...

Բա որ խիյարը Լարս բուսնի՞

Բա որ խիյարը Լարս բուսնի՞

Ռուսաստանը կարծես թե որոշել է ոչ պաշտոնապես տնտեսական պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ՝ առայժմ ընդամենը խիստ սահմանափակելով հայկական արտադրության որոշ գյուղմթերքների ներկրումը Վերին Լարս անցակետով, բայց Հայաստանում արդեն սկսել են քննարկել, թե ի՞նչ տեղի կունենա, եթե «գործընթացը շարունակի խորանալ»։ 

Հասկանալի է, որ Ռուսաստանը միշտ էլ պատրվակներ կգտնի հայկական բեռների մուտքն արգելելու համար, անհրաժեշտության դեպքում հայկական գյուղմթերքներում ժանտախտի բացիլներ էլ կհայտնաբերվեն, կպարզվի, որ հայկական կոնյակը չի համապատասխանում ռուսական «բարմատուխա» ապրանքատեսակի համար սահմանված ստանդարտներին, գազամուղի վրա օրումեջ «պրոֆիլակտիկ վթարավերականգնողական աշխատանքներ կիրականացվեն» և այլն։ Մի խոսքով, ինչպես խորհրդային հայտնի ֆիլմի հերոսուհին է ասում, «եթե բնակիչները չհամաձայնվեն գնել վիճակախաղի տոմսերը՝ գազը կանջատենք»։ Այստեղ արտառոց ոչինչ չկա, Ռուսաստանը միշտ էլ այդպես է վարվել, ընդ որում՝ ոչ միայն մեր նկատմամբ։ Կոնկրետ մեր դեպքում ուղերձը, կարծում ենք, շատ հստակ է․ «եթե շարունակեք Արևմուտքի հետ «խաղեր տալ»՝ մենք ձեզ տնտեսապես կխեղդենք»։

Իսկ ի՞նչ է առաջարկում Արևմուտքը։ Այնտեղից հնչող ուղերձների իմաստը նույնպես հասկանալի է՝ «եթե ասել եք «ա», բարի եղեք ասել նաև «բ» և վերջնականապես կողմնորոշվել՝ մեզ հե՞տ եք, թե՞ ռուսների»։ Ընդ որում՝ Արևմուտքի հետ լինելը շատ կոնկրետ գին ունի, ու մեզ առաջարկվում է վճարել այդ գինը։ Այն է՝ համակերպվել հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքների ու դրանից հետո ստեղծված նոր իրողությունների հետ, այսինքն՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները, դառնալ «միջին միջանցքի» մաս ու անխոչընդոտ հաղորդակցության ուղիներ տրամադրել Թուրքիային ու Ադրբեջանին, հրաժարվել ռուսական էներգակիրներից ու դրանք ձեռք բերել, օրինակ, նույն Ադրբեջանից՝ միջազգային գներով (ինչո՞ւ պիտի եվրոպացի սպառողները ռուսական գազից հրաժարվեն ու կրկնակի թանկ վճարեն այլ աղբյուրներից ստացվող գազի համար, իսկ եվրոպացի դառնալ ցանկացող հայերը՝ ոչ), համակերպվել տնտեսական անխուսափելի ցնցումների հեռանկարի հետ (որովհետև ռուսական շուկան կորցնելուց հետո նոր շուկաներ գտնելը շատ բարդ ու ժամանակատար է լինելու, Ադրբեջանն էլ որպես խաղաղության պարտադիր պայման ռեպարացիաների հարց է բարձրացնելու), և այլն։ 

Հայաստանի իշխանությունները կարծես թե հակված են ընդունել Արևմուտքի առաջարկները, հանրային գիտակցության մեջ էլ անուղղակիորեն ներդրվում է այն գաղափարը, թե «ռուսներն է՛լ, իրենց էժան գազն է՛լ, արդեն զզվացրեցին, պետք լինի՝ սոված է՛լ կմնանք, փայտի վառարաններով է՛լ կտաքանանք, միայն թե թող ռադ լինեն մեր կյանքից»։ Սա, ինչ խոսք, զգացմունքային հարթությունում միանգամայն արդարացված դիրքորոշում է, առավել ևս՝ եթե որպես տնտեսական զրկանքներին դիմանալու փոխհատուցում հռչակվում է Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։ Այլ հարց է, որ զգացմունքային հարթությունից դուրս՝ իրական կյանքում, հետևանքները կարող են բոլորովին այլ լինել։ Պարզ ասած, ինչպես «Ղարաբաղը տանք՝ գուցե մեզ հանգիստ թողնեն»-ը չստացվեց (տվեցինք, բայց մեզ հանգիստ չթողեցին), այնպես էլ կարող է «ռուսական գազից ու շուկաներից հրաժարվենք, զրկանքներին դիմանանք, գուցե մեզ հանգիստ թողնեն»-ը չստացվել։ Որովհետև Ռուսաստանը մեզ ցավոտ հարվածներ հասցնելու ուրիշ լծակներ էլ ունի՝ Սյունիքի ուղղությամբ նոր ագրեսիա հրահրելը, Ռուսաստանում ապրող երկուսուկես միլիոն հայերը, Հայաստանում ապրող, բայց Մոսկվան իրենց մայրաքաղաքը համարողների միջոցով երկիրը ներսից պայթեցնելու պոտենցիալը և այլն, ու հերթով կամ միաժամանակ կարող է օգտագործել բոլոր այդ լծակները։

Եվ Հայաստանի որևէ իշխանություն մինչև «ա»-ն ասելուց հետո նաև «բ»-ն ասելը պարտավոր է հաշվարկել՝ կարողանալո՞ւ ենք դիմակայել բոլոր այդ հարվածներին ու արտասանել այբուբենի բոլոր տառերը, թե ոչ։ Եվ ամենակարևորը՝ հասարակությանն անկեղծորեն ներկայացնել այն վտանգները, որոնց միջով ստիպված ենք լինելու անցնել։ Միայն այդ դեպքում մեր ընտրությունը կլինի գիտակցված ու դրանով իսկ՝ արժեքավոր։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ