...

«Էրմենբաշիի ինստիտուտի» կայացման գիտափորձը

«Էրմենբաշիի ինստիտուտի» կայացման գիտափորձը

Հայաստանում ավտորիտար ռեժիմի հաստատման տեմպերը կտրուկ արագացել են։ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր անձնական իշխանությունը հաստատել առանց բացառության բոլոր ոլորտներում և դա անում է շատ արագ՝ բացահայտ ցինիզմով և միջոցների միջև խտրականություն չդնելով։ ՏԻՄ ընտրությունների արդյունքները «չորով» մի կողմ են շպրտվում դատաիրավական համակարգի, ոստիկանական տեռորի ու կրիմինալի համատեղ «գործիքակազմով», գործընթացում ներգրավված են նաև «հաճախորդ» քաղաքական կուսակցություններն ու իշխանական ֆեյքերը՝ իրենց մատնագրերով, Նիկոլ Փաշինյանը «չորով» իրենով է անում նաև օմբուդսմենի ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը և այլն, ու վերջը չի երևում։ Ավելին՝ դիմադրություն գրեթե չկա։ Միջազգային արձագանքներ՝ նույնպես։ Այնպիսի տպավորություն է, թե բոլորը լուռ հետևում են ինչ-որ գիտափորձի, որի նպատակն է՝ ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես կարող է համեմատաբար նորմալ երկիրն ինչ-որ մեկի հիվանդագին ամբիցիաների արդյունքում կարճ ժամանակում վերածվել Հյուսիսային Կորեայի, և հատկապես որ պահին մարդկանց համբերության բաժակը կլցվի։

Թե ինչու է անտարբեր պայմանական Արևմուտքը՝ կարելի է ենթադրել։ «Նա, իհարկե, շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը որևէ մեկը չի չեղարկել։ Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը կարողացել է պայմանական Արևմուտքին համոզել, որ իր նպատակը Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց պոկելն է, բայց դրա համար իրեն Հայաստանում միանձնյա և շատ ամուր իշխանություն է պետք, ու այնտեղ որոշել են չնկատել այդ իշխանության հաստատման այլանդակ մեթոդները։ Ճիշտ նույն պատճառով էլ, ի դեպ, ժամանակին նույն Արևմուտքը մատների արանքով էր նայում նախկին իշխանությունների քաղաքական հանցագործություններին (իբր՝ առանց երկրի ներսում քաղաքական հակառակորդներին ճզմելու նրանք չեն կարողանալու ղարաբաղյան հարցում զիջումների գնալ)։

Թե ինչու է անտարբեր Ռուսաստանը՝ նույնպես հասկանալի է։ Մարդու իրավունքները, ժողովրդավարական ազատությունները և նման կարգի այլ «թիթիզությունները» նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ավտորիտար ռեժիմ հաստատելու մոլուցքը նրանց նույնիսկ ձեռնտու է։ Որովհետև հետագայում, երբ պետք լինի այս կամ այն ձևով հեռացնել նրան, դա շատ ավելի հեշտ կլինի և հասարակության մեջ դժգոհության լուրջ ալիք չի բարձրացնի։ Ո՞վ պիտի դժգոհի, որ «փոքրիկ բռնապետիկն» այլևս իշխանություն չէ։

Նիկոլ Փաշինյանն ինքը շատ լավ հասկացել է սա ու հստակ հաշվարկել է, որ բացահայտ տեռորով սեփական իշխանությունն ամրապնդելու համար պահն իդեալական է։ Թե հետո ինչ կլինի՝ էական չէ, կարևորը՝ այս պահին կարող է առանց լուրջ խնդիրների չանթել հնարավոր ամեն ինչ։ Երկրի ներսում էլ բողոքի զանգվածային դրսևորումներից վախենալու պատճառ առայժմ չունի։ Ու խնդիրը միայն այն չէ, որ կարողացել է խորհրդարանական ընդդիմություն կարգել այն ուժերին, որոնց իշխանության տարիները մարդիկ լավ են հիշում, և որոնց լիդերներից յուրաքանչյուրի վրա ցանկացած պահի կարող է մի քանի տասնյակ քրեական գործեր բացել։ Խնդիրն այն է նաև, որ ոչ միայն այդ ուժերը, այլև իրենք իրենց սաստիկ հայրենասեր կամ ծայրահեղ լիբերալ հռչակողներն առանց «դրսից ազդակներ ստանալու» չեն կարողանա կամ չեն ցանկանա երկրի ներսում լուրջ գործողություններ սկսել։ Իսկ այդպիսի հրահանգ դրսի որևէ ուժային բևեռից այս պահին չկա։ Դրա համար էլ ընդամենը հերթապահ ակցիաներ են անում՝ իրենց մասին հիշեցնելու և «լավ մարզավիճակում մնալու» համար։

Իսկ այդ ընթացքում Հայաստանում քայլ առ քայլ հաստատվում է «Էրմենբաշիի ինստիտուտը»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3993 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ