...

Էս խելքով էլ երկիր են փրկում

Էս խելքով էլ երկիր են փրկում

Հայաստանում երկու օրվա ընթացքում երկու տարբեր միջոցառումներ տեղի ունեցան։ Մեկը՝ ի պաշտպանություն Ռուսաստանի, մյուսը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Եվ իզուր են շատերը տարակուսում, որ ի պաշտպանություն Արցախի ոչ մի նման միջոցառում չի կազմակերպվել։ Տարակուսելու բան չկա, «մեջը փող չի եղել»՝ չի կազմակերպվել։ Չնայած՝ այդ ակցիաների մասնակիցներին եթե հարցնես, կասեն, որ իրականում իրենք հենց հանուն Ղարաբաղի են անում ամեն ինչ։ Մի խումբն, իբր, ուզում է ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի մաս է և նույնպիսի բարբարոսությունների է ենթարկվել, որոնց այսօր Ուկրաինան է ենթարկվում, հետևաբար՝ քաղաքակիրթ աշխարհը նույն համախմբվածությամբ պիտի կանգնի մեր թիկունքին։ Մյուս խումբն էլ ուզում է ցույց տալ, որ Հայաստանը «ռուսական աշխարհի» մաս է և շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանին, մինչդեռ «էն կեղտոտ ադրբեջանցիներն ու թուրքերը» թիկունքից հարվածում են, հետևաբար՝ Ռուսաստանը ճիշտ կանի «այս իրավիճակից դասեր քաղի» ու մի երկու թաթալոշ էլ Ադրբեջանին տա՝ հընթացս գրավելով ու մեզ վերադարձնելով առնվազն Հադրութն ու Շուշին։

Ահա այսպես 25 տարի շարունակ ղարաբաղյան խնդիրը սեփական կարողությունների սահմաններում կարգավորելու հնարավորությունն արհամարհած «հասարակական-քաղաքական դաշտը» հիմա երկու մասի է բաժանվել ու կենաց-մահու լեզվակռիվ է տալիս այն հարցի շուրջ, թե ո՞ւմ միջոցով պիտի լուծվի մեր խնդիրը։ Ու որևէ մեկին չի հետաքրքրում, որ դա բացարձակապես անիմաստ լեզվակռիվ է, որովհետև ի սկզբանե երկուսն էլ սխալ են։ «Արևմուտքի դաշնակիցը դառնալը» հնարավոր պատերազմի դեպքում մեզ չի օգնելու խուսափել Ուկրաինայի ճակատագրից, անկախությունից հրաժարվելն ու միութենական պետության մեջ մտնելն էլ չի օգնելու վերադարձնել Արցախը։ 70 տարի շարունակ «միութենական պետությունում» էինք, ո՞ր հանրապետության կազմում էր Ղարաբաղը, կամ քանի՞ հայ էր մնացել Նախիջևանում (ի դեպ, ռուս-թուրքական հարաբերությունները լավագույնս բնութագրել է Չարենցը՝ ընդամենը երկու տողով․ «Լենին եստ-Ալի խարոշ, Լենին յոխ-Ալի պլոխ»

Ամեն դեպքում՝ «հասարակական-քաղաքական դաշտի» դեգրադացիան Հայաստանում երբևէ այսպիսի մասշտաբների չէր հասել։ Խոսքը նույնիսկ այն մասին չէ, որ, ասենք, ջահել, սիրուն, մազերը «չոլկա արած» լրագրող-աղջնակը «վերլուծում է» ղարաբաղյան հարցը, առաջին նախագահի ու նրա թիմի քաղաքականությունը և այլն ու վերջում էլ գրում «այդ մարդիկ այդպես էլ չեն հասկացել, որ․․․»։ Կապ չունի, թե հետո ինչ է գրում, փաստն այն է, որ ջահել աղջիկն ինքն իրեն «հասկացող» է համարում, իսկ մի ամբողջ քաղաքական թիմի՝ անհասկացող, հանրային միտքն էլ նրա «վերլուծություններով» է սնուցվում։ Բայց ավելի ահավոր է, երբ մի ամբողջ նախկին վարչապետ հայտարարում է, թե Հադրութն ու Շուշին վերադարձնելու հավանականությունը 100 տոկոսից ավելի է (սա ասում է տնտեսագետը, որը, ենթադրաբար, պիտի գլուխ հաներ տոկոսներից), հաջորդ օրն էլ արդեն ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե Ադրբեջանի հարձակման հավանականությունը 50 տոկոսից բարձր է։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն՝ առանց պատերազմի Հադրութն ու Շուշին հետ բերելու հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է, քան Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրումը։ ԱԺ դահլիճում հավաքվածներն էլ ծիծաղելու փոխարեն ծափահարում են։ Ու այս որակի «քննարկումներով» էլ պատրաստվում են փրկել երկիրը։ Այ սա՛ է դեգրադացիան։

Հ․Գ․ Իշխող քաղաքական ուժին չենք անդրադառնում ոչ թե այն պատճառով, որ նրանք դուրս են մնացել համընդհանուր դեգրադացիայի «գործընթացից», այլ որովհետև այս որակի իշխանության առկայությունն ինքնին հանրային դեգրադացիայի արդյունք է։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2913 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ