Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ թեև Ադրբեջանը շարունակում է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման, բայց ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև նման պարտավորություն չի ստանձնել, և դա բացառապես Հայաստանի քաղաքացիների որոշելիք հարցն է և ներքին օրակարգի մաս է կազմում։
«ՉԻ»․ Արարատ (առայժմ) Միրզոյանը երևի մինչև հիմա չի հասկացել, որ ՀՀ-ն, այսինքն՝ Հայաստանը ներկայացնող իշխանությունները, նման պարտավորություն ստանձնել չէին էլ կարող, որովհետև դա իրականացնելու լիազորություններ չունեն․ սահմանադրությունը կարող է փոխել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։
Ի դեպ, Ադրբեջանի պահանջը հենց դա է՝ որ Հայաստանի քաղաքացինե՛րը փոխեն սահմանադրությունը։ Որպեսզի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկարողանան դա անվանել «նախկինների հանցավոր սխալ» ու չեղարկել այդ քայլը։ Այնպես որ՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելը «հերոսաբար» ներկայացնելով որպես բացառապես ՀՀ քաղաքացիների որոշելիք հարց, պրն Միրզոյանն անուղղակիորեն հենց Ադրբեջանի պահանջն է կատարում։