...

Ապագայի հարամված հույսը

Ապագայի հարամված հույսը

Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛ ապագա» կարգախոսի ներքո Հայաստանը դատարկվում է, ու սարսափելի է անգամ պատկերացնելը, թե ինչ ահագնացող չափերի կհասնի արտագաղթը, եթե սահմանները վերջնականապես բացվեն։ Ընդ որում՝ անկախության 30 տարիների ընթացքում արտագաղթ միշտ էլ եղել է, դրա տեմպերն ընդամենը արագացել կամ դանդաղել են, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, փաստացի ոչ թե արտագաղթ է, այլ էվակուացիա։ Ապագայի նկատմամբ հավատը մարդկանց մեջ սպանվել է վերջնականապես։ Եվ դա շատ հստակ բացատրություն ունի։

Բանն այն է, որ մինչև «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը» շատերը դեռ ինչ-որ հույսեր ունեին ու թունելի վերջում լույս էին տեսնում։ Առաջին՝ որովհետև մտածում էին, թե ղարաբաղյան հակամարտությունն այսպես թե այնպես հավերժ ձգձգվել չի կարող, և վաղ թե ուշ խաղաղություն է հաստատվելու, և երկրորդ՝ հույս կար, որ քաղաքական դաշտում սերնդափոխություն է լինելու, հին սերնդի կոռումպացված փողկապավորների ու կրիմինալի դաշինքին փոխարինելու են գալու «դրսերում» նորմալ կրթություն ստացած առաջադեմ երիտասարդները, և երկիրը զարգանալու է։ Նիկոլ Փաշինյանն այս երկու ակնկալիքներն էլ հողին հանձնեց։

Ղարաբաղյան խնդրի փոխզիջումային կարգավորման դեպքում, այո, վերջնական խաղաղություն գուցեև հնարավոր էր, բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ թե կարգավորել, այլ վերացնել ղարաբաղյան խնդիրը։ Եվ արդյունքում «անսպասելիորեն պարզվեց», որ դա խաղաղության չի բերելու։ Մարդիկ տեսնում են դա, հասկանում են, որ «խաղաղության դարաշրջանի» արդյունքում Հայաստանի սահմաններն ամենևին էլ ավելի անվտանգ չեն, թշնամին ավելի «բարեկիրթ ու կառուցողական» չի դարձել, փաստացի ամբողջ Հայաստանն է դարձել սահմանամերձ ու բնակության համար ավելի վտանգավոր, հասկանում են նաև, որ այսպես երկար շարունակվել չի կարող, վաղ թե ուշ դանակը հասնելու է ոսկորին, և ստիպված ենք լինելու զենքով պաշտպանել ապրելու մեր իրավունքը, այս անգամ՝ գուցե Սևանի կամ Երևանի մատույցներում։ Հասկանում են և արտագաղթում։ 

Նոր սերնդի հետ հույսեր կապելը նույնպես փուչ դուրս եկավ։ Քոչարյանի «բազեներին» ու Սերժ Սարգսյանի երիտհանրապետական «սաքուլիկներին» փոխարինելու եկան իբր դրսերում կրթություն ստացած ու անգլերեն լավ խոսող «ուսապարկերը», որոնք իրենց նախորդներից տարբերվում են ընդամենը այնքանով, որ նախկիններն իրենց շեֆերին ծառայություններ էին մատուցում «գողականով» ու արդյունքը վայելում մերձերևանյան «օբյեկտներում»՝ խորովածով-քյաբաբով-ծտերով-բանով, իսկ նորերն իրենց ծառայությունները մատուցում են «միջազգային չափորոշիչներին համահունչ», իրենց փայ բարբիքյուն ու ֆոնդյուն էլ վայելում են «քաղաքակիրթ աշխարհի տարբեր գողտրիկ անկյուններում»՝ առավելապես բյուջեի հաշվին։ Սրանցից մեկն էր, չէ՞, ասել «բա մենք հո էնտուզիաստնե՞ր չենք, որ ամիսը 600 հազար դրամով պետությանը ծառայենք»։ Մարդիկ էլ տեսնում են, որ քոչարյանասերժական իշխանության 60-ամյա «քյարթ» կոռուպցիոներների ու այս անհայրենիք ջահելների միջև ոչ մի տարբերություն չկա, որ Շմայսն ու շիշ բռնողն ընդամենը ազգանուններով են տարբեր, որ նոր իշխանությունների կազմում «յունիվերսիթի դիգրի» ունեցողներն ու «սեկտեմբեր» ասողները լավ էլ իրար լեզու հասկանում են, իսկ ընտրակեղծիքների «տասովչիկները» գրեթե ամբողջ կազմով ծառայում են նորերին, ու ի՞նչ պիտի անեն։ Բնականաբար՝ արտագաղթում են։

Որովհետև Նիկոլ Փաշինյանը կարողացավ անել ամենագլխավորը՝ վերջնականապես հարամեց և՛ խաղաղության գաղափարը, և՛ նոր սերնդի հետ հույսեր կապելու հեռանկարը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ