...

Ավինյանի հեռացումն անհրաժեշտություն է

Ավինյանի հեռացումն անհրաժեշտություն է

Այլևս պոլիշինելի գաղտնիք չէ, որ կառավարությունում Լիդիանի շահերի լոբբինգն անում է փոխվարչապետ Ավինյանը: Ամենևին պատահական չէ, որ «Իմ քայլի» խմբակցության ձևավորման քասթինգին նրան ամենից շատ հետաքրքրել է, թե թեկնածուներն ինչ տրամադրություններ ունեն Ամուլսարի հանք դառնալու հեռանկարի վերաբերյալ: Լայն հասարակությանը և անգամ քաղաքական անցուդարձով հետաքրքրվող մարդկանց մինչև հեղափոխությունը Տիգրան Ավինյան անուն-ազգանունը ոչինչ չէր ասում: Առաջին անգամ նրա անունը հրապարակային հնչեցվեց, երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի ապրիլին հարցազրույց էր տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին և նրանց տեղեկացրեց, որ իր խոսնակ Ավինյանի միջոցով կարող են հարցերը փոխանցել: Եվ շատերը, անգամ լրագրողները դեմքով չէին ճանաչում Ավինյանին, որպեսզի կարողանային կազմակերպել իրենց կոմունիկացիան:

Այսինքն, ապագա փոխվարչապետը չուներ քաղաքական և հանրային անցած ճանապարհ: Շատերի համար զարմանալի էր, որ նա նշանակվեց փոխվարչապետ, ասենք՝ ի տարբերություն Արարատ Միրզոյանի: Հատկանշական էր, որ հանրապետականները պատճառաբանված և առանց հիմնավորումների քննադատում էին Փաշինյանի կադրային քաղաքականությունը՝ խնայելով Ավինյանին: Նրա հասցեին ոչ մի «թթու խոսք»: Հակառակ, կարելի էր հանդիպել այսպիսի վերնագրերի՝ «Փաշինյանի կառավարության միակ պրոֆեսիոնալը», «Միակը, որ հասկանում է տնտեսությունից» և այլն: Ընդամենը բանկում վարկային մասնագետ աշխատած փոխվարչապետն ի՞նչ հուժկու գիտելիքներ, փորձ և պատկերացումներ ուներ տնտեսության վերաբերյալ, գիտեին միայն Փաշինյանը և նախկին ռեժիմի կողմնակիցները:

Արդեն այսօր ակնհայտ է, որ հենց Ավինյանն է եղել Փաշինյանի հիմնական լոբբինգ անողներից մեկը, որ 2018-ի ամռանը պետք չէ լուծել Ամուլսարի հարցը:

Գաղտնիք չէ, որ նախկին իշխանության ամենամեծ արատները կոռուպցիան և հովանավորչությունն էին: Հենց դրա համար էր, որ Փաշինյանը բազմիցս կրկնում էր. «Ով էլ զբաղվի կոռուպցիայով, կպատժվի, եթե անգամ ընտանիքիս անդամը լինի»: Անցավ շատ քիչ ժամանակ և պարզվեց, որ փոխվարչապետ Ավինյանը Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացել է 35 հազար դոլար դրամաշնորհ չրանոց կառուցելու համար: Ընդգծենք, որ Ավինյանի «Իրիթգեյթ» ՍՊԸ-ն 46 մասնակիցների մեջ հաղթող է ճանաչվել, երբ արդեն Ավինյանը մի քանի ամիս էր, ինչ նշանակվել էր փոխվարչապետ:

Այս ամենին լրացուցիչ ինտրիգ հաղորդեց նաև այն հանգամանքը,  որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը քիչ անց ստացավ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը: 

Բոլոր արևմտյան ստանդարտներով սա կարելի է բնութագրել որպես հովանավորչություն, սակայն Ավինյանը ոչ միայն չլքեց պաշտոնը, այլ Արարատ Միրզոյանի ԱԺ տեղափոխվելուց հետո ստացավ ավելի լայն լիազորություններ: 

Վերջերս վարչապետը հաճախ է կրկնում, որ գործող կառավարությունը չի կարող մասնակից լինել որևէ կոռուպցիոն դրսևորման: Եթե Փաշինյանը մտադրված է ժողովրդի հետ երկար ճանապարհ անցնել, նրա գործն ու խոսքը իրար չպետք է հակասեն: Նա այդ ճանապարհին պարտավոր է դնել վստահության առաջին քարը: Ավինյանին հեռացնելը կարող է լինել հենց այդ քայլը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6150 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ