...

«Նիկոլենց ձևով»-ն ավելի հուսալի է

«Նիկոլենց ձևով»-ն ավելի հուսալի է

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է․ «Տեսա, որ ռուսաստանցի օլիգարխի թիմը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում օլիգարխն իր գրպանից փող է տալու նախարարներին․․․ դա Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է»։

«ՉԻ»․ Ռուբեն Ռուբինյանն իրավացի է, դա իսկապես հանցագործություն է։ Եվ ընդհանրապես՝ «ռուսաստանցի օլիգարխի թիմը» պիտի հասկանա, որ սա ոչ թե Կալուգայի «Նիժնի Տապըռ» գյուղն է, այլ «Իրական Հայաստանը», և այստեղ հարցերն այլ կերպ են լուծվում։ Օրինակ՝ այդ նույն մեծահարուստը նախարարներին ծրարով փող բաժանելու փոխարեն կարող է, ասենք, ֆինանսական աջակցություն ցուցաբերել հակակոռուպցիոն մարմնին, այդ մարմինն էլ «խնայված գումարները» կփոխանցի բյուջե, ու դրանով նախարարներն ամեն ամիս մի 2-3 միլիոն դրամ պարգևավճար կստանան։ Կամ, օրինակ, նախարարներն ամիսը մեկ հաջողակ գործարարներին ընթրիքի կհրավիրեն՝ 100 հազար դրամ մուտքի վճարով, «ռուսաստանցի օլիգարխն» էլ ամեն անգամ իր աշխատողներից մի 20-30 հոգու 100 հազարական դրամ կտա և կուղարկի ընթրելու, ու ամեն ինչ կլինի միանգամայն օրինական։ Ընթրիքի հաշիվն էլ թող փակի, ասենք, Սամվել Կարապետյանի տիկնոջ «Իմ ձևը» հիմնադրամը։ Հո ամեն ինչ հատ-հատ չե՞նք բացատրելու, մեռանք ասելով՝ կրթվելը նորաձև է, մի քիչ էլ ինքնուրո՛ւյն կրթվեք։ 

Խորհուրդ կտայինք նաև ավելի լրջորեն ուսումնասիրել «Իրական Հայաստանի» քրեա-իրավական դաշտի նրբությունները։ Հայաստանում ժողովրդին թալանելը հանցանք է, իսկ ժողովրդի փողերով ձևավորված բյուջեն թալանելը՝ ոչ։ Կարելի էր, չէ՞, գոնե այս նրբությունը հասկանալ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ