«Սա աննախադեպ դեպք է, մինչ սա մշտապես մեզ մոտ էր զոհեր և պատերազմ, ամբողջ աշխարհում խաղաղություն, իսկ հիմա առաջին անգամն է, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«ՉԻ»․ Եթե այս ամենում ինչ-որ աննախադեպ բան կա, ապա դա ՔՊ-ական պատգամավորի, մեղմ ասած, անհեթեթ գնահատականն է։ Ի՞նչ է նշանակում «մշտապես մեզ մոտ էր զոհեր և պատերազմ», եթե 1994-ին հաստատված հրադադարը համարյա քառորդ դար լավից-վատից պահպանվում էր, իսկ լայնամասշտաբ պատերազմը տեղի է ունեցել հենց նիկոլական իշխանությունների օրոք։ Ավելին՝ ինչ Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկ-պատուհասներով իշխանության է, Հայաստանն աչք չի բացում պարտություններից, տարածքային կորուստներից ու նվաստացումներից։ Եվ հիմա սեփական արկածախնդրության ավերակների վրա տրտինգ տվող այս անուղեղները փորձում են որպես իրենց փայլուն քաղաքականության արդյունք ներկայացնել այն, որ տեսեք՝ Իրանի վրա հարձակվում են, իսկ մեզ վրա չեն հարձակվում։
Ըստ երևույթին Վահագն Ալեքսանյանը չի լսել վայրենիների գերությունից փրկվածի մասին անեկդոտը, որին հարցնում են, թե իսկ իր հե՞տ ինչպես վարվեցին, սա էլ պատասխանում է՝ «ինձ կերան»։ Մեզ վրա հարձակվում են ի՞նչ անեն, եթե արդեն «կերել են»։