Նոյեմբերի 5-ին ծառատունկ էր, որի առթիվ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին: Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը»:
«ՉԻ». Էս հեչ զարմանալու չէ: Տիգրան Ավինյանի անունը խցկում են որտեղ պատահի: Ասենք՝ Երևանը գործող քաղաքապետ ունի, ոնց որ թե նա ծառատունկի կազմակերպման թիվ մեկ պատասխանատուն է, զուտ էթիկայի ու արարողակարգի առումով ճիշտ կլիներ նրա անունն էլ տալ, բայց չէ, Տիգրան Ավինյան ասելիս, էլ Հրաչյա Սարգսյանն ո՞ւմ... լավ, չխորանանք:
Հասկացանք, Ավինյանն է դե ֆակտո Երևանի քաղաքապետը, բայց քանի թղթով ուրիշ մարդ է, մի քիչ դա էլ հաշվի առեք: Ավինյանը չի կորչի:
Չզարմանաք, եթե առաջիկայում նման բովանդակությամբ հաղորդագրություններ կարդաք. «Վարչապետը մեկնել է Սոչի, նրան ճանապարհողների թվում էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը», կամ՝ «Այսօր կառավարության նիստում քննարկվել է եկամտահարկի պարզեցման հարցը: Քննարկմանը մասնակցել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը»:
Զոռով աչքդ են մտցնում Ավինյանին: