...

«Արևմտյան վեկտորից» թռնելու օպերացիան

«Արևմտյան վեկտորից» թռնելու օպերացիան

Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ Տեղ գյուղի միջադեպը ոչ թե պատահական սահմանային բախում էր, այլ ադրբեջանական կողմի նախապես պլանավորած սադրանք։ Որովհետև գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ կարելի էր կանխատեսել (և կանխատեսվել էր), որ վերջին ամիսների իրադարձությունների տրամաբանությունը որևէ այլ արդյունք ունենալ պարզապես չի կարող։ Թե ինչու՝ փորձենք հասկանալ։

Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումը կտրուկ բացասական ռեակցիա առաջացրեց և՛ Ռուսաստանում, և՛ Իրանում։ Ադրբեջանում, հասկանալի է, ձևացրեցին, թե իրենք նույնպես խիստ դժգոհ են, բայց վստահաբար՝ իրականում դա իրենց դիվանագիտական հաղթանակը համարեցին, որովհետև փաստորեն կարողացան Հայաստանին ստիպել կատարել այնպիսի քայլ, որն ավելի բարդացրեց և՛ հայ-ռուսական, և՛ հայ-իրանական հարաբերությունները։ Ընդ որում՝ խնդիրը միայն կոշտ հայտարարությունները չեն։ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումից հետո ռուսների համար ո՞րը պիտի լիներ իրադարձությունների զարգացման «իդեալական սցենարը»։ Ճիշտ է, սահմանային նոր էսկալացիան, որին եվրոպացիներն ուղղակի կհետևեին հեռադիտակներով, և այդպիսով ակնհայտ կդառնար, որ այդ առաքելությունը, որպես Հայաստանի անվտանգության երաշխիք, փուչիկ է։ Սրան ավելացնենք նաև այն, որ Ռուսաստանին մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ պետք չէ, բայց տևական խաղաղություն նույնպես պետք չէ, գերադասելի է, որ լարվածությունը պահպանվի՝ առանց մեծ պատերազմի վերածվելու։ Մեծ հաշվով՝ հենց դա էլ տեղի ունեցավ․ լարվածության նոր ալիք եղավ, որը մեծ պատերազմի չվերածվեց, ԵՄ դիտորդներն էլ ոչինչ չկարողացան անել։

Սա, իհարկե, չի նշանակում, թե ռուսներն էին հրահրել ադրբեջանցիներին, կամ վերջիններս իրենց սադրանքը նախապես համաձայնեցրել էին Ռուսաստանի հետ։ Դրա կարիքը չկար էլ, որովհետև Ադրբեջանում «առանց կողքից հուշելու» կարողանում են հաշվարկել տարածաշրջանային երկրների շահերն ու հավանական ռեակցիաները։ Արևմուտքի կոշտ արձագանքներից զգուշանալու պատճառ նույնպես չունեին՝ բավական էր ընդամենը «կեսբերան» հայտարարել, թե հայկական կողմն «իրանական անօդաչուներ է կիրառել», և վերջ։ Արևմտյան ո՞ր կառույցը մեր օգտին քայլեր կանի, եթե, ըստ համընդհանուր ընկալման, բախման կողմերից մեկն «իրանական անօդաչուներ կիրառող» ՀԱՊԿ անդամ երկիր է, մյուսը՝ Ուկրաինային օգնող, Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստող և «իրանական ագրեսիայից պաշտպանվելու նպատակով ռազմական աջակցության կարիք ունեցող» պետություն։ 

Հաշվարկե՞լ էին արդյոք այս ամենը Հայաստանի իշխանությունները։ Վստահաբար՝ այո, որովհետև կատարյալ ապուշ պիտի լինել՝ այս տարրական իրողությունները չհասկանալու համար։ Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանի հաշվարկի հիմքում կարող էր հենց այդ ծրագիրը լինել՝ թող եվրոպացիները գան, նոր ագրեսիայի դեպքում ոչինչ չանեն, որպեսզի ինքն այս անգամ ռուսների փոխարեն մեղադրի Արևմուտքին, այդ պատրվակով հրաժարվի «զարգացման արևմտյան վեկտորից», Հայաստանի «բելառուսացումը» կամ «թաթարստանացումն» էլ ներկայացնի որպես «Արևմուտքի դավաճանության» հետևանք, որի դեմ ինքը ոչինչ անել չէր կարող, հետևաբար՝ մեղավոր չէ։

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Իսկ կոնկրետ Տեղ գյուղի միջադեպի հրապարակված կադրերում ամենաահավորն այն էր, որ ադրբեջանցիները հանգիստ, առանց վախենալու մոտենում էին զինված հայ դիրքապահներին։ Մի քանի տարի առաջ նման բան երևակայել անգամ հնարավոր չէր, իսկ հիմա՝ ասես վստահ էին, որ հայերը կրակելու «դուխ չեն ունենա»։ Ոչինչ, մյուս անգամ չեն անի։ Ու սա այդ միջադեպի թերևս միակ լուսավոր կողմն էր։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ