ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախաճաշի ընթացքում քննարկելու են Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները և այն, թե ինչով իրենք կարող են օգնել այդ հարցում։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանը գրանտի տեսքով աջակցություն է ստացել՝ «արտաքին վնասակար ազդեցությունների դեմ» պայքարի համար։
«ՉԻ»․ Եթե Եվրամիության նպատակը Հայաստանի նախընտրական մթնոլորտն ավելի քաղաքակիրթ դարձնելն է, ԵՄ-ն ճիշտ կաներ՝ առաջին հերթին գրանտներ տրամադրեր քրեակատարողական հիմնարկներում կենցաղային պայմանների բարելավման նպատակով, որովհետև շատ ընդդիմադիրներ արդեն իսկ այնտեղ են, և ակնհայտ է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ մյուսները նույնպես այնտեղ են հայտնվելու։ Իսկ եթե նպատակը «արտաքին վնասակար ազդեցությունների» դեմ պայքարն է, ապա Կայա Կալլասն առաջին հերթին պիտի չեղարկեր այդ նախաճաշը և ինքն իր նկատմամբ սանկցիաներ կիրառեր, որովհետև իր արածը հենց ուղիղ իմաստով «արտաքին վնասակար ազդեցություն» է։
Ամեն դեպքում, փաստն այն է, որ ԵՄ-ն միջամտում է Հայաստանի ներքին գործերին՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ հանկարծ ուրիշները միջամտեն, և առատորեն վճարում է դրա համար․ 15 մլն եվրո և ձրի «զավտրիկ»՝ Արարատ Միրզոյանի համար։