...

«Դասալիքների երկրում» ի՞նչ մահապարտներ

«Դասալիքների երկրում» ի՞նչ մահապարտներ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից փաստացի կրկնեց Ռոբերտ Քոչարյանի «ո՞վ է այն տղամարդը, որ․․․» հայտնի արտահայտությունը՝ մեկնաբանելով Աղվան Վարդանյանի այն խոսքերը, թե այս ռեժիմին վերջ տալու համար «100 տղամարդ մահապարտներ» են պետք, ու քմծիծաղը շուրթերին՝ հույս հայտնեց, որ «այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի»։ Պարզ ասած՝ «ձեզանից ի՞նչ տղամարդ, դուք բոլորդ դասալիքներ եք»։ Ավելի վաղ նույն միտքը վարչապետի տիկինն էր «գեներացրել»՝ խոսելով 11 հազար դասալիքների ու 500-600 հազար պոտենցիալ դասալիքների մասին, այսինքն՝ Հայաստանում ապրող և զենք կրելու ունակ բոլոր տղամարդկանց դասալիքներ էր անվանել։

Զուտ իրավական տեսանկյունից «100 տղամարդ մահապարտներով» իշխանափոխություն իրականացնելն իսկապես էլ անընդունելի է, առավել ևս, որ Աղվան Վարդանյանի՝ ընդհանուր առմամբ բավականին կոմիկական կերպարը դժվար է ասոցացվում «ամեն վայրկյան մեռնելու պատրաստ մահապարտների» կերպարի հետ։ Բայց խնդիրը շատ ավելի խորքային է։

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հանրահայտ «ո՞վ է այն տղամարդը, որ կպահանջի իմ հրաժարականը» նախադասությունն արտասանել է արդեն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ «մի խումբ ռոմանտիկներ» սպանել էին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին։ Մինչ այդ «ուչաստկովիի գործը» հաստատ նման բան չէր ասի, իսկ հետո՝ արդեն կարող էր, ու ժամանակն էլ ցույց տվեց, որ փաստորեն ճիշտ էր ասում․ այդ «պոտենցիալ տղամարդկանց» մի մասին պաշտոնով-փողով-բանով «իրենով արեց», մյուսներն էլ ոչինչ չկարողացան անել, ու ինքը հանգիստ տասը տարի «նախագա» աշխատելուց հետո շարունակեց «միակ տղամարդ» աշխատել արդեն աֆրիկաներում առյուծ-բան սպանելով։ Հարց է ծագում՝ իսկ Նիկոլ Փաշինյա՞նն ում կամ ինչն է սպանել, որ ճիշտ և ճիշտ Քոչարյանի նման դունչը ծռելով՝ կրկնում է նրա խոսքերը։

Նիկոլ Փաշինյանը մեր՝ երբևէ նորմալ երկիր ունենալու հույսն ու մարդկային արժանապատվությունն է սպանել։ Իսկ առանց հույսի ու արժանապատվության իշխանափոխություն չի լինում։ Հասկանո՞ւմ եք՝ մարդը ինչ է ասում։ Ասում է՝ դուք էն ժողովուրդն եք, որ ես ձեզ նվաստացուցիչ պարտության տարա՝ դուք էլի ձեր ձայներն ինձ տվեցիք, թշնամի երկրի ղեկավարն ինձ հրապարակավ «հարբած ծաղրածու» անվանեց, ու ես ձայն չհանեցի՝ դուք էլի ինձ ընտրեցիք, հիմա էդ ի՞նչ արժանապատվությունից եք խոսում, էդ ի՞նչ իշխանափոխությունից եք խոսում, ձեր էդ որակով ի՞նչ ապագայի մասին եք խոսում, ինչ կաք՝ է՛դ եք։ 

Ու մեր ժողովրդի նկատմամբ նրա այս վերաբերմունքը նոր չի ձևավորվել։ Շատ վաղուց էր գրել, որ վերջապես հասկացել է, թե 1915-ին ինչպես էին մի քանի թուրք ասկյարներ հազարավոր հայերի քշում անապատն ու կոտորում, և ոչ մի դիմադրություն չէր լինում։ Որովհետև, ասում էր, դիմադրության դեպքում առաջին մի քանիսը հաստատ կսպանվեին։ Հիմա ինքը ճիշտ նույն կերպ երկիրն ու ժողովրդին քշում է կոտորվելու, բայց դիմադրությունից չի վախենում, որովհետև դիմադրության առաջին ալիքում ովքեր էլ լինեն՝ իր պատկերացմամբ իսկապես «մահապարտներ» են լինելու ու լավագույն դեպքում բանտերում են հայտնվելու, և ինքը դրա անունը դնելու է «օրենքի դիկտատուրա»։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   872 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ