...

Ելույթ գնդակահարության պատի տակ դրված ԱԺ ամբիոնից

Ելույթ գնդակահարության պատի տակ դրված ԱԺ ամբիոնից

Վերջին 30 տարում, իսկ ավելի կոնկրետ՝ 1992-ի մայիսի 18-ից ի վեր առաջին անգամ ՀՀ քաղաքացիներին թույլ չտվեցին մտնել Արցախ, և ակնհայտ է, որ սա միայն սկիզբն է՝ այսուհետ ռուս զինվորականներն են որոշելու, թե ով իրավունք ունի գնալ այնտեղ, և ով՝ ոչ։ Ու մինչ ՔՊ-ական հանրույթը, մտահոգվելու փոխարեն, «ղժժում էր» այդ խայտառակության վրա, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մի երկարաշունչ ելույթ ունեցավ։ Շեշտեց, ընդգծեց, տարակուսեց, հոխորտաց, մեղադրեց, խոստովանեց, հուզվեց․․․ Մի խոսքով՝ ինչպես միշտ։ 

Բայց ամենակարևորն, իհարկե, խոստովանությունն էր, որն ավելի շատ դատարանում մեղադրյալի արտասանած վերջին խոսք էր հիշեցնում։ Ինքը, հասկանում եք, դավաճանությունից ավելի վատ բան է արել՝ սխալվել է։ Չի հասկացել, չի համարձակվել, ինքն իրեն չի համոզել, չի գիտակցել, և արդյունքում ունեցել ենք կործանարար պատերազմ, խայտառակ պարտություն, 4 հազար զոհ, Արցախի մեծ մասի կորուստ․․․ Անկեղծ ասած՝ մի պահ թվաց, թե ուր որ է հրաժարականի մասին կհայտարարի, որովհետև մարդը եկել ու գլխիկոր խոստովանում է, որ պետության ղեկավարին հատուկ որակներ չի դրսևորել, ու արդյունքը եղել է աղետը։ Բայց՝ չէ։ Դրա փոխարեն խոստացավ, որ այլևս չի սխալվի։ Նրա ելույթի մեխն, ի դեպ, հենց այդ երկու նախադասություններն էին․ «սխալվել եմ, որ տարածքներ չեմ հանձնել», և «այսուհետ այդ սխալը չեմ կրկնի»։

Իսկ թե ինչպես է պատրաստվում «չկրկնել այդ սխալը»՝ ներկայացրեց բավականին հանգամանորեն և առանց էմոցիաների։ Հիմնական թեզերը սրանք էին։ Առաջին՝ ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մեզ զգուշացնում է, որ եթե մենք նույնպես չճանաչենք՝ Հայաստանի գոյությունը կվտանգվի, իսկ միջազգային հանրությունը մեզ ոչնչով չի օգնի (հետևաբար մենք նույնպես ճանաչում ենք, առավել ևս՝ որ 1992-ին արդեն ճանաչել ենք)։ Երկրորդ՝ մենք «ճկունություն ենք ցուցաբերում» և սահմանազատումից առաջ այլևս զորքերի հայելային հետքաշում չենք պահանջում (պարզ ասած՝ չենք պնդում, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից), որովհետև Ադրբեջանը կարող է դա օգտագործել բանակցությունները փակուղի մտցնելու նպատակով և նոր ագրեսիա սկսել մեր դեմ։ Երրորդ՝ մենք «փոքր-ինչ իջեցնում ենք Արցախի կարգավիճակի հարցում մեր պահանջների նշաձողը», որովհետև կարևորը ոչ թե կարգավիճակն է, այլ անվտանգության երաշխիքները (պարզ ասած՝ համաձայն ենք, որ Արցախը որևէ կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում)։ Չորրորդ՝ աշխարհում այնպիսի պետություն չկա, որն իր սահմաններից գոհ լինի, բայց մենք պիտի համակերպվենք, չնայած՝ պատրանքներ չպիտի ունենանք, որ Ադրբեջանն իր սահմաններից գոհ կլինի, կարող է և չհամաձայնվի ու ինչ-որ պատրվակով հարձակվի։

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն «իր սխալներից դասեր է քաղել»։ Առաջ բանակցություններն իր սեփական կետից էր սկսում, որովհետև չէր ցանկանում վերադարձնել տարածքները, քանի որ դրա դիմաց որևէ բան ստանալու երաշխիք չկար, իսկ հիմա պատրաստ է տալ ինչ ուզում են (թեև հիմա նույնպես դրա դիմաց որևէ բան ստանալու երաշխիքներ չկան)։ Համաձայնվեք՝ լուրջ առաջընթաց է։ «Առաջընթաց» էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ իր պահվածքն արդարացնելու համար վկայակոչեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, մեջբերեց նրանց հայտարարություններն ու հրապարակավ համաձայնվեց դրանց հետ։ Այսինքն՝ ըստ էության հիմնավորված համարեց նրանց «ոչմիթիզականությունը» և դրանով իսկ ընդունեց, որ այդ իմաստով ինքը նրանց հոգեզավակն է կամ անհաջող կրկնօրինակը։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ