...

Դիմադրության շարժումը լվանում է ձեռքերը

Դիմադրության շարժումը լվանում է ձեռքերը

«Հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է» հանրահայտ ճշմարտությունը հավասարապես վերաբերում է նաև ներքաղաքական պայքարին։ Այն, որ Սերժ Սարգսյանն Իշխան Սաղաթելյանին անվանեց «ընդդիմության առաջնորդ»՝ վկայում է հենց այն մասին, որ դիմադրության շարժման նախաձեռնողներն ընդունում են իրենց պարտությունը կամ առնվազն ձախողումը։ Սերժ Սարգսյանն Իշխան Սաղաթելյանին լրջորեն էր նման կարգավիճակ տալիս, թե հեգնանքով՝ էական չէ, բայց այս իրավիճակը հիշեցնում է հայտնի անեկդոտը․ երկու հրեա ընկերներ ուշ ժամի զբոսնում են խուլ փողոցում, կողոպտիչները շրջապատում են նրանց ու պահանջում դատարկել գրպանները, ու այդ պահին ընկերներից մեկը դիմում է մյուսին՝ «լավ հիշեցրեցին, Աբրա՛մ, ես քեզ 500 դոլար էի պարտք, չէ՞, առ վերցրու»։

Իրականում դիմադրության շարժումն, իհարկե, միայն մասամբ է պարտվել։ Իշխանափոխությունն ընդդիմության ծրագիր-մաքսիմումն էր, և այդ իմաստով ձախողումն ակնհայտ է, բայց վստահաբար, կար նաև ծրագիր-մինիմում՝ Հայաստանի այսօրվա վիճակի համար պատասխանատվության սեփական բաժնից ձերբազատվելը, և դա դիմադրության շարժմանը հաջողվել է։ Սկզբում իշխանափոխությունն իրատեսական էր թվում՝ ապրիլի 23-ի տպավորիչ երթը, իսկապես զանգվածային և արդյունավետ փողոցային ակցիաները կարող էին ձնագնդի էֆեկտ ունենալ։ Այդ ժամանակահատվածում, եթե հիշում եք, ընդդիմության լիդերները շատ մեծ ուշադրություն էին դարձնում քարոզչությանը, ոչ մի «պատահական» կամ հասարակության մեջ բացասական էմոցիաներ առաջացնող մարդ չէր կարող հայտնվել պայքարի առաջնագծում, հարթակը շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ էր․․․ Բայց ըստ երևույթին ինչ-որ պահի լիդերների համար ակնհայտ դարձավ, որ ծրագիր-մաքսիմումը՝ իշխանափոխությունը, այնուամենայնիվ հնարավոր չէ, և պետք է կենտրոնանալ ծրագիր-մինիմումի վրա։ Դրա իմաստը հետևյալն էր՝ «այս իշխանությունները կործանում են երկիրը, մենք մեր բոլոր հնարավորություններն օգտագործեցինք՝ դա թույլ չտալու համար, բայց մենք ի՞նչ մեղավոր ենք, որ ժողովուրդը փողոց դուրս չեկավ, դե ի՞նչ արած, ձեր մեղքը՝ ձեր վիզը, մենք գոնե փորձեցինք, ու սրանից հետո էլ մեզ չմեղադրեք»։ Այդ պահից սկսած Քոչարյանը, Սերժը և մյուս «ծանրքաշայինները» առանձնապես չէին երևում, փոխարենը՝ հրապարակներում հայտնվեցին Քոչարյանի, Սաշիկի, Լիսկայի որդիներն ու էլի մի քանի օդիոզ դեմքեր։ Դա, իհարկե, մտածված էր արվում, որովհետև խնդիրն արդեն շարժումը մարման տանելն էր, ընդ որում՝ «ժողովուրդն է մեղավոր, որ չի ցանկանում գալ ու պայքարել այս թուրքերի դեմ» պատրվակով, իսկ ժողովրդի «չգալն» ապահովելու լավագույն ձևը հենց այդ հակահիգիենիկ օրգանիզմներին առաջին պլան մղելն էր։ Ամեն ինչ նախատեսվածի պես եղավ, ու հիմա ընդդիմության «ծանրքաշայինները» հանգիստ ամեն ինչ կբարդեն Իշխան Սաղաթելյանի վրա, մտքում մի լավ կհռհռան ու կամաց-կամաց կտեղափոխվեն արտասահման՝ թալանածն ապահով վայելելու։ Հնարավոր է՝ նույնիսկ հուշեր գրեն այն մասին, թե ինչպես իրենք փորձեցին փրկել հայրենիքը, բայց «անհայրենիք ու նյութապաշտ ժողովուրդն արժանապատվության փոխարեն գերադասեց վերցնել թուրքի մեկնած մի կտոր հացը»։

Նիկոլի իշխանությանն էլ է ձեռնտու այդ քարոզչությունը։ Չէ՞ որ ինքն իբր ամեն ինչ ժողովրդի կամքով և ժողովրդի անունից է անում, իսկ դիմադրության շարժման քարոզչությունը հենց այն մասին է, որ «ժողովուրդը պատրաստ է ցանկացած զիջման՝ հանուն մի կտոր հացի», այսինքն՝ ընդդիմությունը քարոզչական հող է պատրաստում այն քայլերի համար, որ մտադիր է իրականացնել Նիկոլի իշխանությունը։ Վերջինս էլ իր քարոզչությամբ ընդդիմության ծրագիր-մինիմումին է նպաստում՝ ոչ թե դիմադրության շարժման քաղաքական սնանկությունն է բացահայտում, այլ հավաքների սակավամարդությունը։

Չէ՞ որ նպատակը նույնն է՝ ամեն ինչի համար մեղադրել ժողովրդին։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ