...

Ամեն ինչ տանուլ տված խաղամոլը

Ամեն ինչ տանուլ տված խաղամոլը

Ընդամենը երեքուկես տարում Հայաստանի ու Արցախի գլխին անդառնալի աղետներ բերած Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացումներ գտնել, բայց դրանք ոչ թե պետության ղեկավարի արդարացումներ են, այլ անուղղելի խաղամոլի։ Խաղամոլի, որը խաբեությամբ ու փուչ խոստումներով վերցրել է բարեկամների ու հարևանների խնայողությունները, ամբողջը տանուլ տվել կազինոյում ու հետո սկսել արդարանալ, թե «դե բա ես ի՞նչ անեի, կազինոյի սկզբունքն այնպիսին է, որ հաղթելու շանսերը չնչին են, համ էլ՝ մեկ ա վաղ թե ուշ դուք էդ փողը ծախսելու էիք՝ գնար, իսկ ես գոնե փորձեցի մի բան շահել, հիմա ի՞նչ եք ավելորդ աղմուկ բարձրացրել»։ Ընդ որում՝ առանձին-առանձին այդ փաստարկներից յուրաքանչյուրում ճշմարտության հատիկ կա։ Կազինոյում իսկապես էլ հաճախորդի շահելու հավանականությունը չնչին է, բայց հրաշքի հավանականություն կա։ Միայն թե՝ արդյոք դա արդարացնո՞ւմ է խաղամոլին, այն էլ՝ ոչ թե իր, այլ մի ամբողջ ժողովրդի ունեցածը խաղասեղանին դնողին ու տանուլ տվածին։

Հիմա էլ հարցն այնպես է ներկայացնում, թե 30-ամյա այս պայքարում առանցքայինն Արցախի անկախության միջազգային ճանաչումն էր, իսկ դա այսպես թե այնպես լինելու բան չէր, հետևաբար՝ մենք ի սկզբանե դատապարտված էինք պարտության։ Սա շատ նուրբ ու լավ մտածված խաբեություն է, որովհետև իրականում մեր 30-ամյա պայքարի առանցքային նպատակն Արցախի անկախությունը չէր։ Գերնպատակն այն էր, որ Արցախում, որտեղ 3 հազար տարի անընդմեջ հայեր են ապրել, առնվազն ևս 3 հազար տարի հայեր ապրեն, ընդ որում՝ ապրեն անվտանգ և արժանապատվորեն։ Իսկ անկախությունը ոչ թե ինքնանպատակ էր, այլ այդ խնդիրը լուծելու, այսինքն՝ Արցախը հայկական պահելու կարևորագույն երաշխիք և միջոց։ Կարևորագույն, բայց ոչ միակ, որովհետև անվտանգության տևական երաշխիքներ կարելի էր ունենալ նաև լինելով եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո անկախ, այսինքն՝ ունենալով սեփական բանակ, կառավարություն, Սահմանադրություն, ոստիկանություն, հատուկ ծառայություններ և այլն, ու այդ ամենը՝ միջազգայնորեն ճանաչված։ Ի վերջո Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, իսկ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունն, օրինակ, ոչ, բայց որևէ մեկը չի կարող պնդել, որ մենք ավելի ապահով ենք, քան նրանք։ Ահա Արցախի այդ դե ֆակտո անկախությունը, այսինքն՝ հայկական մնալու իրական երաշխիքն է, որ տանուլ է տվել Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա եկել ասում է՝ եթե ադրբեջանցի փախստականներն այսպես թե այնպես մի 20-30 տարի հետո վերադառնալու էին, ասենք, Շուշի, ի՞նչ տարբերություն՝ այդ քաղաքն Արցախի՞ իրավասության տակ էր լինելու, թե՞ Ադրբեջանի։ Հետո՞ ինչ, որ ազգովի հայտնի անեկդոտի հերոսի նման ասում ենք «հիմա տարբերությունը հանե՞մ աչքդ կոխեմ»։ Մարդուն ձեռք չի տալիս տարբերությունը տեսնել՝ չի տեսնում։ 

Վաղն էլ ասելու է՝ «առաջ գոնե փաստացի անկախ էր, հիմա ոչ փաստացի է անկախ, ոչ իրավաբանորեն, էլ որպես ի՞նչ ենք բյուջեից փող հատկացնում, էդ փողը թող կամ Ադրբեջանը տա, կամ Ռուսաստանը, Լաչինի միջանցքն էլ մեզ ընդհանրապես պետք չի, եթե բոլոր ճանապարհները բացվելու են՝ թող Կիրովաբադով-Ղազախով-բանով կապվեն Հայաստանի հետ»։ Ու նրա ուսապարկերը հրճվելու են, որովհետև «դե հիմա հայերն էլ թող ոչ թե 35 հազար քառակուսի կիլոմետրի վրա ապրեն, այլ 29 հազարի, այ քեզ բան, ի՞նչ եք խորացել՝ 3 հազար տարի հայեր են ապրել, մի էդքան տարի էլ Վանում ու Մուշում էին ապրում, հիմա դեպք ա՝ պատահել ա, զատո դուխով վարչապետ ունենք՝ աշխարհը չունի»։

Հայաստանում հիմա հենց սա է արմատավորվում հանրային գիտակցության մեջ, ու առայժմ հաջողվում է։ Թե մինչև երբ՝ ժամանակը ցույց կտա։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ