...

«Բրիտանական նավերն» ու Ալիևի «ամնիստիան»

«Բրիտանական նավերն» ու Ալիևի «ամնիստիան»

Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ հասարակությունը երկու անգամ շոկի ենթարկվեց։ Առաջին անգամ՝ երբ Ալիևը Լաչինում հայտարարեց, թե Ղարաբաղի պետական ինստիտուտները պիտի լուծարվեն, ու դրանից հետո ինքը կորոշի՝ «համաներե՞լ» արցախահայությանը, թե՞ ոչ, և երկրորդ անգամ՝ երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունեց Ալիևի այդ «պատրաստակամությունը»։ Այդ կրկնակի շոկի հարուցած ներհասարակական դիսկուրսը, միանգամայն կանխատեսելիորեն, հիշեցրեց «Բարեկենդանը» հեքիաթի վերջաբանը՝ «մինչև էսօր էլ մարդը կնկանն է ասում «շաշ», կնիկը՝ մարդուն»։ Մարդկանց մի մասն ասում է «էս չի՞ ձեր Ամերիկան», մյուսն ասում է «յանըմ ձեր Ռուսաստա՞նն ինչ ա»։

Եվ այնուամենայնիվ՝ անհասկանալի է, թե որն էր շոկի պատճառը։ Կարծես թե բոլորի համար վաղուց հասկանալի պիտի լիներ, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, թե՛ մյուս ուժային բևեռներն առաջնորդվում են ոչ թե իրենց իսկ հռչակած «բարձր արժեքներով», այլ սեփական աշխարհաքաղաքական շահերով։ Իսկ կոնկրետ ԱՄՆ-ի դեպքում Արցախի ապագայի վերաբերյալ այդ շահերը շատ տեսանելի են։ Նրանք առանձնապես դեմ չեն լինի, որ Արցախում ընդհանրապես հայեր չապրեն, որովհետև դա անիմաստ կդարձնի այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը, բայց նաև չեն ցանկանա, որ Արցախի հայաթափումն իրականացվի կոշտ մեթոդներով (որովհետև դա հանդուրժելով՝ իրենք հրապարակավ մերժած կլինեն իրենց իսկ հռչակած «բարձր արժեքներն» ու այդպիսով իմիջային լրջագույն կորուստներ կունենան)։ Այս իմաստով Ալիևի ասած «ամնիստիան» ձեռնտու է ԱՄՆ-ին, որովհետև իրականում դա Արցախի էթնիկ զտումների և հայաթափման մեթոդ է, բայց՝ ամերիկյան պատկերացումներով, «համեմատաբար քաղաքակիրթ փաթեթավորմամբ», որովհետև միջազգային հանրությանը հնարավորություն կտա ձևացնել, թե իբր գործ ունեն ոչ թե էթնիկ զտումների, այլ «իրավական գործընթացի» հետ։

Բայց մեր հասարակությունը չի սիրում մեծ քաղաքականության հիմքում չոր-պրագմատիկ պետական շահեր տեսնել ու նույնիսկ մերժում է դա։ 90-ականներին, օրինակ, Հայաստանը կարողացավ շահերի համադրման հիման վրա պետական մակարդակով այնպիսի հարաբերություններ հաստատել ուժային բևեռների հետ, որ Ռուսաստանից զենք-զինամթերք էինք ստանում, իսկ ԱՄՆ-ը փաստացի պատժամիջոցներ էր սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ Բայց «ազգային քաղաքական միտքը» դա այնպես էր ներկայացնում, որ տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը, որպես պետություն, դրա հետ կապ չունի, պետական շահերը՝ նույնպես, պարզապես Ռուսաստանի հետ «լավ ենք», որովհետև կարողացել ենք մի քանի անգամ «Գրաչովին լավ պատիվ տալ», իսկ ԱՄՆ-ը մեզ հետ լավ է բացառապես տարբեր «յանձնախումբերի», «կառոյցների» և «գրասենեակների» շնորհիվ։ Այդ հարաբերությունները, ի դեպ, նույնպես կարևոր են, բայց դրանք կարևորողը հաստատ ոչ Վաշինգտոնում Լիլիթ Մակունցի նման դեսպան կնշանակեր, ոչ Մոսկվայում՝ Վաղարշակ Հարությունյանի։ Ինչևէ։

ՀՀ ԱԳՆ-ն, ի դեպ, մի քիչ նեղսրտել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի դիրքորոշումից ու նույնիսկ մի թեթև դժգոհեց։ Իսկ ինչո՞ւ մի թեթև։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքորոշումն Արցախի ապագայի վերաբերյալ մեկին մեկ համընկնում է ԱՄՆ Պետդեպի դիրքորոշմանը, ամոթ չլիներ՝ իրենք նույնպես կողջունեին։ Չէ՞ որ իրենք նույնպես ձեռքերը լվացել են Արցախից, ու միակ մտահոգությունն այն է, որ հայաթափումն իրականացվի «համեմատաբար քաղաքակիրթ փաթեթավորմամբ», իսկ «ամնիստիայի տարբերակը» արցախահայությանն անվտանգ էվակուացնելու հնարավորություն է թողնում։ 

Սա է, մնացածը դատարկաբանություններ են։ Ու եթե այդ «տարբերակի» հրապարակումից հետո Հայաստանի իշխանությունները շարունակում են բանակցությունները «խաղաղության օրակարգի» շուրջ, նշանակում է՝ պետք է «էվակուացնել» իշխանություններին ու ասպարեզ բերել նրանց, ովքեր հասկանում են ուժային կառույցների աշխարհաքաղաքական շահերն ու ի վիճակի են «խաղալ» ոչ թե դրանց հակադրությունների, այլ համադրման վրա։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ