...

Բլից-վիրտուալ Խաչատուր Սուքիասյանի հետ

Բլից-վիրտուալ Խաչատուր Սուքիասյանի հետ

- Պրն Սուքիասյան, ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի իշխանությունները 30 տարի շարունակ երկիրը թալանել են․․․

- Դադարեցրեք, դադարեցրեք այդ հռետորաբանությունը։

- Չէ, ուղղակի ուզում էի հարցնել՝ այսինքն համարում եք, որ թալանը սկսվել է 1992-ից ու շարունակվում է մինչև հիմա՞։

- Բա իհարկե 1992-ից է սկսվել։ Անձամբ դեպքեր գիտեմ, որ, ասենք, Երևանի կենտրոնում ընդամենը 5 հազար դոլարով շենքեր են առել, մի ամբողջ թաղամասում ինչ կա-չկա՝ կոպեկներով սեփականաշնորհել են․․․ Բա բիզնե՞սը ոնց են ճնշել։ Գնում կազինոներում միլիոններ էին կրվում, հետո գալիս բարեխիղճ գործարարներին ասում էին «պարտքերս փակվի՝ գամ տոնավաճառիդ կարմիր ժապավենը կտրեմ», նրանք էլ ստիպված փակվում էին։ Երկիրը թալանում՝ արտասահմաններում բիզնեսներ էին առնում։ Մարդ գիտեմ՝ Դյուսելդորֆում ու Դուբայում ավելի շատ ունեցվածք ունի, քան Հայաստանում։ Բայց էդ որ ասում եք մինչև հիմա՝ սուտ է, հիմա չեն թալանում։ Հիմա հակառակը՝ թալանածը կոպեկ-կոպեկ հետ են բերում ու կոպեկներով վաճառում բարեխիղճ գործարարներին։

- Պրն Սուքիասյան, իսկ տարածաշրջանային զարգացումների մասին․․․

- Վերջ տվեք այդ հռետորաբանությանը։ Մենք բոլորս եղբայրներ ենք, չէ՞, մենք, վրացիները, ադրբեջանցիները, թուրքերը, բոլորս հազարավոր տարիներ իրար կողքի ենք ապրել, հիմա ի՞նչ, ինչքա՞ն ժամանակ պիտի պատերազմենք։ Պիտի մեկս մյուսին օգնելով զարգանանք։ Օրինակ, որ եղբայրներից մեկը չորս երեխա է ունենում, տանը նեղվածք է, էն մյուս եղբայրը չպիտի՞ օգնի։ Դե հիմա Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոնից ավել է, չեն տեղավորվում, մեր տարածքներն էլ ամայի-անբնակ են, մի քիչ չօգնե՞նք։ Իրենք էլ մեզ կօգնեն։ Էժան բենզին ա, բան ա․․․ Վերջապես կզարգանանք, կդառնանք բարեկեցիկ տարածաշրջան։

- Բայց Ձեր ասած եղբայրները կարծես թե չեն ուզում դա։

- Ինչպես իրավացիորեն նկատել է մեր նոր նախագահը՝ հետո՞ ինչ։ Ես ձեզ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պիտի, օրինակ, Սուրեն Պապիկյանի նման արժեքավոր կադրը ՏԻՄ ընտրությունների նման կարևոր հարցերը թողած՝ բանակի հարցերով զբաղվի։ Որ ի՞նչ։ Ինչո՞ւ պիտի հազարավոր ջահելներ, պիցցայանոցներն ու տոնավաճառները թողած, երկու տարի սարերում լինեն ու ոչ մի բան չսպառեն։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդքան պոտենցիալ հաճախորդները ոնց կնպաստեն տնտեսության զարգացմանը։

- Իսկ Արցա՞խը։

- Ղարաբաղը ի՞նչ։ Ղարաբաղին ամենաբարձր կարգավիճակը Հայաստանի այսօրվա կառավարությունն է տվել։ Փաշինյանն է, չէ՞, ասել «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ամենամեծ դրամական աջակցությունն էլ է այսօրվա կառավարությունը տվել։ Ո՞ր կառավարության օրոք է այս ծավալի ֆինանսական աջակցություն ցուցաբերվել զոհվածների ու վիրավորների ընտանիքներին, տեղահանվածներին․․․ 

- Լավ, իսկ անձամբ Դուք հավատո՞ւմ եք խաղաղության դարաշրջանի բացմանը։

- Բա իհարկե։ Հիմա դա ընբիլիվըբըլ բան է թվում, բայց սպասում եմ էս քանի օրը «Բջնի» գործարանը թալանչիներից խլեն ինձ տան, նոր հանքային ջուր արտադրեմ, անունը դնեմ «Խաղաղության դարաշրջան»։ Որպեսզի ՀՀ ամեն քաղաքացի գոնե մի քանի օրը մեկ իր ձեռքով «Խաղաղության դարաշրջան» բացի։ Դա էլ թող լինի իմ անշահախնդիր ներդրումը պետականության կայացման գործում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4798 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ