Այսօր հրապարակվել են 2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդի հատվածից գերեվարված 62 շիրակցի հայ զինծառայողներից մի քանիսի (ովքեր արդեն վերադարձել են) ցուցմունքները:
«ՉԻ». Կամ սա երկրում տիրող բարդակ վիճակն է, կամ էլ՝ հատուկ և նպատակաուղղված քաղաքականություն է. իսպառ հեղինակազրկել բանակը, զինվորին, գերի ընկածներին և ընդհանրապես, տեղեկատվական նման արտահոսքերով հանրության ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր խնդիրներից, օրինակ՝ սահմանազատման գործընթացներից, հնարավոր ռազմական բախումներից, նոր տարածքային զիջումներից: 12 զինծառայողների ցուցմունքներում էլ նշված է, որ իրենց 62 հոգանոց խումբը հանձնվել է 6-7 ադրբեջանցիների:
Ակնհայտ է, չէ՞, որ զինվորների ցուցմունքները հրապարակվել են վերևների «դաբրոյով»: Նախաքննություն է ընթանում, այն էլ՝ նման գործով, որն առնչվում է պատերազմի ամենահայտնի ու տխուր դրվագներից մեկին, կարող էին ասել, որ գործի նյութերը պետական գաղտնիք են պարունակում, նրանց հրապարակումը կարող է պետության շահերին հարվածել և այլն: Բայց ոչ, դնում, հրապարակում են: Ինչի՞ համար:
Ուշադրություն դարձրեք. երկու օրվա մեջ երկու տեղեկատվական արտահոսք, որոնք վերաբերում են մեր գերիներին և նրանց հանձվելու հանգամանքներին: Սկսվեց Ալեն Սիմոնյանի տեսանյութով, հիմա էլ՝ Խծաբերդում գերեվարված զինվորների գործը: Մենք տարատեսակ դավադրապաշտական տեսությունների կողմնակից չենք, բայց սա պատահականություն համարելը դժվար է:
Հ.Գ. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ այսօր հայտարարում է, թե գերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ: Դե բարև ձեզ: