Հերթական անգամ Ալեն Սիմոնյանն իրեն ուղարկել է սուրճ բերելու։ Հենց ԱԺ բուֆետից էլ զանգում է նրան ու խոնարհ ձայնով հարցնում․ «Ալեն Ռոբերտովիչ, էսպրեսո չկա, ամերիկանո բերե՞մ»։ Պատասխանը լսելուց հետո հեռախոսն անջատում է, կիսաձայն փնթփնթում «համբալը դու ես, արա՛», ապա վերցնում սուրճը ու համարյա վազելով, բայց զգուշորեն գնում դեպի Ալենի կաբինետը։ Թիկնապահներն էլ երկու կողմերից ուղեկցում են, որպեսզի հանկարծ որևէ մեկը պատահաբար չդիպչի, ու սուրճը չթափվի։ Թե չէ անցած անգամ ինչի՞ նման էր՝ մի քանի կաթիլ թափվել էր, ու Ալենը քարտուղարուհու և թիկնապահների ներկայությամբ գոռգոռաց ու կտտացրեց գլխին․․․
Բայց կաբինետին չհասած՝ լրագրողները շրջապատում են ու սկսում հարցեր տալ։ «Ղարաբաղցիները չե՛ն կռվել, թողել-փախե՛լ են», գոռգոռում է ինքը ու փախչում-թաքնվում սեփական կաբինետում։ Այդ պահին թիկնապահներից մեկի գրպանում հեռախոսը զնգում է։ Սա նայում է էկրանին ու հեռախոսը մեկնում իրեն․ «շեֆ, Ս․ Փ․-ն ա զանգում, երևի Սիփան Փաշինյանն ա»։ «Ի՞նչ Սիփան, արա՛, Սաշիկին Փոխարինողն ա», բարկանում է ինքը, վերցնում հեռախոսն ու միանգամից ձայնը փոխում․ «ալո․․․ այո, իհարկե․․․ բայց ախր․․․ եթե ամեն ամիս 500 հաջողակ տղամարդու չափով աջակցեմ ձեր հիմնադրամին՝ ստիպված կլինեմ «Այրագած» տոնավաճառը վաճառել․․․ լավ, մի՛ բարկացեք, տիկին Աննա, կմտածեմ․․․»։
Հինգ րոպե չանցած՝ հարկայինի աշխատակիցները քացով ջարդում են կաբինետի դուռն ու շնորհքով ներխուժում։ Նրանց տեսնելուն պես ինքը սկսում է գոռգոռալ․ «ես պահի տակ հուզմունքից շփոթվել եմ, սխալ եմ ասել։ Ղարաբաղցիները լավ էլ կռվել են, բայց՝ ադրբեջանցիների կողմից, նրանց բոլորին պիտի ոչնչացնել, գետնին հավասարեցնել, ցանկալի է՝ «Եվրոասֆալտի» կատոկներով»։ «Այ դա ուրիշ բան», քմծիծաղ է տալիս հարկային տեսուչը, պայուսակից հանում կանացի պարիկ ու ծաղկավոր խալաթ ու շարունակում․ «հիմա ներս կմտնի «Չխոսկան․ am» կայքի լրագրողը, դու խալաթը կհագնես, պարիկը կդնես գլխիդ ու էդ նույնը կասես տեսախցիկի առաջ՝ որպես թոշակառու կին»։ «Բա հալալ չէ՞ր Սերժի վախտ, ոչ ուղարկում էին կոֆեի, ոչ գլխիդ կտտացնում էին, ոչ նորաձև կրթում էին, ոչ որտեղ բռնում՝ հետդ բարեգործաբար ընթրում էին, ոչ ստիպում էին տեսախցիկների առջև էշ-էշ դուրս տալ, ամիսը մի չամադան փող էիր տանում նախագահական, ու վերջ», քթի տակ փնթփնթում է ինքը, բայց նույն պահին զանգում է Ս․ Փ․-ն․ «էլ մի՛ փնթփնթա, ինչ ասում են՝ արա, եթե հաջող ստացվի՝ Հայաստանի ողջ տարածքում բոլոր ցուցանակները թուրքերեն դարձնելու տենդերը «SIL Translate» ընկերությանն ենք տալու»։ Ինքը սուսուփուս հագնում է խալաթն ու պարիկը քաշում գլխին․․․
Արթնանում է բարձր տրամադրությամբ։