...

Դե, բարև ձեզ

Դե, բարև ձեզ

Մայր Աթոռն արձագանքել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց Եկեղեցու հասցեին. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»։

«ՉԻ». Այն, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում Հայոց Եկեղեցու հասցեին, լավ չի: Որ եկեղեցականների նկատմամբ կասկածելի վարքագիծ է դրսևորում, ավելի լավ չի: Որ Եկեղեցին շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, ամենալավն է:

Բայց, մի հարց տանք. Եկեղեցին ներքաղաքական գործընթացներում կա՞, թե՞ չկա: Այս ընտրություններին մասնակցո՞ւմ է, թե՞ չէ, միջամտո՞ւմ է, թե՞ չէ: Դատելով մեր սահմանադրությունից՝ ոնց որ թե՝ չէ: Այնտեղ կարծես գրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, չի խառնվում քաղաքականությանն ու էլի մի քանի նման թիթիզ բաներ:

Բայց ահա դատելով նրանից, որ Տավուշի թեմի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը հայտարարում է, թե Եկեղեցին հույս է կապում Քոչարյանի հետ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը ֆեյսբուքի իր էջում նյութեր է տարածում, որ Նիկոլի հանրահավաքները սակավամարդ են, կամ վարչական ռեսուրս է օգտագործում, ստացվում է, որ Եկեղեցին լավ էլ խառնվում է քաղաքականությանը, լավ էլ քաղաքական դիրքորոշումներ է հայտնում:

Դե բարև ձեզ: Եթե դուք ձեզ իրավունք եք վերապահում միջամտել քաղաքականությանը, քաղաքական տեսակետներ ու դիրքորոշումներ հայտնել, ապա քրիստոնեաբար հանդուրժեք այն փաստը, որ ՀՀ ցանկացած քաղաքացի էլ կարող է ձեր մասին կարծիք, դիրքորոշում հայտնել, վերաբերմունք արտահայտել: Եթե ձեզ կարելի է Քոչարյանի օգտին քարոզչություն կատարել, կամ Նիկոլի դեմ հակաքարոզչություն անել, Նիկոլն էլ իրավունք ունի ձեր վրա մուննաթ էլ գալ, բացասական կարծիք էլ հայտնել: Ի՞նչ է եղել. քաղաքական պրոցեսներ են: Դուք մասնակցում եք դրան, Նիկոլն էլ է մասնակցում, դուք կարծիք եք հայտնում, նա էլ: Հա, կարող է, կոռեկտ չի արտահայտվում: Բայց նույնքան կոռեկտ չէ խառնվել քաղաքականությանը, առավել ևս՝ հայտարարել, թե ում ընտրել, ում՝ չընտրել: 

Հ.Գ. Ինչ ուզում եք ասել, բայց հոկտեմբերի 27-ը սրանց շատ ամուր է սոսնձել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1048 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ