...

Եթե լրատվամիջոցին նորմալ չեն պատասխանում, շարքային քաղաքացինե՞րն ինչ ասեն

Եթե լրատվամիջոցին նորմալ չեն պատասխանում, շարքային քաղաքացինե՞րն ինչ ասեն

Մեր խմբագրություն են դիմել ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներ Աշոտ և Արեգնազ Ղարիբյանները՝ նշելով, որ երկու տարուց ավելի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից չեն կարողանում ստանալ իրենց ստաժի վերաբերյալ գրավոր հարցման պատասխանը:

Փորձեցինք խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալ նախարարությանն առընթեր Միասնական սոցիալական ծառայությունից: Ծառայության Կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետ Նոնա Սարգսյանը վերջապես պատասխանեց մեր բազմաթիվ զանգերից մեկին: Խոստացավ գործին ընթացք տալ, սակայն ոչինչ չարեց: Մի քանի օր անդադար փորձելուց հետո վերջապես հաջողվեց կրկին կապ հաստատել Ն․ Սարգսյանի հետ: Նա փորձեց արդարանալ՝ իբր աշխատակիցը փոխվել է, ծանոթ չէ տվյալ գործին, կհանձնարարի, որ ուղարկեն: Որոշ ժամանակ անց նորից հաջողվեց կապվել նրա հետ։ Նա նույն խոստումը կրկնեց գրեթե նույն բառերով՝ որ անպայման կուղարկեն տեղեկանքները: Բայց քանի որ փաստաթղթերն այդպես էլ տեղ չէին հասնում, նորից դիմեցինք Ն. Սարգսյանին: Մեր բազմաթիվ զանգերից հետո նա վերջապես պատասխանեց և խոստացավ, որ անպայման կֆիքսի մեր հեռախոսահամարը, և փաստաթղթերն ուղարկելուց հետո անձամբ կտեղեկացնի: 

Նոնա Սարգսյանի հետ մեր վերջին հեռախոսազրույցից անցել է մեկ տարի: Այս քաշքշուկային պատմության մասին տեղյակ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը: Ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար պետք է ասենք, որ նա պատրաստակամորեն խոստացավ հետևողական լինել և որոշ պարզաբանումներ տվեց, որոնք կարող էին օգտակար լինել մեր համերկրացիներին, եթե․․․ Նա 2022 թ. հոկտեմբեր ամսին հայտնեց, որ քաղաքացի Աշոտ Ղարիբյանին տրվող տեղեկանքը գտնվում է Նախարարությունից ուղարկվող առաքանիի մեջ։ Այդ օրվանից անցել է ևս 7 ամիս, բայց քաղաքացին դեռևս պատասխանը չի ստացել: 

Տևական ժամանակ փորձում էինք Կառավարության հերթական նիստի օրերին հանդիպել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ գոնե նրա միջոցով անլուծելի թվացող և երեք տարի չարչրկվող այս թնջուկը լուծելու համար, սակայն գրեթե բոլոր նախարարներին տեսնել լինում է, իսկ նրան՝ ոչ: Թերևս միայն իրեն ու մի քանի արտոնյալի է հայտնի գաղտնի ելումուտի ճանապարհը: Ելնելով լրագրողական էթիկայի կանոններից՝ գրավոր հարցում ենք ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված Միասնական սոցիալական ծառայության անպատասխանատու աշխատելաոճը և տրվող ապատեղեկատվությունը: Մեր հարցին պատասխանել էին նախարարի մամուլի խոսնակի մակարդակով և․․․ «Ինչո՞ւ երեք տարի անց էլ ՌԴ-ում բնակվող մեր համերկրացիների դիմումներին ժամանակին ու հստակ պատասխան չի տրվել» հարցի պարզաբանման փոխարեն ընդամենը հղում էր արվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին: Ի դեպ, թե՛ Կառավարության նիստերին, թե՛ հանրությանն իրազեկելիս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վարդագույն լույսի ներքո է ներկայացնում նախարարության կողմից կատարվող աշխատանքները, քաղաքացիների հանդեպ իբր պատասխանատու ու բարեխիղճ վերաբերմունքը: Մինչդեռ կարելի էր շատ չխոսել, բայց գործ անել, էլի՝ հանուն քաղաքացիների:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   30030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ