լավն ու վատն էլ կա

Բա, պարզվեց, որ մեր իշխանությունները նաև ահավոր տանել չեն կարողանում ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Էն իշխանությունները, որոնք երբ «Սասնա ծռերը» զինված մտել էին զորամաս ու ոստիկաններ էին սպանում, շտիկ-դանակի պես ցցվեցին, Խորենացի փողոցում ծռերի ցավն էին տանում: 

Մի հատ նորից նայեք այդ դեպքերի տեսանյութերը, թե ոնց էին քպ-ականները այդ ահաբեկչության ու թափած արյան վրա ռեյտինգ հավաքելու գործ անում: Նայեք, էլի, Նիկոլ Փաշինյանն այդ ահաբեկչությանն ինչ անուն էր տալիս: 

Հիմա, այդ ձայնագրությունը հրապարակելուց ու 15 հոգու ձերբակալելուց հետո, իրար հերթ չտալով, բոլորը դատապարտում են ահաբեկչությունը: Դե, սա ուրիշ է: Սասնա ծռերինը ճիշտ ահաբեկչություն էր, իսկ սա սխալ: Սրանց լոգիկան նայեք: 

ՔՊ-ական, ձեռի հետ էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակաահաբեկչական ստատուսներ է, որ գրել է: Մենակ մեկը մեջբերենք. «Սերժ Սարգսյանը, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը, ուղիղ կամ թիմակիցների միջոցով, աջակցեցին Կտրիճ Ներսիսյանին ու իր սրբազանին: Այսինքն աջակցեցին ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը»:

Բա հիմա ո՞նց չհիշեցնես, որ մեկ այլ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը՝ Ռուբեն Ռուբինյանի հայրը, ինչ էր գրել «Սասնա ծռերի» իրագործած ահաբեկչության մասին. «Ապստամբած «Սասնա ծռերը» ոճրագործներ չէին, իսկ ապստամբության մեղավորը երկրում իշխանությունը բռնազավթած ու անկուշտ թալանով զբաղված Սերժիկ Սարգսյանն էր՝ իր ոհմակով հանդերձ։ Քանի որ ապստամբության մեղավորը որպես ամբաստանյալ ներկա չէ դատավարությանը, իսկ դատավարությունն էլ կատարվածը որպես ապստամբություն չի դիտարկում, կարելի է պնդել, որ գործընթացը, ինչպես նաև դատախազության պահանջած պատժաչափերը, ոչ մի կապ չունեն իրականության հետ»։ Ռուբեն Ռուբինյանը համաձա՞յն է այս տեսակետի հետ: Համոզմունք ունենք, որ համաձայն է:

Այնպես որ, մի բան ասենք, բայց չնեղանաք. այս իշխանությունները կյանքով ապացուցել են, որ ոչ թե ընդհանրապես ահաբեկչությանն են դեմ, այլ միայն իրենց սպառնացող ահաբեկչությանը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ